Մատչելիության հղումներ

Քոչարյանը հաստատում է, որ սահմանադրական հանրաքվեն կկայանա մայիսին


Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուրբաթ օրը Մեծամորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը հաստատեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ միասին:

Մեծամորում, ուր բնակչության ճնշող մեծամասնությունը աշխատում է Հայկական ատոմակայանում, Հայաստանի նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ասաց, թե Հայաստանում էներգետիկ ճգնաժամ չէր լինի, եթե ժամանակին ատոմակայանը չփակվեր: Խոստանալով ատոմակայանի պարտքերի մարում, Քոչարյանը ներկայացրեց ատոմակայանի ֆինանսական կառավարումը Ռուսաստանին հանձնելու՝ կնքվելիք պայմանագրի էությունը:

Վաղարշապատ քաղաքում Քոչարյանը խոսեց քաղաքը զբոսաշրջության կենտրոն դարձնելու, աշխախատատեղեր ստեղծելու ծրագրերի մասին: Նախկին Էջմիածնում ձեռնարկությունների զգալի մասը նախկին ԽՍՀՄ ռազմարդյունաբերական ոլորտն էին սպասարկում, որը հիմա Ռուսաստանում էլ դժվարություններ ունի:

«Վերջին գործարքը, որ մենք կնքել ենք Ռուսաստանի հետ, հենց մեր փորձն է մեր արդյունաբերական հնարավորությունները ներգրավել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական արտադրության մեջ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Վաղարշապատում խոսելով Հայաստանի դատական համակարգի մասին, գործող նախագահը ասաց, թե դատական համակարգի լիարժեք անկախությունը պետք է լուծվի սահմանադրական բարեփոխումների փաթեթով, որի՝ հանրաքվեի չդրվելը նախագահը բացատրեց դրա շուրջ ծավալված բանավեճով եւ ընդդիմության կողմից մեկ այլ փաթեթ առաջարկելու փաստով:

Ընդդիմության սահմանադրական տարբերակը, ինչպես հայտնի է, ի վերջո քվեարկությամբ մերժվեց խորհրդարանում, իսկ նախագահի առաջարկած նախագիծը՝ առաջարկություններն ամփոփելու պատճառաբանությամբ, հետ վերցվեց ու օրակարգից-֊օրակարգ տեղափոխվելով, այդպես էլ չներկայացվեց քննարկման: «Մայիսին Ազգային ժողովի ընտրությունների հետ միասին մենք նպատակ ունենք հանրաքվե կազմակերպել սահմանադրական նոր փաթեթի վերաբերյալ», - ավելացրեց Ռոբերտ Քոչարյանը՝ խոստանալով, թե այս փաթեթով դատական համակարգի լիարժեք անկախությունը երաշխավորվում է:

Վաղարշապատում հանրահավաքի եկածների տրամադրությունը մռայլ էր ու անհամեմատելի դրանից առաջ Արագած, Աղավնատուն գյուղերում եղած տոնական մթնոլորտի հետ:

«Այսօր հավաքվածների 95 տոկոսը ոչ ոք իր կամքով էստեղ կանգնած չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ միջին օղակի մի պաշտոնյա, որը չկամեցավ ներկայանալ: - «Որոնցից մեկը ես եմ՝ ոչ իմ կամքով եկել եմ էստեղ»: Հարցին, թե ում կամքով է եկել, պատասխանեց՝ իշխանությունների. - «Իշխանությունները ինձ դրդել են, ստիպել են, ցուցակագրել են, որպեսզի ես գամ»: Նա վստահ էր, թե չգալու դեպքում իրեն աշխատանքից կազատեին:


Ռուզաննա Խաչատրյան, Մեծամոր եւ Վաղարշապատ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG