Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրությունների օրը ժամը 17-ին շրջանառության մեջ դրվեց մի հայտարարություն, որի տակ ստորագրել էին նախագահի թեկնածուներ Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Արամ Կարապետյանը, Գառնիկ Մարգարյանը եւ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ, սակայն, տարածվեց արդեն երկրորդ՝ ավելի մեղմ հայտարարությունը՝ առանց Գառնիկ Մարգարյանի ստորագրության:

Առաջին հայտարարության մեջ, նշելով, թե «նախագահի ընտրությունների ընթացքը ցույց է տալիս, որ պետական մեքենայի բոլոր լծակները նպատակաուղղված օգտագործվում են ընտրությունների արդյունքները կանխորոշելու նպատակով», ընդդիմադիր 6 թեկնածուները գալիս են բավական խիստ եզրահանգման. - «Ընտրությունների ընթացքը միտումնավոր խեղաթյուրվել է եւ նրա արդյունքները չեն կարող ճանաչվել օրինական»:

Ավելի ուշ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե դա քննարկման ենթակա նախագիծ էր: Մինչդեռ Արտաշես Գեղամյանը պնդեց, որ չի հրաժարվում իր ստորագրությունից:

Երկրորդ հայտարարության մեջ ասված է. - «Մենք՝ ներքոստորագրյալ ՀՀ նախագահի թեկնածուներս, հաշվի առնելով քվեարկության ընթացքում կատարվող զանգվածային իրավախախտումներն ու բռնությունները, հայտարարում ենք, որ վտանգված են ընտրությունների ազատ ու արդար ընթացքը եւ երկրի միջազգային հեղինակությունը»:

Հայտարարությունը, այդուհանդերձ եզրափակվում է ավելի մեղմ ձեւակերպումներով. - «Այս ամենը ժողովրդի վստահությունը չվայելող գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի վերջին ճիգերն են՝ ամեն գնով պահպանելու իր իշխանությունը, ինչը նրանց չի հաջողվի»:

Առայժմ որեւէ արձագանք Ռոբերտ Քոչարյանի շտաբից կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից չի ստացվել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG