Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի փոխանցմամբ, փետրվարի 22-ին ոստիկանության աշխատակիցները ոստիկանության բաժիններ ապօրինի բերման են ենթարկել նախագահի թեկնածուի մի քանի տասնյակ վստահված անձանց եւ շտաբների ղեկավարների: Բերման ենթարկվածներից մի քանիսին արդեն դատարանի որոշմամբ վարչական պատասխանատվության են ենթարկել՝ երեկվա չարտոնված երթին մասնակցելու մեղադրանքով:

Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Աշոտ Սարգսյանը այդ առնչությամբ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանին: Թվարկելով բերման ենթարկվածներից այն անձանց անունները, ովքեր պետք է մասնակցեին քվեարկության արդյունքների բողոքարկման նիստերին, Աշոտ Սարգսյանը իր դիմումում խնդրում է զգուշացնել ոստիկանության ղեկավարությանը, որպեսզի դադարեցվեն ապօրինությունները:

«Ակնհայտ է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է», - «Ազատություն» ռադիոկայանին շաբաթ օրը ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը առաջին փուլում պարտվել է: Ակնհայտ է, որ նա կպարտվի նաեւ երկրորդ փուլում»:

ՀԺԿ նախագահի համար ակնհայտ է նաեւ, որ «իշխանությունը գնում է սադրանքների»: «Մեր պահանջները օրինական են», - շարունակեց նա: - «Մենք գնալու ենք օրինական ճանապարհով: Բայց մեր օրինական պահանջների առաջ խոչընդոտներ են դրվում»:

Դեմիրճյանի խոսքերով, իշխանությունները սաբոտաժի են ենթարկում ստուգումները: Ստեփան Դեմիրճյանը եւ նրան աջակցող քաղաքական ուժերի՝ այսօր տարածած հայտարարության մեջ ասված է. - «Առ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խուսափում է տրամադրել տեղամաս առ տեղամաս ընտրությունների արդյունքների արձանագրությունները, ինչը վկայում է, որ տեղամասերում արդեն իսկ կեղծված տվյալների գումարը որեւէ առնչություն չունի հրապարակված թվերի հետ»:

Չարտոնված երթին մասնակցելու մեղադրանքով բերման ենթարկվածներից Մասիսում 4 մարդու 15 օրով կալանելու մասին որոշում դատարանը արդեն կայացրել է: Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի տեղեկություններով, ավելի քան 100 մարդ արդեն բերման է ենթարկվել, եւ այդ թիվն անընդհատ աճում է:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Դեմիրճյանի նախընտրական շտաբի ակտիվ մասնակիցների ձերբակալություններով «քրեական գործերի ծխածածկույթի տակ իրականացվում են զանգվածային քաղաքական հալածանքներ եւ պետական ահաբեկչություն»:

«Բռնությամբ ուզում է զավթել իշխանությունը Ռոբերտ Քոչարյանը», - մեկնաբանեց ՍտեփանԴեմիրճյանը: - «Բայց իշխանության բռնազավթման փորձ մենք թույլ չենք տա: Ժողովուրդը, ըստ էության, իր ընտրությունը կատարել է»:

Ժողովուրդը, նրա խոսքերով արդարություն է պահանջում, ինչի վկայությունը երեկվա բազմահազարանոց հանրահավաքն էր: «Հնարավոր զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է վարչախմբի եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանի վրա», - ասաց Դեմիրճյանը: - «Մենք առավելագույնս կանենք, որպեսզի ցնցումներ չլինեն, որպեսզի օրինական ճանապարհով արդարությունը հաղթանակի: Մենք ամեն ինչ անում ենք օրենքի շրջանակներում»:

Նշված իրադարձություններին Հանրային հեռուստատեսության եթերում անդրադարձավ նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: «Մեր երկրի կայունությունը ես համարում եմ նաեւ իմ պաշտոնավարման լուրջ արդյունքներից մեկը եւ իհարկե թույլ չեմ տա, որ այդ կայունությունը որեւէ կերպ վտանգվի», - ասել է Ռոբրետ Քոչարյանը՝ ավելացնելով. - «Մենք շատ լուրջ եւ խիստ ձեւով արձագանքելու ենք բոլոր փորձերին, որոնք կարող են ուղղված լինել հասարակական կարգի խախտմանը եւ հատկապես բոլոր այն քայլերին, որոնք կարող են ուղղված լինել պետական մարմինների անխափան աշխատանքի դեմ: Իշխանությունը տիրապետում է իրավիճակին եւ իշխանությունը շատ լուրջ հակազդեցություն այս բոլոր միտումներին ունենալու է»:

Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Նա ծանուցեց, թե փետրվարի 23-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքը արտոնված չէ, արտոնված չէր նաեւ փետրվարի 21-ին կայացածը:

«Ես պետք է նշեմ, որ չարտոնված միտինգները նաեւ ունեն իրենից բխող իրավական հետեւանքներ, եւ ես կոչով դիմում եմ մեր բնակիչներին՝ զերծ մնալ չարտոնված միտինգներին մասնակցելուց», - ասաց Երեւանի քաղաքապետը:

Ստեփան Դեմիրճյանի շտաբից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, թե վաղը Մատենադարանի մոտ կայանալու է ոչ թե հանրահավաք, այլ ընտրողների հանդիպում նախագահի թեկնածուի եւ նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Չնայած այսօր լրացավ փետրվարի 19-ին կայացած ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը կազմելու ժամկետը, բայց քանի որ քվեարկության արդյունքների հետ կապված բողոքներ կան, ԿԸՀ-ն դրանք չի հրապարակի: Ըստ Ընտրական օրենսգրքի, ամփոփիչ արձանագրության հրապարակումը հանձնաժողովը կարող է հետաձգել մինչեւ փետրվարի 25-ը:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG