Մատչելիության հղումներ

Աբովյան քաղաքում նախագահի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման մարդիկ եկել էին նաեւ մոտակա գյուղերից: Նախագահի թեկնածուն եւ նրա աջակիցները հավաքվածներին կոչ էին անում փետրվարի 19-ին անպայման մասնակցել քվեարկությանը:

«Եթե Աբովյանում ընտրությունների օրը որեւէ մեկը փորձի որեւէ մեկին ստիպել, փորձի որոշակի դիրքեր ցուցաբերել, ստանալու է համապատասխան պատասխան», - հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ ու Ստեփան Դեմիրճյանի օգտին քարոզարշավից դուրս եկած նախկին թեկնածու Արամ Սարգսյանը: - «Ու ասում եմ նրանց, ովքեր ինձ լսում են»:

Ստեփան Դեմիրճյանն էլ իր հերթին զգուշացրեց բոլոր նրանց, ովքեր կեղծիքներ կատարելու կամ ժողորդի կամքին հակառակվելու մտադրություն ունեն. - «Դա աններելի, ծանրագույն հանցագործություն է, եւ դրան գնացողները պետք է հասկանան, որ կատարում են հանցագործություն, որը չի ներվելու: Եվ ես համոզված եմ, որ ժողովրդի կամքը փետրվարի 19-ին հաղթանակելու է»:

Լեռնային Սեւաբերդ գյուղից առատ ձյան պատճառով ոտքով Աբովյան եկած մարդկանցից մեկը ասաց, թե իրենց միակ հույսը արդար ընտրություններն են:

Նոր Հաճընից չորս տղամարդ եկել էին լսելու Ստեփան Դեմիրճյանին, թեեւ վերջինս չէ իրենց նախընտրած թեկնածուն: «Միայն թե ոչ Քոչարյան», - պարզաբանեց նրանցից մեկը: - «Շատ հաճելի է Դեմիրճյանը, շատ հաճելի է Գեղամյանը, Արամ Կարապետյանը... միայն թե ոչ Ռոբերտ Քոչարյանը»:

Հանրահավաքի մի այլ մասնակից՝ Սեյրան Պետրոսյանը համաձայն չէր, որ այս անգամ էլ ընդդեմ ինչ-որ մեկի են քվեարկելու: «Ոչ թե ընդդեմ ինչի, այլ հանուն ինչի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Հանուն փոփոխության, հանուն այս կլանային համակարգի վերացման, հանուն կաշառակերության վերացման: Եվ համոզված եմ, որ այս մարդիկ [Դեմիրճյանի, Գեղամյան] կարող են անել այն, ինչ անհրաժեշտ է»:

Մարդկանց ներկայացրած ամենակարեւոր պահանջը արդար ընտրությունների անցկացումն է: «Բոլորս էլ ուզում ենք, որ արդար լինի: Ցանկություն կա, որ ազնիվ ճանապարհով ազնիվ նախագահ ընտրվի, որը պարտավորվածություն ու պատասխանատվություն կկրի իր ժողովրդի առաջ», - ասաց հանրահավաքի մասնակիցներից մի երիտասարդ:

Ստեփան Դեմիրճյանը այսօր հանդիպեց նաեւ Երեւանի Նոր Նորք, Արաբկիր եւ Շենգավիթի համայնքների բնակիչների հետ:


Կարինե Քալանթարյան, Աբովյան եւ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG