Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Անգամ ամենաժողովրդավարական երկրներում ցանկացած նախագահական քարոզչության մեխը մրցակցի դեմ վարկաբեկիչ փաստերի հավաքումն ու հրապարակումն է», - քարոզարշավն ամփոփելով մխիթարում է «Առավոտ» թերթը՝ միաժամանակ մատնանշելով. - «Քաղաքական կուլտուրայի պակասը երեւում է այլ բանից. մեր թեկնածուներն իրենց հակաքարոզչությունը փորձում են իրականացնել բացառապես մենախոսության ժանրով։ Այսինքն՝ ասում են իրենց կարծիքը մրցակցի մասին, մեղադրում են նրան այսինչ կետերում, հրապարակում են վարկաբեկիչ նյութեր, եթե այդպիսիք կան, ու վերջ... Եվ մեզ մնում է կա'մ հավատալ այդ մեղադրանքներին ու արդարացումներին կա'մ չհավատալ, որովհետեւ մրցակիցը կա'մ հնարավորություն, կա'մ էլ ցանկություն չունի դեմառդեմ հանդիպել իր ընդդիմախոսին ու բանավիճել նրա հետ»:

Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի, «քարոզարշավի ողջ ընթացքն ու բովանդակությունը ակնհայտորեն ցույց տվեց մի բան. ինչ ծրագրեր ու գաղափարներ ասպարեզում կային մինչ հունվարի 21-ը, կան նաեւ այսօր, ոչ մի նորություն, իսկ քարոզարշավն ընդամենը մի մեծ աղմուկ էր, հսկայական շոու»: «Անցած քարոզարշավը տվեց ոչ թե ընտրություն կատարելու այլընտրանքային հնարավորություններ, այլ է'լ ավելի ամրապնդեց վերջիններիս բացակայության մասին մեր համոզմունքը... Հանուն ինչի՞ ենք քվեարկելու հօգուտ փոփոխության ճանապարհի, եթե այդ հանունը այդպես էլ անհայտ մնաց», - հարց է դնում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:

«Փետրվարի 19-ը այն քիչ օրերից մեկն է, երբ ժողովուրդը օբյեկտից կարող է դառնալ սուբյեկտ, այն էլ՝ հզոր սուբյեկտ, այնքան հզոր սուբյեկտ, որ ի զորու է օբյեկտիվ ընտրություն կատարել», - շեշտադրում է «Օրրան» թերթը: - «Փետրվարի 19-ին մեզ լուրջ փորձություն է սպասում: Պիտի կարողանանք բոլորին ասել, որ մենք արժանի ենք ընտրության ազատությանը, ազատությանն՝ ընդհանրապես եւ անկախությանը՝ հատկապես... թույլ չտանք, որ մեր ձայնով, մեր քվեով որոշ մարդիկ, որոշ խմբեր նախագահ ընտրեն իրենց համար», - կոչ է անում «Օրրան»-ը: - «Հանենք մեր միջից ձայնազուրկ ստրուկին, կարիքից ու թշվառությունից ստրկացվածին, որպեսզի մե'ր ընտրությունը մենք կարողանանք կատարել»:

Դեպի ընտրություն իր «վերջին խոսքը» «Իրավունք»-ի մեկնաբանը եզրափակել է այսպես. - «Անգամ զանգվածային կոպիտ կեղծիքների դեպքում ընտրությունների երկրորդ փուլը անխուսափելի է: Մնում է հուսալ, որ առաջիկայում ամեն ինչ կանցնի խաղաղ, ընդհարումներ, բռնարարքներ եւ այլ երեւույթներ չեն լինի, բնակչությունն էլ կգերադասի ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ իր բաժին քվեաթերթիկները չդարձնել կեղծարարների ավար»:

Հավանական կեղծումների տարատեսակների մասին տեղեկություններ ու զգուշացումներ են ներառում այսօր «Առավոտ»-ն ու «Հայկական ժամանակ»-ը: «Մի շարք մարզերից ահազանգեր ստացվեցին, որ իշխանության տարբեր օղակներ նախապես կազմված ցուցակներով ընտրողներին են բաժանում նախագահի թեկնածուներից մեկի անվան դիմաց նշագրումով քվեաթերթիկներ», - փոխանցում է վերջինս: - «Մի շարք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների դարձյալ տրցակներով լրացված քվեաթերթիկներ են տվել ու պատվիրել փետրվարի 19-ին դրանք գցել քվեատուփերի մեջ»: Չնայած մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերքումներին, նման լուրեր են զետեղել մի քանի այլ թերթեր եւս:

Շաբաթ օրը տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության ընդլայնված նիստ: Ներկայացնելով դրա շարժառիթներն ու արդյունքը, Ազգային ժողովի «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար, ԵԿՄ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. - «Ասեկոսեներից, կեղծ խոսակցություններից զերծ մնալու համար, եւ որպեսզի ժողովուրդը համոզվի, որ ԵԿՄ-ն իր հարազատ զավակն է, եւ իր ժողովրդին հավատարիմ՝ միշտ պաշտպանել է նրան հակառակորդից եւ թշնամուց, հայտարարեցինք, որ չենք կարող դեմ դուրս գալ մեր ժողովրդին: Այնպես որ, ժողովուրդը ինչպես կքվեարկի, ինչպես կորոշի, ԵԿՄ-ն պարտավոր է պաշտպանել ժողովրդի կամքը»:

«Օրրան» թերթը այսօր հարցազրույց է մատուցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովի հետ՝ վերնագիր բարձրացնելով վերջինիս հետեւյալ ընդգծումը. «Նախագահական ընտրությունների արդյունքները չեն փոխի ռուս-հայկական հարաբերությունների որակը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG