Մատչելիության հղումներ

Նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդները բարձր են գնահատում իրենց հնարավորությունները


Չորեքշաբթի առավոտյան 8.00-ից Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում սկսվեց քվեարկությունը: Նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդները, յուրաքանչյուրն իր հերթին, լավատեսորեն են տրամադրված: Չնայած անընդհատ տեղացող առատ ձյանը, սպասվում է ընտրողների բարձր մասնակցություն:

Երեւանի Սպանդարյան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում, ուր տիկնոջ եւ երեք զավակների հետ քվերակության էր եկել Հայաստանի գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հավաքված լրագրողներին կրկին հավաստիացրեց, թե առանց նախնական հաշվարկների չէր մտնի ընտրապայքար:

«Կարծում եմ, որ իսկապես ազատ եւ արդար ընտրություններ են լինելու», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե երաշխավորվա՞ծ են արդյոք արդար ընտրությունները:

Նույն հարցին ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասաց. - «Ես համոզված եմ, որ ազատ, արդար ընտրություններ են լինելու, եւ ժողովրդի կամքը արտահայտվելու է»: Օսկանյանը այսօր էլ համոզմունք հայտնեց, թե քվեարկությունը կավարտվի մեկ փուլով:

Ռոբերտ Քոչարյանի շտաբի ղեկավար, պաշտպանության՝ արձակուրդում գտնվող նախարար Սերժ Սարգսյանը, որը քվեարկեց նույն ընտրատեղամասում, նույնպես վստահ է, թե ընտրությունները մեկ փուլով են ավարտվելու:

Իրենց հաղթանակի նկատմամբ վստահ են նաեւ ընդդիմադիր թեկնածուները: Երեւանի Չեխովի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում քվեարկում էին երկու ընդդիմադիր թեկնածու՝ Ստեփան Դեմիրճյանը եւ Վազգեն Մանուկյանը: ՀԺԿ նախագահը լրագրողների ասաց, որ «ցածր չի գնահատում իր հնարավորությունները»: Վազգեն Մանուկյանի խոսքերով, արդար ընտրությունների հույսը միշտ էլ «այդքան մեծ չի»: «Վերջիվերջո, Հայաստանի իրական պատմությունը կսկսվի առաջին արդար ընտրություններից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուկյանը:

«Որեւէ մեկը միամիտ չէ, որ կարծի, թե այս իշխանությունը կարող է առանց կեղծիքներ ընտրություն անի», - պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Ուրիշ հարց՝ ինչքանով մենք կկանխենք այդ կեղծիքները»: ՀԺԿ նախագահը, անշուշտ, վստահեցրեց, որ արվում եւ արվելու է ամեն ինչ կեղծիքները կանխելու համար:

Ընդդիմադիր մյուս թեկնածուն «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Ե. Չարենցի անվան դպրոցում քվեարկելուց հետո ասաց, թե «այնքան ձայն կստանա, ինչքան անհրաժեշտ է հաղթելու համար»: «Ես բացառում եմ իմ չհաղթելը», - ավելացրեց նա՝ չբացառելով, սակայն երկրորդ փուլի հնարավորությունը.- «Ենթադրում եմ, որ ես եւ Ստեփան Դեմիրճյանը կլինենք երկրորդ փուլում»:

Գեղամյանը լրագրողներին ասաց նաեւ, որ քվեարկությունը սկսվելուց ընդամենը մեկ-երկու ժամ անց արդեն բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրվել: Նրա խոսքերով, բանակում զինվորականներին տվել են արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանի օգտին գրանցված քվեաթերթիկներ: «Այդ բոլոր փաստերը, բնականաբար, արձանագրվել են», - ասաց թեկնածուն՝ ավելացնելով, որ դրանք կտրամադրվեն մամուլին: - «Իշխանությունները հոգեվարքի մեջ են եւ իրենք իրենց ձեռքում բարդացնում են իրենց ճակատագիրը՝ հազարավոր մարդկանց ներքաշելով հակաօրինական գործողությունների մեջ»:

Քվեարկությունը դեռ ընթանում էր, երբ Արտաշես Գեղամյանի շտաբի պատասխանատուներից Աղասի Արշակյանը, նշելով, որ բազմաթիվ խախտումներ են արձանագրել, հայտարարեց. - «Այն, ինչ մենք այս անգամ տեսանք եւ ականատես ենք լինում, աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում անցկացված ընտրությունների պատմության մեջ»:

Զանգվածային բնույթի ընտրախախտումների մասին դեռ քվեարկության ընթացքում խոսեց նաեւ նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը՝ դա բացատրելով նրանով, որ «իշխանությունները սպառել են իրենց եւ փորձում են սվիններով պահել իշխանությունը»:

Ընտրատեղամասերը այսօր իրոք բազմամարդ էին: Տեղամասերից մեկում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Սեդա Կարապետյանը նկատել էր, որ տրցակով քվեաթերթիկներ են լցնում քվեատուփի մեջ: Հանձնաժողովի նախագահ Վաչագան Թադեւոսյանը, սակայն, պնդում էր, թե ոչինչ չի եղել, ինքը ոչինչ չի տեսել, թեեւ տրցակը երեւում էր թափանցիկ քվեատուփի մեջ: Դա նկարահանել էր նաեւ «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը: Վերջինիս ինչ-որ անձինք դուրս են հրավիրել, խլել են տեսախցիկը, ապա վերադարձրել են առանց տեսաժապավենի:

Այս եւ այլ նկատված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ եւ դրանք կարող են ճշտվել միայն քվեարկության ավարտից ու քվեները ընտրացուցակներում ընդգրված ընտրողների թվի հետ համեմատելուց հետո:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանի, ակնհայտ է որոշ ընդդիմադիր թեկնածուների շտաբերի կողմից «կեղծ լարվածություն մտցնելու միտումը»: Նրա խոսքերով, մոտ 4 ժամ շրջափակման մեջ է գտնվել Ռոբերտ Քոչարյանի՝ Նոր Նորքի ընտրական շտաբը:


Ռուզան Խաչատրյան, Կարինե Քալանթարյան, Գայանե Դանիելյան, Հրաչ Մելքումյան եւ Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG