Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդները «ուշադրությամբ ու քննադատաբար» են հետեւելու քվեարկության ընթացքին


Վաղը կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու են 300-ից ավելի միջազգային դիտորդներ: Հիմնական առաքելությունը կատարում է ԵԱՀԿ-ն իր շուրջ 250 դիտորդներով: Եվրախորհրդի 12 դիտորդներից բաղկացած խումբը Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, լորդ Ռասսել Ջոնսթոնի գլխավորությամբ այսօր այցելեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը լրագրողներին ասաց, թե քննարկվել են ընտրական գործնթացներին, վստահված անձանց, դիտորդների իրավունքներին վերաբերող հարցեր:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե եվրոպական ընտանիքում ամրապնդվելու առումով ի՞նչ նշանակություն կունենան Ադրկովկասի ընտրական գործընթացները (Ադրբեջանում այս տարի նույնպես նախագահական ընտրություններ են լինելու, իսկ Վարստանում՝ խորհրդարանական) տարածաշրջանի երկրների համար, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը պատասխանեց. - «Որքան ժողովրդավարական լինեն ընտրական գործընթացները, այնքան լավ կացություն կլինի կովկասյան երկրներում: ԿԸՀ-ի նախագահը պնդում է, որ սա լինելու է ամենաարդար ընտրությունը: Մենք կտեսնենք, թե վաղն ինչ է լինելու: Բոլոր դիտորդները ուշադրությամբ ու քննադատաբար պիտի հետեւեն, թե իրադարձությունները ինչպես են զարգանում»:

Անցած ամսվա վերջին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ասել էր, թե ընթացիկ տարվա ընթացքում կայանալիք ընտրությունները վճռական են դարձնում 2003-ը Հարավային Կովկասի համար: «Ես նույնիսկ չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինեն հետեւանքները նաեւ Եվրոպայի խորհրդում նրանց դիրքերի առումով, եթե Հարավային Կովկասի երկրներում 2003 թվականին կայանալիք ազատ ու արդար ընթացք չունենան», - ասել էր նա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, մինչդեռ, արդեն կահավորված է մամուլի սրահը. տեղադրված է ուղիղ հեռարձակման տեխնիկան, եւ վաղը ժամը 11-ին եւ այնուհետեւ 3 ժամը մեկ ուղիղ եթերով հաղորդագրություններ են տարածելու հանրային հեռուստատեսությունն ու «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը:

Ընտրությունների ավարտից 12 ժամ հետո՝ փետրվարի 20-ի առավոտյան 8-ին ընտրատարածքային 56 հանձնաժողովները պարտավոր են ԿԸՀ հաղորդել նախնական արդյունքները, իսկ 2 ժամ հետո ԿԸՀ-ն պետք է հրապարակի քվեարկության նախնական տվյալները՝ մասնակիցների թիվը, յուրաքանչյուր թեկնածուի ստացած ձայների թիվը, եւ անձանագրված անճշտությունների քանակը:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 2 մլն 295 հազար ընտրող կա, ձեւավորված է 1865 ընտրական տեղամաս: Քվեարկության համար ընտրատեղամասերը բաց կլինեն 8.00-ից մինչեւ 20.00:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG