Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Խախտումներով եկած իշխանությունը Հայաստանում երկար չի կարող իշխել»


«Ընտրությունների երկրորդ փուլի գնալու պատասխանատու որոշումը պետք է Ստեփան Դեմիրճյանը կայացնի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդի համեմատաբար նոր թիմակից, Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը՝ փոխանցելով իր կարծիքը. - «Ես կարծում եմ, որ պետք է մտնել երկրորդ փուլ եւ հաղթել»:

Հարցին, թե Ստեփան Դեմիրճյանի կողմնակից ուժերը արդյո՞ք քննարկում են այն հնարավորությունը, որ եթե Ստեփան Դեմիրճյանը պաշտոնապես հրաժարվի երկրորդ փուլին մասնակցելուց, գործող նախագահ եւ թեկնածու Ռոբերտ Քոչարյանի մրցակիցը կլինի առավել ձայներ ստացած հաջորդ թեկնածուն՝ Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. - «Չէ, մենք այդպիսի հարց չենք քննարկել, բայց Գեղամյան Արտաշեսը ինքը հայտարարել է, որ առաջին փուլը անվավեր է ճանաչում»:

«Հոգեբանորեն, իհարկե, բավականին դժվար է, երբ քո մարդկանցից ձերբակալել են, ու դու դիմացինի հետ գնաս բանավեճի», - անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի հնարավոր քաղաքական բանավեճին, ասաց Մանուկյանը: - «Բայց, ես գտնում եմ, որ պարտադիր ձեւով պետք է գնալ այդ բանավեճին, եւ դրա ժամանակ ամբողջ ժողովուրդը պետք է համոզվի, թե ում է տեսնում որպես երկրի ապագա լիդեր»:

ԱԺՄ առաջնորդի բնորոշմամբ՝ հիմա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար: Նրա խոսքերով, դա գալիս է նրանից, որ «Քոբերտ Քոչարյանը ամեն գնով աշխատում է պահել իր իշխանությունը՝ երբեմն մանրանալով այն աստիճանի, որ մարդու զարմանքն է գալիս»:

«Ես կցանկանայի, որ մենք մտնեինք երկրորդ փուլ եւ հաղթեինք Ռոբերտ Քոչարյանին, եւ երկիրը ավելի ազատ կշնչեր դրանից հետո», - ասաց Վազգեն Մանուկյանը:

Հարցին՝ եթե երկրորդ փուլի քվեարկությունից հետո էլ մրցակիցների թիմերը պնդեն, որ իրենց թեկնածուն է հաղթել, բախումները հնարավո՞ր են, Մանուկյանը պատասխանեց, թե ինքը հնարավոր ամեն բան կանի դրանցից խուսափելու համար: «Ես գիտեմ, որ Ստեփան Դեմիրճյանն էլ շատ զուսպ է այդ հարցերում», - ավելացրեց նա:

Մանուկյանի խոսերով, եթե երկրորդ փուլում էլ խախտումներ տեղի ունենան, ընդդիմադիրները, անշուշտ, կբողոքեն: «Բայց միեւնույն է, խախտումներով եկած իշխանությունը Հայաստանում երկար չի կարող իշխել». - ավելացրեց նա:

«Շատ բան կախված է նրանից, թե քաղաքական ինչ հայտարարություններ կանի Ստեփան Դեմիրճյանը», - ի պատասխան Դեմիրճյանի հաղթանակի դեպքում իր կանխատեսումներին վերաբերող հարցին, ասաց Մանուկյանը՝ շարունակելով. - «Նա պետք է ներկայացնի ժողովրդին, թե մոտակա երկու տարիներին ոչ միայն տնտեսական, այլեւ համակարգային ինչ փոփոխություններ են լինելու կառավարության կազմի տեսակետից, Ազգային ժողովի ընտրությունների տեսակետից»:

«Ստեփան Դեմիրճյանը, իհարկե, բարոյական պարտավորություններ ունի այն կուսակցությունների եւ այն անձերի նկատմամբ, ովքեր իրեն օգնել են: Բայց՝ զուտ բարոյական», - հաղթանակի դեպքում նոր կառավարության կազմին վերաբերող հարցին պատասխանեց Վազգեն Մանուկյանը: - «Ավելի մեծ պարտավորություն ինքը ունի պետության եւ ժողովրդի առջեւ»:

Նրա խոսքերով, նախագահական ընտրապայքարը առաջին փուլում ավարտվեց նրանով, որ առաջ մղվեցին երկու ուղղություն (Քոչարյան եւ Դեմիրճյան): «Ո'չ մեկի եւ ո'չ էլ մյուսի հստակ ծրագրերը կամ գործունեությունը չեմ կարող ասել, թե համընկնում է իմ մտածածի հետ», - շարունակեց նա: -«Բայց այս իրավիճակը ինձ թույլ է տալիս ասել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության մնալը, հաշվի առնելով այն «փչացումը», որ տեղի ունեցավ ընտրությունների ժամանակ, ես համարում եմ անընդունելի»:

Հարցին՝ եթե համոզված չլիներ ընտրակեղծիքների մեջ, կմիանա՞ր Ստեփան Դեմիրճյանին, Մանուկյանը պատասխանեց. - «Կարող էի ոչ մեկին չմիանալ»:

«Այդ նախադասությունը, որ ասվում էր եւ որին ես դեմ միշտ խոսել եմ՝ «Ով ուզում է լինի, միայն Ռոբերտ Քոչարյանը չլինի», ես գտնում եմ, որ դա վտանգավոր նախադասություն է, որովհետեւ դրանում չի երեւում մտահոգություն երկրի ապագայի նկատմամբ: Բայց, կարծես թե, այդ ուղղությամբ է գնում ամեն ինչը, եւ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ կարծես թե ապացուցի, որ այդ նախադասության մեջ իմաստ կա»:

Թեեւ ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե մինչեւ մարտի 5-ը հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կարող են լինել, Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբը, այդուհանդերձ, մասնակցում է երեկվանից սկսված պաշտոնական քարոզարշավին: Ընդդիմադիր թեկնածուի ներկայացուցիչները մասնակցում են հեռուստաբանավեճերի, քարոզարշավի համար հատկացված ժամերին հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով տարբեր հոլովակներ են հեռարձակվում, որոնք, Ռուզան Խաչատրյանի մեկնաբանությամբ, ոչ այնքան գովազդային, որքան տեղեկատվական նշանակություն ունեն:

Մարտի 1-ին եւ 2-ին թեկնածուն ու նրան սատարող քաղաքական ուժերը օրվա առաջին կեսին ընտրողների հետ հանդիպումներ կանցկացնեն Գյումրիում եւ Վանաձորում, իսկ ժամը 16-ին՝ Երեւանում:


Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG