Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արտակ Սահրադյանը հինգշաբթի օրը ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կիտ Սիմոնսին: Օրդուեյը ասել է, որ շահագրգիռ է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում:

ԿԸՀ լրատվական ծառայության հաղորդման համաձայն, դեսպան Օրդուեյը փետրվարի 19-ին որպես դիտորդ այցելել էր Հայաստանի 4 մարզերի 15 ընտրատեղամասեր եւ այսօր Արտակ Սահրադյանին է ներկայացրել իր տպավորությունները տեղամասերի գործունեության վերաբերյալ:

Ջոն Օրդուեյը արձանագրել է, թե անցած աշնանը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո նվազագույնի են հասցվել ընտրացուցակների թերությունները, սակայն որոշ նկատառումներ է ներկայացրել ընտրական հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, որոշ տեղամասերում դիտորդները արձանագրել են ոչ պրոֆեսիոնալ աշխատանք եւ բազմաթիվ թերություններ:

Արտակ Սահրադյանը դեսպանին հավաստիացրել է, թե կարվի հնարավորը՝ ընտրական համակարգի թերությունները չկրկնելու եւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նորմալ ընթացքը ապահովելու համար: Սահրադյանը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկա օրերին խորհրդակցություն է հրավիրելու ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ՝ քննարկելու առաջին փուլի ընթացքում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնսը ասել է, որ մտադիր է դիտորդի կարգավիճակով հետեւել նախագահի ընտրության երկրորդ փուլին: Նա խոստացել է աջակցել ԿԸՀ նախագահին ընտրական համակարգի թերությունները արձանագրելու եւ վերացնելու հարցում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG