Մատչելիության հղումներ

logo-print

Միջազգային դիտորդները «խիստ մտահոգված են» ընտրություններին հետեւած ձերբակալություններով


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդները մտահոգություն են արտահայտել անցած շաբաթ կայացած նախագահի ընտրությանը հետեւած եւ այսօր էլ շարունակվող տասնյակ ըմդդիմադիր ակտիվիստների ձերբակալության կապակցությամբ: Դիտորդները ասել են նաեւ, որ հայաստանյան իշխանությունները անբավարար միջոցներ են ձեռնարկում քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների բազմաթիվ դեպքերը հետաքննելու ուղղությամբ:

«Ես խիստ մտահոգված այդ ձերբակալություններով: Մենք փորձում ենք շատ մոտիկից հետեւել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը:

«Կառավարությունն ասում է, որ այդ մարդիկ օրենք են խախտում, խուլիգանական արարքներ են գործում, եւ կան ապացույցներ: Ես այդ ապացույցները չեմ տեսել. հույս ունեմ, որ տեսնելու հնարավորություն կունենամ», - ասաց Պիտեր Այքերը՝ շարունակելով. - «Բայց մենք ներկա ենք եղել այդ ցույցերին: Մեր դիտարկումներով, դրանք հիմնականում խաղաղ էին»:

Պաշտոնական տվյալներով, ուրբաթ օրվանից ի վեր «բերման են ենթարկվել» 122 մարդ՝ հիմնականում Ստեփան Դեմիրճյանի աջակիցներից: Նրանցից 54-ը դատապարտվել են 3-ից մինչեւ 15-օրյա կալանքի, իսկ 68-ը տուգանվել ու ազատ են արձակվել:

Դեմիրճյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների խոսքերով, ձերբակալվածների թիվը անցնում է հարյուրից: «Մտնում են տները, ահաբեկում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց շտաբի ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը: - «Այս պահին մենք ունենք մոտ 70 հոգու անուն, որոնց ճակատագիրը մեզ պարզ չի»:

Արդարադատության նախարարությունից այսօր հրաժարվեցին նոր մեկնաբանություններ տալ՝ կրկնելով, թե կալանվածներից շատերը նախկինում օրինախախտումներ թույլ տված անձինք են: «Տանիք» հասարակական իրավապաշտպան կազմակերպության այսօրվա ասուլիսում, սակայն, կալանվածներին բնութագրեցին որպես «քաղաքական բանտարկյալներ»: Նշվեց նաեւ, որ այդ մարդկանց նկատմամբ դատավարությունները անցնում են օրենքի լուրջ խախտումներով:

«Մենք մտահոգված ենք նաեւ», - ասաց Պիտեր Այքերը, - «որ դատավարություններն անցնում են փակ եւ առանց փաստաբանների մասնակցության»:

Ընդդիմությունը այս օրերին պնդում է, որ մարդիկ անօրինական են վարչական տույժերի ենթակվում, քանի որ հանրահաքներ, երթեր կազմակերպելու, անցկացնելու մասին օրենք Հայաստանում չկա, իսկ Սահմադրությամբ դրա ազատ իրավունքը ամրագրված է: Իշխանությունները, սակայն, իրենց գործողությունները հիմնավորում են Վարչական իրավախախտումների օրենսգրքով, որի 180-րդ հոդվածով հանրավաքաների, փողոցային երթերի ու ցույցերի սահմանված կարգի խախտումը վարչական տույժ է ենթադրում:

Արեւմուտքը, մինչդեռ, խիստ բացասական կարծիք ունի Հայաստանի վարչական պատասխանատվության համակարգի մասին: Անցած աշնանը, երբ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացվեց Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի մասին զեկույցը, հատուկ կետով կոչ արվեց անհապաղ վերանայել վարչական տույժերի մասին օրենսգիրքը, քանի որ դրա որոշ դրույթներ նպաստում են մարդու իրավունքների խախտմանը: Հատուկ կոչ էր արվում վերանայել վարչական կալանքին վերաբերող հոդվածը, իսկ մինչ այդ՝ խուսափել դրա կիրառումից:

Human Rights Watch միզազգաին իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպության տարեկան զեկույցում նշված է, որ իրավապահ մարմիները շահարկում են օրենսգրքի այն դրույթները, որով ձերբակալվածներին թույլ չի տրվում փաստաբան ունենալ: Միջազգային կազմակերպության գնահատմամբ, այդ կարգի դատավարությունները, ըստ էության, ոստիկանների համար «գրպանային դատարանի» դեր են խաղացել:

Պիտեր Այքերը շեշտել է նաեւ, որ քվեարկության օրը իրենց տեսած խախտումները շատ ավելի բազմաթիվ էին, քան պատասխանատվության կանչվածների թիվը. - «Մենք նաեւ մի փոքր մտահոգված ենք, քանի որ տեսել ենք այդքան շատ խախտումներ ընտրության օրը եւ ընտրության գիշերը, սակայն կարծես մինչեւ այժմ քիչ բան է արվել մարդկանց այդ խախտումների համար պատասխանատվության կանչելու ուղղությամբ»:


Հրաչ Մելքումյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG