Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ընդդիմությունը եվրոպական չափանիշեր է մատնանշում. չցանկանալով, սակայն, դրանցով առաջնորդվել», «Փորձված թանը անփորձ մածնից լավն է ու լավը», - շեշտադրում են «Հայաստանի Հանրապետություն» թերթի վերնագրերը: «Վերջ: Հայաստանը կարելի է փակել», - իր հերթին արձագանքում է «Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրը, իսկ նրան նման եզրահանգման է մղել հետեւյալը. - «Մեզանում շատ են վաղուց եւ անհուսալիորեն հիվանդները։ Չարությամբ ու ատելությամբ հիվանդները։ Բայց դրանց կողքին ոչ թե ամնեզինով լի ներարկիչներով բուժքույրեր են, այլ ուշադիր ականջ դնող, հավանություն տվող ու ծափահարող ամբոխը»։ «Ամբոխը նույնպես հիվանդ է եւ չարացած», - շարունակում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը։ - «Եվ խնդիրը այն չէ, որ հանրահավաքների ժամանակ հայհոյում են իշխանությանը։ Իշխանությունը հենց դրա համար էլ գոյություն ունի, որպեսզի նրան հայհոյեն... Պարզապես, եթե համարձակվում են հազարավոր մարդկանց առջեւ ճղավել խոսափողի մեջ, թե թշնամին ժողովրդի համար ավելի նախընտրելի է, քան երկրիդ նախագահը... նշանակում է՝ վե'րջ, այս երկրի ու ժողովրդի հետ ամեն ինչ պարզ է»։

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, օբյեկտիվ ու անկողմնակալ դիտորդները Ստեփան Դեմիրճյանի շուրջ համախմբված քաղաքական կոնգլոմերատի մեջ էլ տեսնում են լուրջ վտանգ՝ մեր պետականության ապագայի համար. - «Ստեփան Դեմիրճյանի «շրջապատը» գնալով ավելի ու ավելի է հիշեցնում բոլոր տեսակի եւ ուղղության ձախողված ու վարկաբեկված քաղաքական գործիչների եւ կուսակցությունների մի հավաքածուի»:

«Երկրորդ փուլին ընդառաջ պետական քարոզչամեքենան վերականգնել է 98-ի նախագահական ընտրություններից հայտնի իր «տրյուկը», - անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Այն ժամանակ Կարեն Դեմիրճյանի հասեցին էին ասում, թե վերջինիս ետեւում ամուր կանգնած է ՀՀՇ-ն, այսօր նույն մեթոդը փորձում են կիրառել Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ»: Ի վերջո, մեկնաբանն առաջարկում է փաստացի նայել՝ Ռոբերտ Քոչարյանի արտահայտությամբ՝ «ում հետեւից ում ականջներն են երեւում», եւ այս առումով որպես նախկին հհշականներ եւս մեկ անգամ մատնանշում հենց գործող նախագահին, նրա շտաբի պետ Սերժ Սարգսյանին, նախարարներ Դավիթ Զադոյանին, Հովիկ Աբրահամյանին, Վարդան Այվազյանին, Անդրանիկ Մանուկյանին եւ այլոց:

«Հիմա արդեն նախագահական ընտրությունն այլեւս ընտրություն չէ, դարձել է պայքար», - ձեւակերպել է այսօր «Օրրան» թերթի խմբագրականը: - «Այնպես, ինչպես այսօր մեր ժողովուրդն է միակամ ու համախումբ, այդպես միայն օտար, թշնամական իշխանության դեմ են ելնում»: «Օրրան»-ի վերլուծաբանն էլ այս իրավիճակում ամրագրում է մասնավորապես երեք իրողություն. - «Իրողություն առաջին. համաժողովրդականորեն խորտակվեց գործող նախագահի անպարտելիության առասպելը: Նա պարտված է, բայց նա դեռ իշխանություն է, եւ այս փաստի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել... Նա վտանգավոր է բոլորի համար՝ թե յուրայինների, որ չարդարացրին վստահությունը՝ առաջին փորձից հաղթանակ ապահովելու, թե, առավելեւս, ընդդիմության, որ բացահայտ հրաժարական է պահանջում... Այն, ինչ ու ինչպես մնացել է իբրեւ ընդդիմություն, արժանի է խորին հարգանքի, բայց ոչ անքննադատ ու լիակատար ըմբռնումի: Սա երկրորդ իրողությունն է, որ հրաշալի օգտագործում է իշխանությունը»: Երրորդ իրողությունը՝ Արտաշես Գեղամյանը չմիացավ ընդդիմությանը: «Իշխանությանը Գեղամյանը դեռ պետք է, ընդդիմությանը Գեղամյանն արդեն պետք չէ: Ահա այս վիճակն է նրան մղում լարախաղացության եւ սեփական գոյություն չունեցող հաղթանակի տարփողման: Նա փորձում է փրկել դեմքը՝ տանուլ չտալով ոչ մի կողմի հետ իր բարդ խաղը: Բայց այս ընթացքում եղամյանը կորցնում է ժողովրդի աջակցությունը», - արձանագրված է «Օրրան»-ում:

Իշխանության ներկայացուցիչների պնդումների առիթով, թե հենց ընդդիմությունն է ընտրախախտումներ արել, «Առավոտ»-ը առաջարկում է դիտարկել, թե ընտրությունները կեղծելու ինչպիսի ռեսուրսներ ունեն իշխանությունները եւ ինչպիսի՝ ընդդիմությունը: «Ընտրական հանձնաժողովների բոլոր նախագահները Քոչարյանի կողմից էին նշանակված, հանձնաժողովների անդամների մեծամասնությունը եւս», - շարադրում է «Առավոտ»-ը: - «Բացի այդ՝ բանակը, ոստիկանությունն ու ուժային այլ կառույցներ նույնպես լծված էին Քոչարյանի վերընտրման գործին։ Էլ չենք խոսում հայրենական օլիգարխների եւ բազմահազարանոց բյուրոկրատիայի մասին։ Եվ հանկարծ, ի հեճուկս այս բոլոր վարչական ռեսուրսների, ընդդիմությունն ինչ-որ անբնական ուժով կարողացավ հրաշք գործել ու Քոչարյանի թիմակիցների հսկայական բանակի աչքի առաջ կեղծել ընտրությունների արդյունքները։ Եթե հավատանք այդ ֆանտաստիկ տարբերակին, ուրեմն եզրակացությունը մեկն է՝ սա Քոչարյանի նախընտրական թիմի կողմից սաբոտաժ էր», - բխեցնում է «Առավոտ»-ը: Նույն տրամաբանությամբ՝ «ԿԸՀ-ն նույնպես խիստ ընդդիմադիր է, եթե քվեաթերթիկներն ուսումնասիրելուց հետո Քոչարյանի ձայները կրճատեց՝ փոխանակ բարձրացնի: Իսկ չէ՞ որ ընտրակեղծիքների ունակ է միայն ընդդիմությունը, իսկ իշխանություններն անմեղ են»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG