Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդները լուրջ թերություններ են մատնանշում


Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) եւ Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելությունները հինգշաբթի օրը տարածած համատեղ հայտարարությամբ նշում են, որ փետրվարի 16-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում «լուրջ խախտումների առկայությունը հնարավորություն չի տալիս գնահատել գործընթացը իբրեւ դրական»:

ԱՊՀ, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի դիտորդական առաքելությունների ղեակավարները այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրին ընտրությունների իրենց նախնական գնահատականները: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիթեր Այքերի գնահատմամբ, նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ հանգիստ եւ լավ կազմակերպված անցան, սակայն «քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը թերի էր, իսկ նախընտրական գործընթացը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին»:

Այքերը դրականի շարքում նշեց նախագահի 9 թեկնածուների մասնակցությունը, երկրի ողջ տարածքն ընդգրկած ակտիվ քարոզարշավը: Անցյալ տարի փոփոխության ենթարկված Ընտրական օրենսգիրքը, նրա խոսքերով, հնարավորություն տալիս էր ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:

«Միջազգային չափանիշների առումով մի շարք թերություններ, այնուամենայնիվ, առկա էին», - դրական գործոններն արձանագրելուց հետո փաստեց Այքերը՝ նշելով նախընտրական շրջանում հնչած սպառնալիքները, քարոզարշավի խափանման եւ բռնության դեպքերը: - «Մինչդեռ չի կարող ժողովրդավարական կոչվել այն ընտրությունը, որտեղ բռնություններ կամ սպառնալիքներ են լինում»:

Շարունակելով, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը ասաց, որ գործող նախագահի քարոզարշավն իրականացնելու համար օգտագործվել են պետական միջոցները. - «Հանրային հեռուստատեսությունը չկատարեց իր հիմնական պարտավորությունները՝ ապահովել հավասարակշռված եւ անկողմնակալ տեղեկատվության հեռարձակում նախագահի բոլոր թեկնածուների վերաբերյալ»:

«Լուրջ խախտումներ են արձանագրվել», - ասաց Այքերը: - «Հատկապես լուրջ մտահոգության տեղիք են տալիս քվեատուփերը լցնելու դեպքերը, մասնավորապես թիվ 250, 703, 219, 122 եւ 133 ընտրական տեղամասերում»:

Իսկ ընտրությունների ավարտից հետո, արդեն հաշվարկման գործընթացի ժամանակ թիվ 390 տեղամասում միջազգային դիտորդները քվեաթերթիկներ լցնելու դեպքի են ականատես եղել, որոշ տեղամասերից ստացված տեղեկություններում արձանագրվել է տվյալների անհամապատասխանություն: Ընտրությունների ընթացքի մասին վերջնական գնահատականը, ըստ Այքերի, կախված կլինի արդյունքների ամփոփումից եւ բողոքարկման արդյունքերից:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռասսել Ջոնսթոնի խոսքերով, Հայաստանում անցկացված ընտրական այս գործընթացները ինչ-որ տեղ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պատրավությունների մի մասի մոնիտորինգ էր նաեւ: Անձամբ Ռասսել Ջոնսթոնը եղել է 11 ընտրական տեղամասերում, եւ նրա տպավորությունն ընդհանուր առմամբ դրական էր. կազմակերպչական աշխատանքները հիմնականում բավարար մակարդակով էին կատարված:

Այդուհանդերձ, նկատի ունենալով թե' իր ղեկավարած պատվիրակության, թե' ԵԱՀԿ դիտորդական առաքելության արձանագրած խախտումները՝ «դժվար է ընտրություններին ընդհանուր առմամբ դրական գնահատական տալ», - ասաց Ջոնսթոնը: Նա ավելացնելով, թե չի կասկածում, որ Հայաստանը կարող է ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, սակայն, «ցավոք, դեռեւս կան մարդիկ, կազմակերպություններ, ովքեր փորձում են խափանել գործընթացը եւ թույլ չտալ ընտրողներին ազատ արտահայտել իրենց կարծիքը»:

ԱՊՀ դիտորդական պատվիրակության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Յուրի Յարովի խոսքերով, մինչդեռ, չնայած որոշ ոչ էական խախտումներին, նախագահական ընտրությունները Հայաստանում արդար թափանցիկ եւ օրինական էին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG