Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհուրդը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ապահովել ազատ ու արդար երկրորդ փուլ


Եվրոպայի խորհրդի օրենսդիր մարմինը չորեքշաբթի օրը նախազգուշացրել է Հայաստանի իշխանությունններին, որ առաջիկա շաբաթ կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում անցած առաջին փուլի ընտրակեղծիքների կրկնությունը կարող է վտանգել Հայաստանի՝ դժվարությամբ ձեռքբերված անդամակցությունը այդ հեղինակավոր կառույցին: Կոչ է արվում նաեւ «անհապաղ ազատ արձակել» առաջին փուլի քվեարկությունից հետո ձերբակալված ընդդիմության ակտիվիստներին:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք ընտրություններին հետեւող միջազգային դիտորդական առաքելության հաղորդած թերացումներով եւ օրինախախտումներով», - իր կտրուկ հայտարարության մեջ ասել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը: - «Եթե Հայաստանը ուզում է մնալ իր ժողովրդավարական հանձնառությունների շրջանակում՝ որպես Եվրոպայի խորհրդին անդամակցող երկիր, նման օրինախախտումները չպետք է կրկնվեն երկրորդ փուլում»:

Շիդերը նշել է նաեւ, որ իշխանությունները այնպես պետք է անցկացնեն մարտի 5-ին կայանալիք երկրորդ փուլի քվեարկությունը, որ այն ընդունելի լինի քաղաքական ընդդիմության համար: «Մենք նախագահական ընտրությունների ազատ ու արդար արդյունք ենք ակնկալում: Այնպիսի արդյունք, որն ընդունելի կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ դրանով իսկ ամրապնդելով ժողովրդավարական կայունությունը երկրում», - ասել է նա:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը համատեղ ամենամեծ միջազգային դիտորդական առաքելությունն են ծավալել նախագահական ընտրությունների ընթացքում: Նախնական զեկույցում առաքելությունը եզրակացրել էր, որ չնայած նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ «հանգիստ եւ լավ կազմակերպված անցան», նախընտրական գործընթացը «չէր համապատասխանում միջազգային չափանիշներին»: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասսել Ջոնսթոնի խոսքերով, առաքելությունը «լուրջ օրինախախտումներ է» արձանագրել:

Պիտեր Շիդերը մտահոգություն է արտահայտել նաեւ ի պաշտպանություն Ստեփան Դեմիրճյանի կազմակերպված հանրահավաքների ակտիվ մասնակիցների նկատմամբ կիրառվող ճնշումների կապակցությամբ: «Իշխանությունների պարտականությունն է ձեռնարկել առավելագույնը՝ լարվածությունը թուլացնելով հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ՝ առանց անհամարժեք միջոցների դիմելու», - ասել է նա:

Շիդերը նաեւ հորդորել է հայաստանյան ընդդիմությանը «հարգել երկրի սահմանադրական կարգը»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG