Մատչելիության հղումներ

Նախկին իշխանական կուսակցությունը սատարելու է Դեմիրճյանին


Նախկին իշխանական կուսակցությունը՝ Հայոց համազգային շարժումը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պաշտպանելու է Ստեփան Դեմիրճյանին: Թեւ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը չհնչեցրեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահի անունը, նրա ասածը առավել քան միանշանակ էր:

«ՀՀՇ-ն չի վերադառնում իշխանություն: Եվ անկախ այն բանից, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀՇ-ն լինելու է ընդդիմություն», - ասաց Դավիթ Շահնազարյանը՝ պնդելով, թե ամեն ինչ անելու են, որ ընդդիմություն լինեն ժողովրդի ընտրած, օրինական իշխանություններին: - «ՀՀՇ֊ն պաշտպանելու է այն թեկնածուին, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»:

Դավիթ Շահնազարյանը համոզված է, թե ընտրակեղծիքները բազմաթիվ են եղել առաջին փուլում, իսկ հետընտրական ճնշումներին անդրադառնալով՝ ասաց. - «Բոլոր ձերբակալվածները եւ կալանվածները քաղաքական բանտարկյալներ են»:

Ասելով, թե ինքը տեղյակ չէ՝ հանրահավաքներում եղե՞լ են արդյոք բռնության կոչեր, Շահնազարյանը անընդունելի համարեց նման կոչերը:

«Հեղաշրջում չի լինելու, եւ ներկայիս իշխանությունը հեռանալու է բացառապես օրինական ճանապարհով», - ասուլիսում հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե համագործակցելո՞ւ են արդյոք Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի հետ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը ասաց. - «Մեր բոլոր անդամներին, նաեւ կառույցներին հրահանգել ենք հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները անցնեն օրինական»:

Հովակիմյանը ավելացրեց, որ ՀՀՇ անդամներից վստահված անձինք չեն եղել: Իրենց անդամները ընդգրկված են եղել միայն դիտորդական խմբերում:

«Արմատ» Կենտրոնի ղեկավարներից, ՀՀՇ անդամ, նախկին ԱԺ փոխխոսնակ Արա Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դեռ առաջին փուլում «Արմատ»-ը որեւէ թեկնածուի ծրագիրն իրատեսական չհամարելով հանդերձ, կանգ էր առնելու այն թեկնածուի վրա, որի ժողովրդականությունը բարեփոխումների հույս կներշնչեր:

«Տվյալ դեպքում այդպիսի թեկնածուն դարձավ Ստեփան Դեմիրճյանը», - շարունակեց Արա Սահակյանը: - «Եվ ահա նրա՝ երկրորդ փուլ դուրս գալով, մենք հույս ունենք, որ նա կկարողանա, հենվելով ժողովրդական լայն աջակցության վրա, Հայաստանը տանել տնտեսական, սոցիալական զարգացման, օրինականության եւ
ժողովրդավարություն ճանապարհով»:

«Արմատ» Կենտրոնի դիտորդական խումբը, Սահակյանի փոխանցմամբ, այս ընթացքում ընտրությունների ընթացքի շուրջ բազմաթիվ զեկույցներ ու տեսակետներ է ներկայացրել ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի պատվիրակություններին:

Պատասխանելով հարցին, թե ծանոթ պատկեր չէ՞, երբ խոսվում է տանկերով իշխանություն պահելու մասին, Արա Սահակյանը ասաց, թե 1996 թվականին «տանկերը քաղաք են մտել խորհրդարանի ղեկավարների նկատմամբ կատարված բռնություններից հետո»:

Անդրադառնալով պաշտպանության նախարարության կոլեգիայի հայտարարությանը, Սահակյանը ասաց. - «Բանակի ղեկավարությունը քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ, այսինքն՝ անթաքույց քաղաքական պրոցեսների մեջ ներքաշվեց»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG