Մատչելիության հղումներ

logo-print

Մրցակից թեկնածուների ներկայացուցիչները բանակցում են Արտաշես Գեղամյանի հետ


Փետրվարի 19-ի քվեարկության նախնական արդյունքներով 17 տոկոս ձայն ստացած Արտաշես Գեղամյանը, թեեւ շարունակում է պնդել, որ քվեարկության արդյունքները հարկավոր է անվավեր ճանաչել եւ անցկացնել նոր ընտրություններ, այդուհանդերձ հանդիպումներ է ունենում ինչպես գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ Ստեփան Դեմիրճյանին աջակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այսօր, «Ազգային միաբանության» առաջնորդը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ: «Քննարկման առարկան էր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, եւ իմ մոտեցումները այս վիճակից դուրս գալու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեղամյանը: - «Ելքը դա է. չեղյալ հայտարարել ընտրությունները, նշանակել նոր ընտրություններ եւ պարտավորեցնել իշխանություններին, որ խստիվ, օրենքի շրջանակում պատժեն բոլոր օրինազանցներին, ովքեր փաստորեն հեղաշրջում կատարեցին փետրվարի 19-ին»:

«Ազգային միաբանության» առաջնորդի խոսքերով, Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է չեղյալ հայտարարի անցկացված «խայտառակությունը, որի անունն էր իբր ընտրություններ»:

Գեղամյանը կրկին պահանջեց պատժել բոլոր օրինազանցներին, ովքեր «պարզապես պատռել են» իր օգտին տրված տասնյակ հազարավոր քվեաթերթիկները:

Արտաշես Գեղամյանը չժխտեց, թե երեկ եւ այսօր թե իշխանության եւ թե Ստեփան Դեմիրճյանի ճամբարներից փորձում են ստանալ իր աջակցությունը: Գեղամյանը, սակայն, չհստակեցրեց իր դիրքորոշումը այդ կապակցությամբ:

Իր դիրքորոշումներն ու մոտեցումները Արտաշես Գեղամյանը ավելի հստակ ու հանգամանալից կներկայացնի հատուկ հայտարարությամբ, որով հանդես կգա երկուշաբթի:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG