Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ընտրական համակարգերի» Կենտրոնի» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը փետրվարի 23-24-ը անցկացրել է նախագահական ընտրություններին նվիրված հերթական հարցումը: Եվ ինչպես «Առավոտ» թերթում է ներկայացված, «Փետրվարի 19-ին անցկացված նախագահի ընտրություններին ո՞ւմ օգտին եք քվեարկել» հարցին պատասխանող՝ ընտրություններին մասնակցած երեւանցիների մոտ 37 տոկոսը տվել է Ստեփան Դեմիրճյանի անունը, հաջորդը Ռոբերտ Քոչարյանն է՝ 26 տոկոսից քիչ ավելի ցուցանիշով մի փոքր առաջ անցնելով Արտաշես Գեղամյանից: «Մարտի 5-ին անցկացվելիք նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ո՞ւմ օգտին եք քվեարկելու» հարցին ի պատասխան էլ մոտ 56 տոկոսը նշել է Դեմիրճյանին, 27 տոկոսի չափ՝ Քոչարյանին: Ըստ այս հարցման, երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցելու է հակված առաջին փուլի համեմատ 8 տոկոսով ավելի երեւանցի, եւ շուրջ 57 տոկոսն էլ արդեն կարծում է, որ նախագահ կդառնա Դեմիրճյանը:

«Հարգել ժողովրդի ընտրությունը» վերնագրի տակ «Առավոտ»-ի խմբագիրն այսօր գրում է. - «ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ձայնը տվել է Ստեփան Դեմիրճյանին: Անկախ նրանից, որ ես չեմ տեսնում նրա մեջ պետության ղեկավարի հատկանիշներ, դա մեր ժողովրդի ընտրությունն է, որը պետք է սրբորեն հարգել»: Խմբագրի հաշվարկներով, Քոչարյանի ընտրազանգվածը կազմում է մոտ 20 տոկոս, եւ «դրանում նա պետք է մեղադրի միայն ինքն իրեն»: «Քոչարյանի ընտրազանգվածը, հավանաբար, քչանալու է, որովհետեւ ընտրողների մի մասը կհիասթափվի գործող նախագահի վերջին շաբաթների վարքից», - նախանշվում է «Առավոտ»-ում: - «Իր պարտությունը գործող նախագահը պետք է ընդունի արժանապատվորեն, իսկական տղամարդու եւ զինվորի նման: Իսկ ընտրված նախագահը պարտավոր է տալ Քոչարյանին անվտանգության եւ անձեռնմխելիության բոլոր երաշխիքները: Իսկ եթե Քոչարյանը որոշի, այնուամենայնիվ, իրեն փաթաթել ժողովրդի վզին եւ երկիրը ղեկավարել ճոյտերի եւ շմայսների «լցրած» քվեաթերթիկների միջոցով, այդպիսի նախագահին դժվար թե որեւէ մեկը նախանձի»:

«Իշխանության հերթական հաշվարկը, թե վախի մթնոլորտ տարածելով կարելի է ժողովրդին պահել տներում՝ տապալվեց», - ընդգծում է այսօր «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Ո'չ զանգվածային ձերբակալությունները, ո'չ տրանսպորտային «տեռորը» չէին վախեցրել ժողովրդին, եւ բողոքի ալիքը առաջիկայում ավելի է մեծանալու»: Նույն շեշտադրումներն են նաեւ «Օրրան» թերթում, ուր նաեւ ձեւակերպված է. - «Արդարություն ու արդարադատություն պահանջող մարդկանց չի կարելի ամբոխ անվանել: Նրանց պահանջը մեկն է՝ հանցագործը պետք է պատժվի, օրինախախտը՝ նույնպես, եւ արժանին պետք է մատուցվի նրան, ով վայելում է մեծամասնության վստահությունը»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, իշխանությունների քայլերը այժմ հիշեցնում են մահամերձ վիճակում գտնվող գազանի ջղակծկումներ եւ շատ հաճախ զուրկ են որեւէ տրամաբանական հիմքից. - «Փորձում են պնդել, թե իբր ընտրատեղամասերում բռնություններով ուղեկցվող քվեատուփերի լցոնումը ընդդիմության արածն է, եւ միաժամանակ հանրային հեռուստատեսությամբ կիրառվում է այնպիսի կացնային քարոզչություն, որ կարող է միայն գրգռել մարդկանց»:

«Ազգ» թերթի վերլուծությամբ էլ՝ առաջին պատճառը, որ գործող նախագահին խանգարեց հաղթել առաջին իսկ փուլում, նրա նախընտրական շտաբի չհամակարգված քարոզչությունն էր. - «Բացի նախագահի նախընտրական այցերը նախապատրաստելուց, լուսաբանելուց եւ նախընտրական պլակատներ փակցնելուց, ըստ էության, որեւէ այլ քարոզչություն չտարվեց»։ «Ազգ»-ում նաեւ մատնանշված է. - «Նախագահի հանդիպումների ժամանակ նախընտրելի էր հնարավորինս քիչ օգտվել տարբեր տրամաչափի պետական չինովնիկների ծառայություններից, որոնց նկատմամբ բնակչության մեծ մասը ընդգծված դժգոհություն ունի։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ հատկապես քվեարկության օրն իրենց չափից ավելի ազատ եւ ինքնավստահ էին զգում այսպես կոչված թաղային հեղինակությունները, ինչը նույնպես վնասեց Ռոբերտ Քոչարյանի վարկանիշին»։

«Փետրվարի 20-ից մինչեւ 23-ը տեւած ուժային շանտաժի ողջ ներկայացումն ուներ իմիտացիոն բնույթ: Դա այն սցենարն էր, որը բծախնդրորեն նախապատրաստված էր մինչեւ ընտրությունները՝ երկրապահի մի թեւի եւ նրա հհշական խորհրդատուների կողմից», - մատուցում է «Հայոց Աշխարհ» թերթը՝ միաժամանակ նշելով. - «Իշխանության առաջին իսկ քաղաքակիրթ ու հավասարակշռված նախազգուշացումը շանտաժիստներին մղեց իրենց բները՝ կրկին ստիպելով վերամբարձ դատողություններ անել երկրորդ փուլում իրենց հաղթելու հեռանկարների շուրջ... Ուժային շանտաժի տապալումը գալիս է ապացուցելու, որ արմատականներին այլեւս ոչ ոք չի կարող փրկել», - եզրափակված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Գեղամյանական խաղեր» վերնագրի տակ «Առավոտ»-ում առանձնացվում է. - «Ըստ ամենայնի՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավար Սերժ Սարգսյանի վերջին հույսը Արտաշես Գեղամյանն էր, երբ անգամ փետրվարի 20-ին էր պնդում, թե ընդդիմությունը հանդես չի գա միասնական թեկնածուով»: «Իշխանության հույսը Գեղամյանն է», - իր հերթին բանաձեւել է «Հայկական ժամանակ»-ը: - «Չնայած Գեղամյանը նախագահական ընտրություններից շատ առաջ էր արդեն որակվել որպես իշխանությունների կողմից ընդդիմադիր դաշտում ներդրված ական, սակայն շատ քչերն էին մտածում, որ նրա պայթյունը պետք է տեղի ունենա այդպես անփառունակ»:

«Գեղամյանի էլեկտորատը արդեն իր ձայնը փոխանցել է Ստեփան Դեմիրճյանին, եւ «ոնց էլ հաշվես, Գեղամյանի հաշվարկը ի վնաս իրեն է», - վերլուծում է «Օրրան»-ի մեկնաբանը: - «Արդյունքում Գեղամյանին չեն ներելու ո'չ Քոչարյանը, ո'չ էլ ժողովուրդը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG