Մատչելիության հղումներ

Չնայած իշխանությունների նախազգուշացմանը, հանրահավաքը կայացավ


Չնայած երեկ Հանրային հեռուստատեսությամբ հնչած նախազգուշացմանը, որ այսօրվա հանրահավաքը արտոնված չէ եւ կոչին՝ զերծ մնալ դրան մասնակցելուց, Մատենադարանի մոտ այսօր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին սատարող բազմահազարանոց հանրահավաքը նույնիսկ ավելի մարդաշատ էր, քան նախորդը: Հանրահավաքին հետեւած երթը նախագահի նստավայր չգնաց, թեեւ նախորդ հանրահավաքում այդպիսի կոչ էր արել նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

«Մենք դա կանենք միանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները հայտարարելուց հետո, ռեալ փաստեր ունենալով», - հավաքվածներին բացատրեց Արամ Սարգսյանը:

Հաջորդ հանրահավաքը նշանակվեց փետրվարի 26-ին: Փետրվարի 25-ի երեկոյան, ինչպես հայտնի է, ԿԸՀ-ն հրապարակելու է փետրվարի 19-ի քվեարկության վերջնական արդյունքները:

Մինչեւ այսօրվա հանրահավաքի սկսվելը արդեն ներքին զորքեր կային Դեմիրճան փողոցում, Ազգային ժողովի շենքին հարող տարածքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ:

Որոշ լրագրողների, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հաջողվեց մի քանի հարց ուղղել Ստեփան Դեմիրճյանին: Արտաշես Գեղամյանի դիրքորոշմանը վերաբերող հարցին, ՀԺԿ նախագահը չպատասխանեց՝ խորհուրդ տալով դիմել անձամբ «Ազգային միաբանության» առաջնորդին: «Մի հարցում մեր տեսակետները համընկնում են», - այդուհանդերձ ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Ռոբերտ Քոչարյանը այդքան ձայն մեղմ ասած՝ չի ստացել եւ որ իրականացվել են զանգվածային կեղծիքները»:

Գործող իշխանությունների հետ՝ նրանց հետագա անվտանգությունը երաշխավորելու առումով բանակցությունների հնարավորությանը վերաբերող հարցին Դեմիրճյանը պատասխանեց, թե այդ մասին խոսակցություն լինել չի կարող, մինչեւ չիրականացվեն իրենց պահանջները. - «Մինչեւ չպատժվեն կեղծարարները եւ չազատվեն այն մարդիկ, որոնց ապօրինի ձերբակալել են»:

Հանրային հեռուստատեսությամբ երեկ հեռարձակված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը բանավեճի հրավիրեց Ստեփան Դեմիրճյանին: Հարցին, թե ընդունելո՞ւ է հրավերը, Ստեփան Դեմիրճյանը ասաց, թե պատրաստ է «դեբատների՝ եթե մյուս թեկնածուն, ուզում է է'լ ավելի արագացնել իր պարտությունը»:

«Ուրիշ բաներ էլ ասվեց մյուս թեկնածուի կողմից», - ավելացրեց նա: - «Ասվեց, որ ես կառավարելի թեկնածու եմ: Ես կուզենայի պատասխանել, որ կառավարելի է այն թեկնածուն, ում չի ընտրում ժողովուրդը, ով բռնազավթում է իշխանությունը, ով իշխանության է գալիս կեղծիքների միջոցով»:

Հանրավաքում իր ելույթը Ստեփան Դեմիրճյանը սկսեց Հանրային հեռուստատեսությամբ երեկ ցուցադրված՝ իրեն շրջապատող մարդկանց վերաբերող հաղորդմանն անդրադառնալով, որում վերջիններս ներկայացվում էին խիստ բացասական երանգներով: «Ես շատ հպարտ եմ իմ շրջապատով», - ասաց նա: - «Ես ուրախ եմ, որ այս քաղաքական ուժերը իմ կողքին են, եւ մենք միասին, ձեզ հետ միասին մեր երկիրը այս վիճակից դուրս ենք բերելու»:

Անցած հանրահավաքում, երբ պահանջներ էին հնչում հրապարակել փերտրվարի 19-ի քվեարկության իրական արդյունքները, պահանջել էին նաեւ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը այսօր նոր պահանջներ ներկայացրեց. - «Արտակ Սահրադյանը [ԿԸՀ նախագահը] իրավունք չունի ղեկավարելու այդ հանձնաժողովը: Նա անօրինականություն է թույլ տվել, եւ նա պետք է հետ կանչվի»: Բազեյանը ասաց նաեւ, թե կառավարությունից պահանջելու են ազատվել երկրի օրենսդրությունը խախտած, ընտրական գործընթացներին միջամտած, ընտրակեղծիքներին անձամբ մասնակցած նախարարներից՝ տալով կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի անունները:

Հանրահավաքում ելույթ ունեցան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին թեկնածու Արամ Սարգսյանը, նույնպես նախկին նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արշակ Սադոյանը եւ Շավարշ Քոչարյանը:

Հանրահավաքից հետո հավաքված բազմահազարանոց ամբոխը, երկու մասի բաժանվելով, երթով շրջեց քաղաքի կետրոնական փողոցներով: Ո'չ հանրահավաքի, ո'չ էլ երթի ժամանակ միջադեպեր չարձանագրվեցին:


Հրաչ Մելքումյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG