Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ են հետեւել նաեւ ընդդիմության երեկվա հանրահավաքին


Երեկվա հանրահավաքից ու երթից հետո ընդդիմության աջակիցների ձերբակալությունները շարունակվել են: Հնարավոր չէ ճշտել, թե քանի մարդու են ոստիկանության բաժանմունքներ տարել. ոստիկանությունում լռում են, իսկ արդարադատության նախարարությունը տրամադրում է միայն այն մարդկանց ցուցակը, ում դատարաններն արդեն ենթարկել են վարչական պատասխանատվության:

Պաշտոնական վերջին տվյալներով, լսվել է 158 գործ: 69 դեպքում կիրառվել է տուգանել, իսկ 86 մարդ դատապարտվել են կալանքի: Նրանցից 31-ը նախկինում հանցագործություն կատարած մարդիկ են: Մերժվել է երեք գործ:

ՀԺԿ-ի շտաբում հավաքված տվյաներով, այսօր առնվազն 20 մարդ է ձերբակալվել: Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ձերբակալվում են իրենց ակտիվիստները, «Հանրապետութուն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանի խոսքերով, իրավապահները ամբողջ գիշերը հերթապահել են կուսակցության քաղխորհրդի անդամ Հայրապետ Մարգարյանի տան մոտ: Բազեյանի կարծիքով, ձերբակալվում են այն մարդիկ, ովքեր «կարող են կանխել ընտրակեղծիք իրականացնողներին եւ պայքարել են ընտրակեղծիքների դեմ»:

Արմավիրում Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբներից մեկի ղեկավար Ազատ Գրիգորյանի կինը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ արդեն մի քանի օր փնտրում ու չի կարողանում գտնել իր ամուսնուն, ում փետրվարի 22-ին տարել են «ինչ-որ անձինք»: Վերջիններս չեն ներկայացել, ներխուժել են տուն եւ բռնի ուժով տարել Լուսինե Գրիգորյանի ամուսնուն: «Տարել են ընդամենը կես ժամով՝ ասելով, թե պետը զրուցել է ուզում», - ասաց նա: - «6-րդ օրն է ես չգիտեմ նրա տեղը»:

Նույն Արմավիրից Մարինե Հարությունյանը նույնպես փնտրում է իր ամուսնուն՝ Կառլոս Հարությունյանին: Վերջինս ՀԺԿ-ի տարածքային կազմակերպության քարտուղարն է, նաեւ Ստեփան Դեմիրճյանի շտաբներից մեկի ղեկավարը:

«22-ի առավոտյան իրեն տարել են կես ժամով՝ հարցազրույցի պետի հետ, եւ մինչեւ այսօր ես իր տեղը չգիտեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տիկին Հարությունյանը:

Արմավիրի Հացիկ գյուղի ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամ Գոռ Մարտիրոսյանը, ով այդ հանձնաժողովում ներկայացնում է «Ազգային միաբանություն» կուսակցությունը եւ փետրվարի 19-ին պայքարել է ընտրակեղծիքների դեմ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ արդեն 6 օր տանը չի գիշերել, որպեսզի խուսափի ձերբակալությունից:

Կալանավորվածների ազգականները իրավական օգնություն ստանալու համար դիմում են Հայ փաստաբանների միջազգային միություն:
Միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի խոսքերով, եզակի դեպքեր են եղել, երբ փաստաբանները մասնակցել են դատավարություններին: Նրա ներկայացմամբ, շատ գործեր են հավաքվել: Իրենք փորձում են դատարաններից ստանալ արդեն կայացված որոշումները, ինչը մասամբ է հաջողվում, փորձում են դատախազության միջոցով բողոքարկել այդ որոշումները: Փորձում են նաեւ մեկուսարաններում հանդիպել կալանավորվածներին, բայց դեռ ոչինչ չի ստացվում:

Ընդդիմության շտաբում բողոքում են, թե իրավապահ մարմինները կալանավորվածների ցուցակները իրենց չեն տրամադրում:
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանի խոսքերով, սակայն, իրենց լիազորությունների շրջանակներում պատրաստ են աջակցել, որպեսզի մարդիկ տեղեկանան, թե որտեղ են իրենց հարազատները:

Երեկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը Հայաստանի ղեկավարներին կոչ է արել անհապաղ ազատ արձակել առաջին փուլի քվեարկությունից հետո ձերբակալված ընդդիմության ակտիվիստներին: Իրավապահ մարմիների աշխատակիցները ոչ պաշտոնապես, մասնավոր զրույցում «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե դատարանի որոշումներով արդեն վարչական կալանքի ենթարկվածները չեն կարող ազատ արձակվել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG