Մատչելիության հղումներ

Ընտրական հանձնաժողովներում պատրաստվում են քվեարկությանը


Նախագահական ընտրությունների նախօրյակին երկրի 56 ընտրատարածքային հանձնաժողովներ էին ներկայանում տարածքային հանձնաժողովների նախագահները, ստանում էին քվեաթերթիկների անհրաժեշտ քանակությամբ փաթեթները, կնիքը: Օրվա երկրորդ կեսին արդեն բոլոր տեղամասերի հանձնաժողովները ստացել էին փաթեթները:

Տեղամասերում վիճակահանությամբ հանձնաժողովի երեքական անդամներին ընտրելուց հետո փաթեթները բացվում են, եւ «դիտորդների եւ վստահված անձանց ներկայությամբ այդ երեք հոգին հատ-հատ ստորագրում են քվեաթերթիկները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոհար Քյալյանը:

Տեղամասային հանձնաժողովների որոշ անդամներն այսօր ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են աշխատանքից: Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Լեւոն Օհանջանյանի վկայությամբ, հանձնաժողովներում ընդգրկված են լինում մարդիկ, ովքեր «ոչ փորձ ունեն, ոչ էլ օրենք գիտեն»: Ուսուցողական աշխատանքներից ու գործնական պարապմունքներից հետո, սակայն, ոմանք «հրաժարվում են աշխատել» կամ «կուսակցությունն են փոխում»:

Ըստ օրենքի, քվեարկությունից 4 օր առաջ իրավունք չունեն հանձնաժողովի անդամին փոխել, բայց հաճախ ստիպված են լինում: Օհանջանյանի խոսքերով, մինչեւ օրվա վերջ իրենք դեռ պետք է համալրեն իրենց ընտրատարածքին ենթարկվող երեք հանձնաժողովների կազմը:

Արդարադատության նախարարությունը այսօր տարածել է հաղորդագորւթյուն-պարզաբանում, որում նկարագրված են քայլերը, որ իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար պետք է անեն այն ընտրողները, ովքեր «ընտրական տեղամասերում կհայտնաբերեն ընտրացուցակներում իրենց ընդգրկված չլինելը կամ որեւէ այլ անճշտություն»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG