Մատչելիության հղումներ

Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը կրկին վստահ են, որ հաղթելու են


Նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին աջակցող ազդեցիկ ուժերից որեւէ մեկն այս պահին ճամբարը լքելու մտադրություն չունի: Հակառակը, այդ ուժերի ներկայացուցիչները պնդում են, թե գոհ են փետրվարի 19-ի քվեարկության արդյունքից եւ վստահ, որ իրենց թեկնածուն երկրորդ փուլում համոզիչ հաղթանակ է տանելու:

Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի խոսքերով, տեղի ունեցածը «շատ հետաքրքիր ֆենոմեն է», քանի որ, ինչպես իրեն ասել է ամերիկացի դիտորդներից մեկը, ԱՊՀ բոլոր երկրներում, բացի Հայաստանից, դա [փետրվարի 19-ի քվեարկությունը] կդիտվեր եւ կձեւակերպվեր որպես հաղթանակ՝ շրջանցելով ժողովրդի կամքը: Իսկ Հայաստանում դա տեղի չունեցավ:

Հերքելով կարծիքները, թե ընտրակեղծիքները չափազանց շատ էին, նաեւ՝ միջազգային դիտորդների արձանագրածները, եւ դա էր, որ դրդել է գործող նախագահին գնալ երկրորդ փուլի, Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հիմնական գործոնը Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունն էր»:

«Ես կարող եմ հպարտությամբ ասել, որ նախագահի մոտ կասկած անգամ չկար, որ դա պիտի լինի լուծումը», - ավելացրեց նա:

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը տարակուսեց, թե ինչպես կարող է որեւէ կուսակցություն «առաջին փուլի ակնհայտ հաջողությունից հետո հրաժարվել իր թեկնածուից»:

«Օրինաց Երկիր» կուսակացության նախագահ Արթուր Բաղդասարյանն անընդունելի է համարում ընտրությունների արդյունքը վիճարկող հայտարարությունները՝ փաստարկելով. - «Եթե կեղծվեին, ապա կգրվեր... ոչ թե 49,8 տոկոս, այլ կեղծողը կգրեր 53-54 տոկոս, եւ դրանով կվերջանար»:

Արթուր Բաղդասարյանը խուսափեց պատասխանել ընդդիմադիր որոշ թեկնածուների հետ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիմ ներառելու նպատակով բանակցությունների հնարավորությանը վերաբերող հարցին՝ ասելով, թե այդ հարցերը ենթակա են շտաբի քննարկման: Տիգրան Թորոսյանը, գաղափարական, սկզբունքային տեսակետից նման բանակցությունները չբացառելով հանդերձ, ասաց. - «Բայց մեր խնդիրը ոչ թե բանակցություններն են կամ որեւէ մեկին մեր կողմը գրավելը... Մենք պետք է օգտագործենք մեր ներքին հնարավորությունները, որոնք ամբողջությամբ չեն օգտագործվել»: Վահան Հովհաննիսյանը նույնպես չբացառեց նման բանակցությունները՝ ասելով, թե «սա քաղաքական պայքար է», իսկ բանակցությունները՝ քաղաքական պայքարի քաղաքակիրթ ձեւ:

«Ես կարծում եմ, որ երկու կողմերին էլ պետք է կոչ անել տոլերանտ եւ փոխադարձ հարգանքով վերաբերել միմյանց», - շարունակեց նա: - «Օրինակ, էս լաչառությունը, թե՝ ոչ մի բան չենք ճանաչում, գնանք, ջարդենք-կոտրենք... Դաշնակցությանը փորձում են վախեցնել ջարդել- կոտրելո՞վ... Եթե հանկարծ անկարգություն տեղի ունենա երկրում, ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները այդ ամբողջ կոնտրոլը կկարողանան վերականգնել»:

Երկրորդ փուլում ընդդիմության միավորվելուն վերաբերող հարցին, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ընդդիմությունն էլ միատեսակ չէ: Վերջապես ընդդիմության մեջ շատ մարդիկ կային, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հավանում Քոչարյանի իշխանությունը կամ Քոչարյանի շրջապատի մարդկանց, բայց նրանք չեն կարող համաձայնել ՀՀՇ-ի վերադարձին: Իսկ Ստեփան Դեմիրճյանի թիմի հաղթանակը դա ՀՀՇ-ի վերադարձն է, ընդ որում, որոշ ժամանակ հետո՝ առանց Ստեփան Դեմիրճյանի», - համոզված պնդեց ՀՅԴ բյուրոյի անդամը:

Ռոբերտ Քոչարյանի շտաբի մարտավարությունը, նրա խոսքերով, ամենայն հավանականությամբ՝ հաշվի առնելով առաջին փուլի փորձը, կփոփոխվի: «Ադմինիստրատիվ ռեսուրսի մեջ կան էնպիսի կերպարներ, որոնք ժողովրդի կողմից չեն ընկալվում», - ասաց նա՝ ավելացնելով որ կփոփոխվի «աշխատանքի մեթոդաբանությունը»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG