Մատչելիության հղումներ

Գեղամյանի կուսակցությունը դիմում է Սահմանադրական դատարան


Հինգշաբթի օրը «Ազգային միաբանություն» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները՝ բոլոր արդյունքներով եւ հետեւանքներով: Սա նշանակում է, որ Արտաշես Գեղամյանի կուսակցությունը պահանջում է անվավեր ճանաչել նաեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքով այս կարգի դիմումները քննվում են մեկամսյա ժամկետում, մինչդեռ երկրորդ փուլի քվեարկության մնացել է ընդամենը 5 օր: «Ցավոք սրտի, մեր օրենսդրությունը այդ խնդիրներն այսպես չի կարգավորել, որպեսզի իրոք տեղի ունենա օրենքի գերակայություն, եւ արդարությունը հաղթանակի», - այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի պատգամավոր Աղասի Արշակյանը:

Փաստարկին, թե երկրորդ փուլից հետո ժամանակավրեպ կարող է դիտվել անվավերություն պահանջը, Արտաշես Գեղամյանի կողմնակիցները չհամաձայնեցին՝ ասելով, թե դա կարեւոր քայլ կլինի մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին:

Սահմանադրական դատարանից Գեղամյանի կողմակիցները իրենց հայցի բավարարում գրեթե չեն ակնկալում, քանի որ, Աղասի Արշակյանի խոսքերով, երկրորդ փուլի ցանկացած արդյունքից հետո Սահմանադրական դատարանը «կաշկանդված կլինի», այդուհանդերձ համարում են, որ դատական այս վեճից կմնա այն, որ մեկ անգամ եւս կհրապարակվեն այն խախտումները, որոնք ի մի է բերել «Ազգային միաբանություն» կուսակցությունը:

«Դա հետագայում կզսպի թե գործող եւ թե եկող իշխանություններին», - ասաց Աղասի Արշակյանը: - «Դա կկաշկանդի հետագա կեղծիքները եւ մարդկանց ավելի զուսպ կդարձնի իրենց նկրտումներում»:

Սահմանադրական դատարանին դիմելը մեկ անգամ եւս փաստում է, որ առաջիկա 5 օրերի ընթացքում «Ազգային միաբանություն»-ը այլեւս հանդես չի գա երկրորդ փուլում հայտնված թեկնածուներից որեւէ մեկի օգտին իր ընտրազանգվածին կողմնորոշելու հայտարարությամբ:

«Հատուկ դիմումով մեր ընտրողին չենք դիմելու, թեեւ կարծում ենք, որ մեր ընտրողները մի զգալի մասը, այնուամենայնիվ այնքան չարացած է գործող նախագահի եւ իշխանությունների վրա, որ նա կգնա ընտրության եւ իր կարծիքը կհայտնի», - ասաց Աղասի Արշակյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG