Մատչելիության հղումներ

Քոչարյանն ու Դեմիրճյանը կպայքարեն երկրորդ փուլում


Երեկ կայացած քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո պարզ դարձավ, որ նախագահի 9 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ քվեների քանակը՝ ընտրությանը մասնակցածների ձայների 50 տոկոս գումարած մեկ ձայն: Ըստ նախնական արդյունքների, երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու Քոչարյանը փաստորեն ստացել է 49,8 տոկոս», - երեկ կայացած քվեարկության նախնական արդյունքները հրապարակեց ԿԸՀ նախագահը: - «Եվ այս արդյունքին հետեւում է երկրորդ փուլը»:

Այնուհետեւ Սահրադյանը տեղեկացրեց, որ Արտաշես Գեղամյանը հավաքել է 17 տոկոս, իսկ Ստեփան Դեմիրճյանը՝ 27,7 տոկոս: Քվեարկության մասնակցած ընտրողների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ռոբերտ Քոչարյանը ստացել է 709260 ձայն, Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը՝ համապատասխանաբար 392636 եւ 221822 ձայն:

Երկրորդ փուլ անցել են գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Ես ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ այս մասին ես տեղյակ եմ պահել հանրապետության ղեկավարությանը, որ մենք գնում ենք երկրորդ փուլ», - լրագրողներին ասաց Սահրադյանը՝ ավելացնելով, թե հանրապետության ղեկավարները այդ լուրը «նորմալ են ընդունել»:

«Համախմբված ժողովուրդը կհաղթանակի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀԺԿ հապավումը յուրովի բացեց Ստեփան Դեմիրճյանի շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը՝ շարունակելով. - «Եվ համախմբված ժողովուրդը հաղթանակեց, որպեսզի երկրում մարդը վերագտնի իր արժանապատվությունը եւ հաստատի արդարություն»:

Գրիգոր Հարությունյանը ասաց, թե իրենք դեռ քննարկում են գնա՞լ երկրորդ փուլի, թե՞ «ուսումնասիրել եւ մեկ փուլով ավարտել»: Նրա խոսքերով, Քոչարյանի «բարոյական իրավունք չունի» մասնակցել ընտրություններին: Իսկ հարցին, թե օրենքի շրջանակներում ինչպե՞ս է դա պատկերացնում, Հարությունյանը ասաց. - «Ես կարծում եմ, որ մենք կապացուցենք, որ 1 միլիոն 500 հազար մարդ չի մասնակցել ընտրություններին: Կապացուցենք, որ բավականին քիչ մարդիկ են մասնակցել ընտրություններին, եւ Դեմիրճյանը հաղթել է»:

Գործող նախագահի նախընտրական շտաբի պետ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հինգշաբթի երեկոյան հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե իրենք հրապարակված նախնական արդյունքները գնահատում են «որպես վստահություն գործող նախագահի հանդեպ»: Սարգսյանի խոսքերով, այդպիսի տոկոսը 8 մրցակիցների պայքարում շատ լավ տոկոս է երկրորդ փուլում հաղթելու համար: Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ գործող նախագահը անպայման կհաղթի երկրորդ փուլում:

Անդրադառնալով ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի դիտորդական առաքելությունների՝ այսօր տարածած հայտարարությանը, ուր լուրջ խախտումներ են մատնանշվում, Սերժ Սարգսյանը ասաց, թե քաջատեղյակ չէ, թե ինչ թերությունների մասին է խոսքը: Ինչեւէ, Քոչարյանի շտաբի ղեկավարը հույս հայտնեց, որ ԿԸՀ-ն կուսումնասիրի դիտորդների հանձնարարականները:


Հրաչ Մելքումյան, Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG