Մատչելիության հղումներ

Վահագն Մկրտչյան. - «Մենք կողմնակից ենք հեռուստաբանավեճի»


Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում կրկին նշեց, որ նախագահական քարոզարշավի սպասվող երկրորդ փուլում գործող նախագահի թիմը կողմնակից է մրցակիցների հեռուստաբանավեճի:

«Մենք կողմակից ենք հեռուստաբանավեճի ցանկացած մակարդակով՝ շտաբերի, սատարող մարդկանց, քաղաքական ուժերի», - երկուշաբթի օրը, պատասխանելով արդեն հայտնի միակ մրցակցի պայմաններում մարտավարական փոփոխություններին վերաբերող հարցին, ասաց Վահագն Մկրտչյանը՝ նշելով այդուհանդերձ. - «Շատ դժվար է այդ մրցակցի հետ պայքարել այն առումով, որ որեւիցե մի գաղափարախոսություն այդ մարդուց մենք չենք լսում, որեւիցե մի միտք չեն լսում, որպեսզի կարողանանք քննարկել, հասկանալ»:

Երեկվա հանրահավաքում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով հեռուստաբանավեճի թեմային ասել էր, թե պատրաստ է դրան՝ եթե «մյուս թեկնածուն ուզում է է'լ ավելի արագացնել իր պարտությունը»:

Վահագն Մկրտչյանը հերքեց, թե անցած քարոզարշավի ընթացքում իրենց վերահսկողության տակ էին բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները: «Բավական դժգոհ եմ մի շարք լրատվամիջոցների աշխատանքից այն մասով, թե ինչպես էին լուսաբանում մեր թեկնածուին աշխատանքը», - ասաց նա՝ ավելացնելով, թե իրենց կողմից մշակվել են համապատասխան ծրագրեր, որոնցով կփորձեն «այնպես անել, որ այդ լրատվամիջոցներով առավել արդյունավետ ներկայացվի մեր աշխատանքը»:

Հարցին, թե արդյոք գործող նախագահի շտաբը հետամուտ է լինելու, որ ընտրակեղծիքներ իրականացրած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն, Վահագն Մկրտչյանը պատասխանեց. - «Իրականում հստակ ցուցում էր տրված մեր կողմնակիցներին զերծ մնալ անկարգություններից եւ ոչ ճիշտ քայլերից: Մեր ժողովրդի կրթական մակարդակը չի գտնվում նույն բարձր մակարդակի վրա: Եվ կարծում եմ, որ այստեղ բոլորս քայլեր ունենք անելու: Պետության ուժը հենց դրանում է, որ անկախ թե դա ում կողմից է կատարվել, այդ մարդիկ պատժվեն»:

«Մենք առավել եւս շահագրգռված ենք քաղաքակիրթ, նորմալ ընտրություններով հաղթանակ տանել», - ասաց նա՝ համոզվածություն հայտնելով, որ Ռոբերտ Քոչարյանի կհաղթի երկրորդ փուլում:

Անդրադառնալով հանցին, որ, վիճարկելով առաջին փուլի արդյունքները, Ստեփան Դեմիրճյանը եւ նրա աջակիցները առայժմ երկրորդ փուլի գնալու մտադրություն չունեն, Վահագն Մկրտչյանը ասաց. - «Երկակի ստանդարտներով ժողովրդի հետ չարժե խոսել: Եթե մարդիկ չեն գնում երկրորդ փուլ, թող ասեն՝ չենք գնում: Ոչ թե գան, մասնակցեն վիճակահանությանը, բայց ժողովրդին հրապարակում ասեն՝ գնալու ենք նախագահի նստավայրը գրավենք: Իրենք իրենց գործողություներով արդեն գնացել են երկրորդ փուլի»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG