Մատչելիության հղումներ

ԿԸՀ նախագահը խոստանում է, որ քվեարկության արդյունքները կփակցվեն ընտրատեղամասերում


Ինչպես երկուշաբթի օրը լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արտակ Սահրադյանը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյի եւ ԵԱՀԿ դիտորդների հորդորը՝ քվեարկության արդյունքները (միչեւ ընտրատարածքային հանձնաժողովներ ուղարկելը) ընտրատեղամասերում փակցնելու մասին, հաշվի կառնվի ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո:

«Այդ հարցի վերաբերյալ մենք որեւէ որոշում չենք ընդունի այն պարզ պատճառով, որ մեր օրենքը նման պահանջ չունի», - երկուշաբթի օրը լրագրողներին ասաց Արտակ Սահրադյանը:

ԿԸՀ նախագահը ավելացրեց, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, տեղամասային ընտրական հանձնաժողովների մակարդակով բոլոր արդյունքները հրապարակման պահին, այսինքն՝ ընտրությունների ավարտից առնվազն 12 ժամ հետո հասանելի են լինելու լրագրողներին եւ դիտորդներին:

Միջազգային դիտորդների նման առաջարկությունների հիմքում այն մտայնությունն է, թե ընտրատեղամասային հանձնաժողովներում արդյունքների ֆիքսման դեպքում ընտրատարածքային հանձնաժողովներում «թվեր նկարելը» շատ կդժվարանա:

ԿԸՀ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ մերժվել է ԵԱՀԿ դիտորդների մյուս առաջարկը՝ քվեարկության ընթացքում նստել ընտրական հանձնաժողովների անդամների կողքին: Սահրադյանի փաստարկմամբ՝ քանի որ նման առաջարկը մերժելի է Վենետիկի հանձնաժողովի համար, ինչպես նաեւ՝ Հայաստանի Ընտրական օրենսգրքով, նման դրույթ չկա ԵԱՀԿ դիտորդների կոդեքսում եւ, վերջապես՝ դրանով կփոշիանա պատասխանատվությունը:

«Եթե 2-3 մարդ պատասխան տվեց մի հարցի համար, նշանակում է՝ ոչ ոք պատասխան չի տալիս», - ասաց Սահրադյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել է Հայաստանի ընտրողների ընդհանուր ցուցակը: Ըստ այդմ՝ Հայաստանում ընտրողների թիվը շուրջ 2 մլն 300 հազար է:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG