Մատչելիության հղումներ

Քոչարյանը միջազգային հանրության համար «մտահոգիչ» չի համարում ընտրախախտումների ծավալը


Նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե փետրվարի 19-ին կայացած ընտրությունների առաջին փուլում խախտումներ եղել են, բայց դրանք չեն գերազանցել այն մոտավոր ծավալները, որոնք մտահոգում են միջազգային հանրությանը: Միջազգային դիտորդների արդեն հրապարակված գնահատականներից գործող նախագահը ընդգծեց հատկապես ընտրությունների կազմակերպված անցնելը:

«Եղել են, իհարկե, խախտումներ ե'ւ հօգուտ գործող նախագահի, ե'ւ հօգուտ ընդդիմությանը», - նախահագի նստավայրում հրավիրած ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Բայց այդ խախտումների ծավալները անցումային շրջանում գտնվող երկրների համար, այսպես ասենք՝ հասկանալի կամ թույլատրելի նորմերի մեջ էր»:

Ի պատասխան փաստարկին, թե՝ իշխանութությունն է ընտրակեղծիքների համար պատասխանատուն, գործող նախագահը ասաց. - «Ընտրությունների մասնակցում է ոչ միայն գործող իշխանությունը, այլ նաեւ ընդդիմությունը»:

Քոչարյանը ասաց, որ չի բողոքում ընդդիմության խախտումների շուրջ իր ունեցած տեղեկությունների առիթով, բայց «երկրորդ փուլում թույլ չենք տա» եւ՝ «շատ ավելի խիստ ճանապարհով»: Հարցին, թե ինչո՞ւ չի բողոքում, նախագահը պատասխանեց. - «Տեղեր կա, որ եթե բացենք, կարող է պատահել, որ ես անցած լինեմ: Ես չեմ ուզում ուղղակի հանկարծ, որ մենք նման իրավիճակ ունենանք»:

Վկայակոչելով դատախազություն ներկայացված ընդամենը յոթ բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե նախորդ ընտրությունների ժամանակ շատ ավելին են եղել ընտրակեղծիքների համար բողոքները:

Ընդդիմության հանձնաժողովականներն ու վստահված անձինք, սակայն, պնդում են, թե բողոքներն ընդունելու ժամկետում որոշ հանձնաժողովներ անգործության են եղել մատնված:

Ռոբերտ Քոչարյանը չհամաձայնեց, թե ընդդիմության կողմից ընտրակեղծիքների իրականացումը վկայում է իշխանության թույլ լինելու մասին՝ ասելով. - «Դա ցույց է տալիս, որ իշխանությունը հանդուրժողական է: Դա ցույց է տալիս, որ իշխանությունը չի կիրառել այն ադմինիստրատիվ ռեսուրսը, որը կարող էր կիրառել էս ընդդիմությանը իրեն տեղը ցույց տալու համար... Սա ցույց է տալիս, որ իշխանությունը ընտրել է իսկապես ժողովրդավարացման ճանապարհ»:

Վերլուծելով քվեարկության՝ երեկ հրապարակված ամփոփիչ արդյունքը Ռոբերտ Քոչարյանը, դիմելով ընդդիմությանը, ասաց. - «Պարոնայք, ո՞նց եք դուք ձեզ թույլ տալիս այսպիսի հաշվարկներ ունենալով հավաքել ժողովրդի մի ստվար զանգված, հայտարարել ձեզ ընտրված նախագահ եւ դրդել ժողովրդին անօրինական քայլերի: Իսկ եթե արյուն թափվեր, ո՞վ պետք է տա դրա պատասխանը»:

Նա իր զարմանքը հայտնեց, որ «այսպիսի անպատասխանատվություն ունեցող անձինք» մասնակցում են նախագահական ընտրություններին եւ հավակնում նախագահի պաշտոնին: Ընդդիմության մեղադրելով «թվաբանությանը չտիրապետելու» մեջ, Ռոբերտ Քոչարյանը նրանց բողոքը բնութագրեց, թե՝ «սարը մուկ է ծնում»: «Ըստ էության 28 տոկոս հավաքած թեկնածուն ընդդիմության կողմից սկսեց դիտվել որպես արդեն ընտրված նախագահ», - շարունակեց գործող նախագահը՝ ավելացնելով, որ հանրահավաքների ժամանակ հնչած իշխանափոխության, սահմանադրական կարգի խախտման կոչերին իշխանությունը պետք է «ադեկվատ» արձագանքեր:

«Մեր ոստիկանության ուժերը բավարար են կարգ եւ կանոն հաստատելու համար», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը ի պատասխան լրագրողներից մեկի հարցադրմանը, թե օրվա ընթացքում ավելի ուշ սպասվող ընդդիմության հարնահավաքից առաջ զորք է տեղափոխվում դեպի նախագահի նստավայր:

Այս օրերին վարչական կալանքի ենթարկվածների մասին Քոչարյանը ներկայացրեց արդարադատության նախարարության խոսնակ Արա Սաղաթելյանի երեկ հրապարակած տվյալները՝ ավելացնելով. - «Վարչական կալանք են ստացել միայն այն անձինք, որոնք մասնակցել են անօրինական գործողությունների... Ուղղակի պարզ միտինգի մասնակից ձերբակալված չունենք»:

Երկրորդ փուլին մասնակցելու համար Ստեփան Դեմիրճյանի շտաբի նախապայմաններին՝ ընտրակեղծիքների համար պատասխանատվություն եւ կալանվածների ազատ արձակում, վերաբերող հարցին, Ռոբերտ Քոչարյանը հարցով պատասխանեց. - «Դուք առաջարկում եք, որ ես գնամ եւ համոզեմ ինչ-որ մեկին, որ մասնակցե՞ն երկրորդ փուլին»:

Համադրելով 98֊-ի ընտրությունների առաջին փուլում իր ստացած առավել պակաս ձայներն այս քվեարկության 49, 5 տոկոսի հետ, ինչպես նաեւ այն իրողությունների հետ, որ մասնակցության գրեթե նույն երկու իրավիճակներում էլ երրորդ տեղը գրաված թեկնածուն որեւէ կողմի չի սատարում, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ փուլում իր համոզիչ հաղթանակի շուրջ վստահությունը փոխանցեց:

Վերջ տալու համար շրջանառող լուրերին, թե «Հոկտեմբերի 27»-֊ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը ինքնասպան է եղել, նախագահն առաջարկեց ասուլիսի մասնակիցներից երեքին ընտրել, որոնց կթույլատրվի մեկուսարան այցելել:

Հետկեսօրին «Ազատություն» ռադիոկայանի, «Օրրան» եւ «Հայոց Աշխարհ» թերթերի թղթակիցները հնարավորություն ունեցան արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Համլետ Խլղաթյանի ուղեկցությամբ մեկուսարանի դռան դիտանցքից տեսնել Նաիրի Հունանյանին:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG