Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր քվեարկության եկած եւ ընտրացուցակներում իրենց անունները չգտած քաղաքացիները, ըստ օրենքի, ընտրական իրավունքը վերականգնելու համար ընտրատեղամասերից ստացված հատուկ կտրոններով պետք է դիմեն առաջին ատյանի դատարան, որը վճիռներն ընդունում է արագացված կարգով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը, ժամը 16-ի դրությամբ Երեւանում դատական կարգով սեփական ընտրական իրավունքը վերականգնել էր 3134 քաղաքացի, իսկ մարզերում՝ 4235: Հատկապես շատ են եղել անճշտությունների Երեւանի Մալաթիա - Սեբաստիա, Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Էրեբունի - Նուբարաշան համայնքների առաջին ատյանի դատարանների մոտ հսկայան հերթեր էին գոյացել: Շատերը, խիստ զայրացած հերթից դուրս էին գալիս ու հեռանում՝ առանց ընտրական իրավունքը վերականգնելու:

Ավելի հետեւողական գտնված եւ հերթում մնացած քաղաքացիները անասելի բորբոքված էին: «Ընտրության եմ գնում, ուղարկում են մեկ տեղամասից մյուսը, եւ ոչ մի տեղը անունս չկա», - զայրացած պատմեց մի կին: - «Ուղարկեցին դատարան առանց կտրոն տալու, իսկ այստեղ էլ ասում են մինչեւ կտրոն չլինի, իրավունք չունենք»:

Հերթում կանգնածներից շատերը սա դիտավորություն էին համարում: «Էս բոլորը անհամարհանք է սեփական ժողովրդի նկատմամբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի տղամարդ: - «Էստեղ եկողները բոլորը գալիս են, որ իրենց ցանկացած նախագահին ընտրեն: Արհամարհված է ժողովուրդը... Ես անձամբ ուզում եմ նախագահ ընտրեմ, որին ասեմ՝ բարով վայելես: Բա նրանք, ովքեր թքում-գնում են, ո՞վ ա գցելու նրանց տեղը: Էս ի՞նչ ընտրություն են կազմակերպել»:

Ցուցակներում իրենց անունները չգտած մարդկանցից շատերը տարիներ շարունակ դատական կարգով են վերականգնում իրենց ընտրական իրավունքը:

Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի խոսքերով, դատարանի բոլոր դատավորները այսօր ծանրաբեռնված աշխատում են: Հերթը, այդուհանդերձ, չէր նվազում:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG