Մատչելիության հղումներ

Իրավապահները կասեցնում են ընդդիմության երթը


Ի պաշտպանություն Ստեփան Դեմիրճյանի կազմակերպված այսօրվա հանրահավաքում ընդունված պահանջները երկրի նախագահին հանձնելու նպատակով դեպի նախագահի նստավայր հանրահավաքականների երթի ճանապարհը Բաղրամյան պողոտայում փակել էին իրավապահները:

Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ, ուր տեղակայված է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը, Բաղրամյան պողոտան ողջ լայնությամբ փակված էր: Նախ մոտ երկու մետր բարձրությամբ ոլորած փշալարերի խիտ շարք, հետո՝ մի քանի շարքերով մահակներով զինված ներքին զորքերի ծառայողներ, սրանց հետեւում երեւում էին ջրնետ մեքենաներ:

Երթին մասնակցող երկրապահների խոսքերով, մայթերին կանգնած զինվորականների ձեռքին գազային «վինչեստերներ» կային, գետնին փռված լարերը, որ միացած էին պլաստիկե ինչ-որ իրերի, երկրապահների խոսքերով, արցունքաբեր գազ են մղելու համար են:

Երթի մասնակիցները որոշ ժամանակ փշալարերի դիմաց կանգնած վարկարկեցին՝ «Քոչարյան, հեռացի'ր», ապա վերադարձան Մատենադարանի մոտ՝ շարունակելու հանրահավաքը:

Իսկ մինչեւ երթը հանրահավաքում, որը կրկին բազմամարդ էր, կազմակերպիչները հենց սկզբից հայտարարեցին, թե նախագահական ընտրությունները կեղծիքներով անցկացնելու հետեւանքով Հայաստանը գնում է դեպի բեւեռացում՝ «ժողովուրդ եւ նախագահական նստավայր»:

«Սոցիալիստական Հայաստան» միավորման ղեկավար անդամներից Վարդան Խաչատրյանը իր ելույթում համոզմունք հայտնեց, որ կեղծիքները խորը ազդեցություն են թողել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, եւ իրենք չեն ճանաչում այդ արդյունքները:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը տեղեկացրեց, որ Ստեփան Դեմիրճյանին սատարող 13 քաղաքական ուժերը հայտարարություն են ստորագրել, որն ընթերցելուց ու ժողովրդի համաձայնությունը ստանալուց հետո ներկայացնելու են հանրապետության նախագահին:

Հայտարարությունը հանրահավաքում ընթերցեց Ազգային ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Վարդան Պողոսյանը: «Հայաստանի նախագահի ընտրությունների քողի տակ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից տեղի է ունենում իշխանության բռնազավթման անթաքույց փորձ», - ասված է մասնավորապես հայտարարության մեջ:

Այնուհետեւ նշվում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի պաշտոնե պարտավոր է հետեւել Սահմանադրության պահպանմանն ու երկրի միջազգային պարտավորությունների կատարմանը, ուստի հանրահավաքի մասնակիցները պահանջում են պաշտոնանկ անել ընտրակեղծիքներին առնչություն ունեցող մի քանի նախարարների, վերջ տալ քաղաքական հետապնդումներին եւ ազատ արձակել դրանց հետեւանքով վարչական կալանքի տակ գտնվող անձանց:

Պահանջվում է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի հրաժարականը, իսկ դատախազությունից՝ վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու, «հանցավոր անգործություն ցուցաբերելու, ընտրական անօրինականությունները հովանավորելու հիմքերով»:

Հայտարարության հեղինակները պահանջում են նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հրաժարականը: Հայտարարության պահանջները չկատարելու դեպքում, ըստ ընդդինադիրների, հրաժարական պիտի տա գործող նախագահը:

«Փետրվարի 19-ի ընտրությունները անցան զանգվածային կեղծիքներով, օրինախախտումներով, ինչպես նաեւ բռնություններով: Եվ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել», - իր ելույթում կրկին շեշտեց Ստեփան Դեմիրճյանը՝ զորակցություն հայտնելով վերջին օրերին կալանված իր աջակիցներին ու պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց. - «Ես պահանջում եմ անհապաղ վերջ տալ քաղաքական հետապնդումներին»:

«Ես որեւէ խնդիր չունեմ որեւէ բանավեճի հետ կապված, որովհետեւ ես վստահ եմ, որ բանավեճում կհաղթեմ այնպես, ինչպես ընտրություններում», - այս օրերին շատ խոսվող մրցակից թեկնածուների հեռուստաբանավեճի թեմային անդրադարձավ ՀԺԿ առաջնորդը: - «Բայց ես չեմ կարող գնալ բանավեճի մի մարդու հետ, որը հովանավորում է հանցագործներին, որը հովանավորում է կեղծարարներին... Երբ որ պատասխանատվության կենթարկի [կեղծարարներին], կպատժի՝ խնդրեմ, գնանք, բանավիճենք»:

Ընդդիմությունը առաջիկա օրերին Ստեփան Դեմիրճյանի հետ ընտրողների հանդիպումներ է անցկացնելու Գյումրիում, Վանաձորում: Երեւանում հաջորդ հանդիպումները տեղի են ունենալու մարտի 1-ին, 2-ին եւ 3-ին:


Կարինե Քալանթարյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG