Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վերջին հույսը փշալարերն են», - առաջին էջի ճակատին ձեւակերպել է «Առավոտ» թերթը՝ խտացնելով. - «1988-ի համաժողովրդական շարժմանը հակադրվում էր հզոր խորհրդային համակարգը, որը, սակայն, չկարողացավ բռնանալ մեր ժողովրդի կամքի վրա: Այժմ ժողովրդի դեմ է կանգնած շատ ավելի տկար պետական մեքենան, որը առավել եւս ոչինչ չի կարողանա անել, եթե ժողովուրդը ցանկանում է տեր կանգնել նախագահական ընտրություններում տված իր քվեներին»:
«Ռեկտորներն ու բանակը սպառնում են» վերնագրով խմբագրականում էլ անդրադառնալով առաջին փուլին հետեւած որոշ դրսեւորումների, «Առավոտ»-ը ամփոփել է. - «Իշխանությունը գերադասեց գործել սպառնալիքով, հանրահավաքների արգելքներով ու ձերբակալություններով՝ այդպիսով զրկելով քաղաքացիներին իրենց կամքն արտահայտելու սահմանադրական իրավունքից։ Եթե իշխանությունները կարծում են, թե նման բռնություններով կարող են նպաստել քաղաքացիական հնազանդությանը, ապա սխալվում են»:

Նույն թերթում այսօր զգուշացում կա, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխանությունը կրկին պատրաստվում է տպագրել կես միլիոնից ավելի հավելյալ քվեաթերթիկներ եւ թե դրանք ընտրական հանձնաժողովների նախագահները պիտի փորձեն լցնել քվեատուփերի մեջ: Ինչպես հավաստիացվում է՝ «Ընդդիմության ներկայացուցիչները քաջատեղյակ են իշխանության այս ծրագրերին եւ տիրապետում են այդ հանցագործությունները կանխելու բազմաթիվ մեթոդների»:

«Ամենամեծ հարցականը, որ մնաց ընդդիմության երեկվա հանրահավաքի մասնակիցների համար, հետեւյալն է. ի վերջո մասնակցելու՞ է ընդդիմությունը նախագահի ընտրությունների երկրորդ փուլին, թե՞ ոչ», - առանձնացնում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Ընդդիմության ղեկավարները այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում չեն կայացրել: Հայաստանյան ընդդիմադիր գործիչների մի մասի ներքին հակվածությունը այս պահին կարծես թե երկրորդ փուլը բոյկոտելու կողմն է, քանի որ իշխանության ձեռնարկած քայլերը վկայում են, որ նրանք ընտրակեղծիքներից հրաժարվելու ոչ մի մտադրություն չունեն: Մեր տեղեկություններով», - շարունակում է «Հայկական ժամանակ»-ը, - «միջազգային հանրությունը ընդդիմությանը հորդորում է գնալ երկրորդ փուլի եւ երաշխավորում, որ կանի հնարավորը, որ այդ ընտրություններում արձանագրվեն իրական արդյունքներ: Այս պահին, սակայն, միացյալ ընդդիմությունը ծանր ընտրության առաջ է կանգնած: Նրա համար երկրորդ փուլն անիրականանալի է նախեւառաջ այն պատճառով, որ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց՝ ըստ էության ողջ կազմը կալանքի տակ է: Իսկ այսպես ընտրությունների գնալը նշանակում է ընտրախախտ մեքենայի աքցանի մեջ ընկնել: Իսկ բոյկոտը Ռոբերտ Քոչարյանին իրավական հիմք է տալիս իրեն նախագահ հռչակելու: Այս իրավիճակում ընդդիմությունը նախեւառաջ փորձում է լուծել կալանված ակտիվիստների ազատման հարցը, ապա եւ երաշխիքներ ստանալ Արեւմուտքից, որ լայնածավալ ընտրախախտումների դեպքում միջազգային հանրությունը ընտրությունների արդյունքները եւ նկարված թվերի հիման վրա հռչակված իշխանությանը չի ճանաչի», - եզրափակում է «Հայկական ժամանակ»-ը:

«Քանի որ Ստեփան Դեմիրճյանի կողմնակից-երկպագուների աչքում նրա հիմնական արժանիքն իր «թագավորական» ծագումն է, ստիպված ենք ինչ-ինչ ծրագրեր համադրել-քննարկելու փոխարեն խոսել հենց այդ թեմայով», - ընդգծում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթը՝ դրա ներքո ներկայացնելով Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիների անբարենպաստ դրսեւորումներ: - «Իշխանության վերադառնալով էլ Կարեն Դեմիրճյանը խորհրդարան մտցրեց մեղմ ասած՝ էկզոտիկ դեմքեր, եւ վերջիններս լկտիանալով հիմա էլ ձգտում են մնալ քաղաքականության մեջ», - բանաձեւել է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը:

«Հայկական ժամանակ»-ի Ավետիս Հարությունյան հրապարակախոսը ասյօր գրում է. - «Գեղամյանն իրականում ոչ մի իշխանություն էլ չի ուզում: Ընդհանրապես նա չի կարող որեւէ բան ուզել, որովհետեւ ուզող կողմ չէ: Այդ նրանից են ուզում իր տերերը: Մի դեպքում ուզեցին, որ պայքարի Կարեն Դեմիրճյանի դեմ, այս անգամ՝ Ստեփան Դեմիրճյանի դեմ... Այդ 17 տոկոսը, որ լցրել թե գրել էին Գեղամյանի համար, իշխանության ապահովագրության քվեն է (այն դեպքի համար, եթե առաջին փուլով էին բանը վերջացնում եւ համոզում ժողովրդին, թե ընդդիմությանն է մեղքը, որ իր ձայները կիսեց) եւ զապասը՝ երկրորդ փուլի համար. Գեղամյանի համար նկարած այդ պահուստային թվերը երկրորդ փուլի հիմնական բազան են: Գործնականում այդպիսի քվեներ չկան, եւ Դեմիրճյանը դրա (չեղածի) կարիքը չունի, բայց դա հոգեբանորեն հսկայական նշանակություն ունի կեղծարարների համար»: «Ի պատիվ ընդդիմության ու ժողովրդի պիտի ասել, որ կարողացան կասեցնել նախընտրական ու ընտրական այդ Գրանդ-աֆյորան: Բայց», - ավարտում է հրապարակախոսը, - «դրա հետեւանքները վերջնականապես լիկվիդացնելու միակ ելքը այն է, որ ժողովուրդը մինչեւ ամսի հինգը մնա հրապարակում: Մինչեւ հինգը ու եւս երկու-երեք օր հինգից հետո, որովհետեւ կեղծելու են»:

«Օրրան» թերթի մեկնաբանի դիտարկմամբ էլ, հանձին Արտաշես Գեղամյանի արդեն իսկ քողազերծված պահվածքի, ի վերջո տեղի ունցավ ընդդիմության մեջ վաղուց ի վեր ներդրված ամենալուրջ ականի պայթյունը. - «Քոչարյանի ամենակատաղի հակառակորդի իմիջից կտրուկ նետվելով ազնիվ խաղաղարարի իմիջ Գեղամյանը իր էլեկտորատին հասկացրեց, որ բոյկոտեն ընտրությունների երկրորդ փուլը: Իսկ թե ումից կարող են պակասել այդ քվեները, ոզնու համար էլ է պարզ»: «Գեղամյանը, իհարկե, մոռացավ նաեւ իր երբեմնի ելույթի այն հատվածները, որում նա Քոչարյանին հեռացնելը առաջնահերթ անհրաժեշտություն էր համարում», - համադրում է մեկնաբանը:

Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի, Ստեփան Դեմիրճյանի քաղաքական վերելքը ողջունում եւ իրենց դիտորդական առաքելությունների քողարկված աջակցությամբ բացահայտորեն պաշտպանում են Արեւմուտքի այն քաղաքական շրջանակները, որոնք կենսականորեն շահագրգռված են Ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելու, Թուրքիա - Ադրբեջան միջանցք ստեղծելու, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու մեջ: «Հայոց Աշխարհ»-ում, ի վերջո ձեւակերպված է. - «Ռոբերտ Քոչարյանին քաղաքական ասպարեզից հեռացնելու Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ապազգային արշավը... համապատասխանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի արմատական շահերին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG