Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հրապարակում է քվեարկության վերջնական արդյունքները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեքշաբթի օրը հրապարակեց փետրվարի 19-ի քվեարկության երկար սպասված վերջնական արդյունքները: Դրանք շատ չեն տարբերվում փետրվարի 20-ին հրապարակված նախնական արդյունքներից՝ շուրջ 7000 ձայնով պակասել է գործող նախագահի օգտին տրված քվեները, իսկ Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի քվեները փոքր-ինչ ավելացել են:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկել է 700 հազար 808 մարդ կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների 49,5 տոկոսը, Ստեփան Դեմիրճյանի օգտին՝ 399 հազար 757 մարդ (28,2 տոկոս) եւ Արտաշես Գեղամյանի օգտին՝ 250 հազար 145 մարդ, (17,7 տոկոս):

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը ասաց, թե իրենց մտահոգում է, որ չեն հրապարակվել արդյունքներն ըստ տեղամասերի, այլ տրվել են միայն ընդհանուր թիվը եւ թվերն ըստ 56 ընտրատարածքների: «Ելնելով ընտրություների թափանցիկությունից, մենք նրանց քաջալերում ենք, հրապարակել յուրաքանչյուր տեղամասի արդյունքները, որպեսզի բոլորը տեսնեն, ինչպես են արդյունքները իրար գումարվել: ԿԸՀ-ն դեռ նման բան չի արել, եւ դա հաշվարկի գործընթացի թափանցիկության մտահոգող բացակայություն է», - ասել է Այքերը:

Պատասխանելով հարցին, թե որքանով են ընտրախախտումները ազդել քվեարկության արդյունքների վրա, Պիտեր Այքերը ասաց. - «Շատ դժվար է ասել, մանավարդ, որ նրանք չեն հրապարակել մանրամասն արդյունքները: Ուստի մենք ոչինչ չունենք, որ կարողանանք համեմատել ընտրատեղամասերից մեր ստացած տվյալների հետ»:

ԿԸՀ-ի այսօրվա նիստում հաղորդում եղավ հանձնաժողովի ստացած դիմում-բողոքների վերաբերյալ: ԿԸՀ-ի փոխնախագահ Համլետ Աբրահամյանի խոսքերով, հանձնաժողովը ստացել է 106 դիմում: «Հիմնականում արձանագրվել է քվեատուփեր քվեաթերթիկներ լցնելու, այլ անձանց փոխարեն քվեարկելու կամ քվեարկված լինելու դեպքեր, որոնց վերաբերյալ 16 դիմումներ ուղարկվել են Հայաստանի Հանրապետության դատախազություն՝ ուսումնասիրելու եւ հանցակազմի առկայության դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», - ասաց Աբրահամյանը:

Դիմում-բողոքների վերաբերյալ Համլետ Աբրահամյանի հաղորդմանը շատ բուռն արձագանքեցին ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք, իսկ Արտաշես Գեղամյանի վստահված անձ Աղասի Արշակյանը ընդհանրապես լքեց նիստը:

Կենտրոնական հանձնաժողովը քվեարկությամբ մերժեց «Ազգային միաբանություն»-ը ԿԸՀ-ում ներկայացնող Զավեն Պլուզյանի առաջարկած որոշման նախագիծը՝ փետրվարի 19-ին կայացած նախագահի ընտրությունները անվավեր ճանաչելու եւ ապրիլի 6-ին նախագահի նոր ընտրություններ անցկացնելու մասին:


Շաքե Ավոյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG