Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պատրաստվում է վաղվա հանրահավաքին


Ընդդիմադիր միավորման խորհրդի այսօրվա դռնփակ նիստից հետո Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քննարկվել են վաղվա հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներն ու ընդդիմության՝ առաջիկա օրերին կիրառելիք մարտավարությունը:

«Ընդհանուր առմամբ, գիծը մեկն է՝ ճնշում հանրապետության նախագահի վրա», - ասաց Շավարշ Քոչարյանը: - «Կա'մ հրաժարական, կա'մ էլ իրականացնել այն քայլերը, որոնց պահանջները վաղը կլինեն»:

Այդ պահանջներից Շավարշ Քոչարյանը կարեւորեց «անօրինական գործողություններին վերջ դնելը» եւ դրանց մեջ ներգրավված մարդկանց (այդ քվում՝ պետական պաշտոնյաներին) պատասխանատվության ենթարկելը: - «Ե'վ քրեական գործեր, ե'ւ պաշտոնից ազատում»:

«Ազգային միաբանություն»-ը այսօրվա նիստին ներկայացուցիչ չէր ուղարկել: Արտաշես Գեղամյանը, որը անցած քվեարկության արդյունքներով հայտնվել էր երրորդ տեղում, պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունները՝ պնդելով, թե երկրորդ փուլին գնալը նշանակում է օրինականացնել գործող նախագահի՝ կեղծիքներով ստացած քվեները:

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի անդամները մամլո ասուլիսում հիմնականում անդրադարձան ընտրակեղծիքներին, դատախազությանը ներկայացրած դիմում-բողոքներին, ձերբակալություններին: Անդրադարձ եղավ նաեւ հեռուստաբանավեճին Ստեփան Դեմիրճյանի մասնակցության հարցին:

«Ստեփան Դեմիրճյանը ոչ մի բանավեճից չի վախենում», - ասաց Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը: - «Թող վախենա Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ հարցեր կան, որոնց նա պիտի պատասխանի: Թե ինչու «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը չի ընթանում: Ամեն դեպքում նա գործող նախագահ է, նա երաշխավորն է այս ընտրությունների: Արտակ Սահրադյանի հետ նա պիտի պատասխան տա այս ամենի [ընտրախախտումների] համար»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG