Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Ընդդիմությունը սխալ չի օգտագործել ընձեռված հնարավորությունը»


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը «հետաքրքիր ու բարդ» է որակում իրավիճակը նախընտրական Հայաստանում: «Շրջանից շրջան գնալով, հանդիպելով ժողովրդի հետ, կամաց-կամաց համոզվում ես, թե ինչքան քիչ ձայն ունի Ռոբերտ Քոչարյանը: Եվ բացարձակապես, կարծես թե, ժողովրդի կողմից հենարան չունի», - իր տպավորությունը մարզերում անցկացված հանդիպումներից այսօր լրագրողներին փոխանցեց ԱԺՄ առաջնորդը: - «Այդ տեսակետից ես չեմ տեսնում, թե ոնց ինքը պետք է փորձի ընտրվել նախագահ»:

Մանուկյանի խոսքերով, գործող նախագահը տիրապետում է բավականին մեծ վարչական ռեսուրսների, վերահսկում է բոլոր ընտրական հանձնաժողովների անդամների մեծամասնությանը: «Բայց այս պայմաններում, եթե ինքը [Քոչարյանը] փորձի դա մինչեւ վերջ օգտագործել եւ ստացվի, որ ինքը դառնա նախագահ», - շարունակեց նա, - «ես ցնցումներ եմ սպասում, կայուն վիճակ Հայաստանում չի լինելու, որովհետեւ դիմացը հավաքված մեծ ուժեր կան, եւ ժողովուրդն էլ ցասումով է վերաբերում դրան»:

Մանուկյանը համամիտ չէ գաղափարին, թե՝ ով ուզում է լինի նախագահ, միայն ոչ Ռոբերտ Քոչարյանը. - «Ես գտնում եմ, որ մեզ համար կարեւոր խնդիր է, որ Ռոբերտ Քոչարյանը հեռանա... Բայց գերխնդիր կա՝ ինչպիսի՞ն է լինելու մեր պետությունը դրանից հետո»:

ԱԺՄ առաջնորդը ասաց, թե խոսքը նաեւ որոշակի արտաքին ճնշումների մասին է: Նա շեշտեց, որ մենք երբեմն լավ չենք հասկանում «ժողովրդավարությամբ ու արդարությամբ շաղախված» եվրոպական մտածողությունը, եւ եթե ընտրությունները արդար ու լեգիտիմ չլինեն, արտաքին ուժերը «կուզենան վերահսկողություն ունենալ Հայաստանի վրա եւ դրա միջոցով լուծել տարածաշրջանային հարցեր»:

Մանուկյանի կարծիքով, առանց միասնական թեկնածուի ընտրություններին գնալը ինչ-որ տեղ նաեւ առավելություն է: «Բոլոր թեկնածուները միասին պարտավորվում են ստուգել ընտրացուցակները, պայքարել ընտրակաշառքի դեմ, այսինքն՝ այդ հարցերում միասնական են, բայց ամեն մեկը իր ուղին է ցույց տալիս, դա հնարավորություն է տալիս ժողովրդին իսկապես ընտրություն անել», - բացատրեց նա:

«Ես գնում եմ ոչ թե ընտրություններին մասնակցելու», - հայտարարեց Վազգեն Մանուկյանը: - «Ես գնում եմ ընտրություններին հաղթելու: Եթե հաղթանակ չի լինի՝ ինչ-որ տոկոս կլինի, դա արդեն ինձ համար նշանակություն չունի»:

Հաղթանակի դեպքում Մանուկյանը վստահ է, որ «լավ է լինելու»՝ փաստարկելով. - «Առաջինը, ես կանգնած եմ այս պետության ակունքների մոտ, այն գաղափարների ակունքների մոտ, որոնք համապատասխանում են ժամանակակից համաշխարհային ստանդարտներին եւ մեր ազգային իղձերին: Եվ ես կարծում եմ, այս 15 տարվա ընթացքում, որ կանգնած եմ բեմում, դուք չեք տեսել, որ ես շեղվեմ դրանից: Երկրորդ՝ երբեք իմ շրջապատը չի օգտվել այն վիճակից, որում ես գտնվել եմ»:

Անդրադառնալով ընթացող քարոզարշավին, Մանուկյանը ասաց, որ այսօրվա արդյունքներով Քոչարյանի դիրքերը Հայաստանում ընտրարշավի ընթացքում նվազում են, ինչը, ԱԺՄ առաջնորդի կարծիքով, նշանակում է, որ ընդդիմությունը սխալ չի օգտագործել ընձեռված հնարավորությունը:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG