Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Երեւանում վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանն ու իր աջակիցները վստահություն հայտնեցին, թե փետրվարի 19-ի քվեարկությանը գնում են հաղթելու համոզմունքով: Դեմիրճյանը հանրահավաքում հնչած ելույթներում բնորոշվում էր որպես «Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահ»:

«Փետրվարի 19-ից հետո երկիրը ունենալու է նոր նախագահ», - հավաքվածների բուռն բացականչությունների ներքո ասաց Ազգային ժողովի պատգամավոր Շավարշ Քոչարյանը:

Բազմամարդ հարթակում Ստեփան Դեմիրճյանի կողքին էին նրա բոլոր զինակիցները, այդ թվում՝ նախկին վարչապետ եւ նախագահի նախկին թեկնածու Արամ Սարգսյանը եւ նախկին արտգործնախարար, ԿԸՀ-ի կողմից որպես նախագահի թեկնածու չգրանցված Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մեր հանդիպումները բոլոր մարզերում, նաեւ այսօրվա մեր հանդիպումը ինձ իրավունք են տալիս ասել, որ իշխանափոխությունը մարդկանց մտքերում եւ սրտում իրականացված է», - հանրահավաքում ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Եվ փետրվարի 19-ը պետք է միայն ամրագրի ժողովրդի հաղթանակը»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը իր ելույթում տեղեկացրեց, որ Լոս Անջելեսում ձեւավորվել է Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբ: Հանրահավաքում ելույթ ունեցավ նշված շտաբի պատասխանատու Բաբաջանյանը՝ ասելով, թե Դեմիրճյանի ընտրվելու դեպքում շատերը կվերադառնան Հայրենիք:

Ելույթ ունեցողների շարքում էին դերասան Վլադիմիր Աբաջյանը, երգիչ Տիգրան Լեւոնյանը, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Վերջինս, խոսելով Սերժ Սարգսյանի մասին, ասաց, թե նրա «ձեռքին կետրոնացած է երկրի շահույթ բերող տնտեսության 70 տոկոսը»:

Օրերս Դեմիրճյանին սատարելու մասին հայտարարած Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասաց, թե Ստեփան Դեմիրճյանը ընդդիմության միասնական թեկնածուն է: Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ հաջորդ նախագահ Ստեփան Դեմիրճյանի օրոք կերտվելու է «օրենքի գերակայության երկիր»:

Ալբերտ Բազեյանը հավաքվածներին ներկայացրեց շաբաթ օրը Երկրապահ կամավորականների միության վարչության ընդլայնված կազմի որոշումը: Բազեյանի փոխանցմամբ, երկրապահները պատասխանատվության գիտակցումով են մասնակցելու ընտրություններին եւ տեր են կանգնելու ժողովրդի ազատ կամքին: Բազեյանի խոսքերով, երկրապահների մեծ մասը պաշտպանելու է Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը:

«Ժողովրդի կամքին ոչ ոք հակառակ չի կարող գնալ», - ասաց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: - «Կոչ եմ անում ձեզ ամսի 19-ին... երեկոյան ժամը 8-ից հետո հավաքվեք ձեր ընտրատեղամասերում, հավաքվեք տոնելու ձեր հաղթանակը»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG