Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններում իրական թեկնածուները 5-ն են», - նախանշում է այսօր «Առավոտ» թերթի խմբագիրը եւ փորձում տալ նրանց համառոտ բնութագրերը: Ըստ այդմ՝ ներկայիս նախագահի ամենամեծ անհաջողությունն այն է, որ նա չի կարողացել լուծել Ղարաբաղյան հիմնահարցը: «Այս արտաքին մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է, որ փետրվարի 19-ին ընտրված գործիչը հաղթի մյուս թեկնածուներին ազնիվ պայքարում, մեկ փուլով եւ մեծ առավելությամբ... ԿԸՀ-ն, ըստ երեւույթին, կնկարի Ռոբերտ Քոչարյանի համար 50-ից ավելի տոկոս ձայն, եւ ամեն ինչ իսկապես կվերջանա մեկ փուլով: Սակայն ո՞ւմ ենք դրանով խաբելու», - գրում է խմբագիրը: - «Ստեփան Դեմիրճյանին սիրում են, որովհետեւ նա չի հասցրել որեւէ վատ գործ անել մեր երկրում... Հանրահայտ ճշմարտություն է. չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»: Իսկ թե ինչ է Ստեփան Դեմիրճյանն անելու՝ ոչ ոք, ենթադրաբար նաեւ հենց ինքը, չգիտի: «Առավոտ»-ում ավելի շատ որակումներ տրված են Արտաշես Գեղամյանին. - «Գեղամյանի լայնախոհության եւ հանդուրժողականության աստիճանը բավականին ցածր է... Արտաշես Գեղամյանը անհավասարակշիռ քաղաքական գործիչ է, հաճախ է անցնում ընդդիմությունից իշխանության կողմը եւ հակառակը, հիվանդագին պաշտամունք ունի սեփական անձի նկատմամբ... Կարելի է ենթադրել, որ ընտրություններից հետո նա նորից կարող է անցնել իշխանության կողմը եւ նույնպես հակված կլինի Քոչարյանի ձեռքից որեւէ պաշտոն ստանալ»: Վազգեն Մանուկյանի մասին նշվում է, որ նրա «արած դրական գործերն ավելի շատ են, քան բացասականները», բայց «գործնական քաղաքականության մեջ նա այլեւս որոշիչ դեր չի խաղում»:

«Գոլոս Արմենիի» թերթը ընդդիմադիր թեկնածուների բազմաթվության առումով գործող նախագահի դիրքերից նշում է, թե «մեկ զառանցալի գաղափարի հետ բանավիճելն ի վերջո ավելի հեշտ է, քան տասնյակ»: Միեւնույն ժամանակ, սակայն, մեկնաբանը ավելի շատ դրական բան է տեսնում ընդդիմադիր մեկ միասնական թեկնածուի չլինելու փաստում՝ դրանով առավել հեշտացված համարելով Ռոբերտ Քոչարյանի վերընտրությունը՝ «հիմա այնուամենայնիվ ամենահարմար ժամանակը չէ ձիերին գետանցում փոխելու համար» մոտեցմամբ:

«Հայոց Աշխարհ» թերթը այսօր փոխանցում է Ռոբերտ Քոչարյանի աջակից մի շարք պատգամավորների համոզմունք-կանխատեսումը, թե գործող նախագահը կհաղթի հենց առաջին փուլում: Մյուս թեկնածուների տեղերը հիմնականում նշվում են Դեմիրճյան - Գեղամյան - Մանուկյան - Կարապետյան հաջորդականությամբ: Բայց դաշնակցական պատգամավորներ Կիմ Բալայանն ու Վահան Հովհաննիսյանը երկրորդ տեղում տեսնում են Վազգեն Մանուկյանին: «Այսօրվա թեկնածուներից միայն նա եւ Ռոբերտ Քոչարյանը իրավունք ունեն հավակնելու Հայաստանի նախագահի պաշտոնին: Մնացածների դերակատարությունը մեր ոչ հեռու անցյալում մշուշոտ է, անհասկանալի եւ ոչ հարուստ», - ասում է Վահան Հովհաննիսյանը: Ընդհանուր առմամբ, վերջինիս ձեւակերպմամբ՝ ընդդիմության միասնական թեկնածու չլինելը նշանակում է, որ «իշխանափոխության համաժողովրդական պահանջ Հայաստանում չկա»: «Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդի մեջ ունի այնքան վարկանիշ, որ կարող է շատ հանգիստ ընտրվել բացառապես արդար ընտրություններով», - նշում է Դաշնակցության ներկայացուցիչը: - «Այդ նպատակին կարող են խանգարել նախագահի ճամբար խցկված որոշ պնակալեզներ... մեր ու մյուս կուսակցությունների հակազդեցությունը կստիպի նման մտադրություն ունեցողներին չափավորել իրենց եռանդը»:

«Ստեփան Դեմիրճյանը ՀՀՇ-ի թեկնածուն է» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ»-ը այսօր ընդգծել է. - «Դեմիրճյանի թեկնածությունը պաշտպանելու մասին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ՀՀՇ-ի ոչ թե անպաշտոն, այլ փաստորեն բացահայտ աջակցության վկայություն: Ավելին անել ՀՀՇ-ն չի ցանկանում միայն ու միայն Ստեփան Դեմիրճյանին չվարկաբեկելու նկատառումով... Իսկ նախագահի սույն թեկնածուն սովորական գործիք է, որը նախատեսված է ներկա իշխանությունների դեմ ուղղված ավելի բարդ ու բազմաքայլ կոմբինացիայի իրականացման առաջին հանգրվանում օգտագործելու համար»:

«Մեր շփումները հասարակության հետ ցույց են տալիս, որ ժողովուրդը միանշանակ մերժում է գործող իշխանությանն ու այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Ես մասնակցել եմ 98-ի քարոզարշավին, եւ միանշանակ է, որ այս ընտրարշավին ժողովուրդը շատ ավելի ակտիվորեն է մասնակցում։ Եվ ինչքան էլ մենք ասում ենք, թե հասարակությունը բարոյալքված է, մեր հանդիպումները ժողովրդի հետ ապացուցեցին հակառակը»: Ըստ Բազեյանի՝ ակնհայտ է, որ Ստեփան Դեմիրճյանի շանսերը՝ նախագահ դառնալու, շատ ավելի մեծ են, քան Ռոբերտ Քոչարյանինը։ «98-ից մեր ժողովուրդը պահանջում է Դեմիրճյանի իշխանություն. այդպիսին է մարդկանց ցանկությունը, եւ դրա հետ հաշվի չնստել չի կարելի։ 98-ին Դեմիրճյանը կարողացավ հավասար պայքար մղել Քոչարյանի հետ, եւ կան գնահատականներ, որ նա 98-ին հաղթել է Քոչարյանին», - ավելացնում է նա։ - «Չի կարելի անվերջ կոտրել ժողովրդի ցանկությունը եւ նրան պարտադրել մեկ այլ նախագահ»։

«Ինչո՞ւ պիտի 16-ի շրջանակներում ամեն ինչ արվեր, որ կատարվեր գործող նախագահի կամքն ու մի մարդ միայն իր դեմ հայտնվեր: Ե'վ միասնական թեկնածու է գտնվել, ե'ւ համաձայնություն է կայացվել», - «Օրրան» թերթում ասում է նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: - «Առհասարակ՝ նախընտրական բոլոր միֆերը այլեւս անվավեր են: Եվ դա եւս մի ապացույց է, որ գործող նախագահը իրավիճակը չի վերահսկում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG