Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրություններին ընդառաջ աճում է մարդկանց ակտիվությունը


Լոռու մարզում նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի ամենամարդաշատ հանրահավաքը տեղի ունեցավ Վանաձորում: Ջերմ ընդունելության արժանացած «Ազգային միաբանության» առաջնորդը հավաքներին դիմելով ասաց, թե «չի կարող չարդարացնել այսքան մարդկանց հույսերը»:

Թեեւ նախագահի թեկնածուի հետ հանդիպման եկել էին հազարավոր վանաձորցիներ, շատերի կարծիքով, հանրահավաքը շատ ավելի բազմամարդ կլիներ, եթե մարդիկ չվախենային գալ:

«Ամբողջ Կիրովականն այսօր վախի մեջ է», - ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը: - «Ուսուցիչներին հրամայված է, որպեսզի ոչ մեկին չթողնեն գալ էս միտինգին»: Մինչդեռ գործող նախագահի հանրահավաքի ժամանակ պատկերն այլ է եղել: «Քոչարյանը որ այստեղ էր, դպրոցի դիրեկտորը հրամայել էր ամբողջ դպրոցով գալ հանրահավաքի», - պատմեց մեկ այլ մասնակից:

Վանաձորցիների հետ զրույցները վկայում են, որ դեռեւս շատ են չկողմնորոշվածները: Թեեւ կային, անշուշտ, գործող նախագահի կողմնակիցներ, գերակշռում էին, սակայն, ընդդիմադիր տարբեր թեկնածուների կողմնակիցները:

«Կաշառակերությունը [ներկա իշխանությունների օրոք] շատ ուժեղ ա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանրահավաքի մասնակիցներից մի տղամարդ: - «Որտեղ ուզում ես գնա, ինչ հարցով ուզում ես դիմի՝ սաղ կաշառակերություն ա»:

Այն, որ ընդդիմությունը միասնական թեկնածու չունեցավ, վանաձորցիներից շատերի կարծիքով, ճիշտ է եւ մտածված: «Էսօր իշխանությունները շատ են ուզում, որ մի թեկնածուի տեսնեն՝ որ անընդհատ ցեխ շպրտեն երեսին: Բայց չորս հոգու վրա շատ դժվար ա ցեխ շպրտելը», - կարծիք հայտնեց մի երիտասարդ՝ շարունակելով, թե անպայման կլինի երկրորդ փուլ՝ եթե արդար լինեն ընտրությունները, եւ այդ ժամանակ արդեն իսկապես միասնական թեկնածու կլինի:

Նկատելի է, որ ընտրություններին ընդառաջ բարձրանում է ժողովրդի ակտիվությունը: Հավաքված վանաձորցիները համոզմունք էին հայտնում, որ այս ընտրություններին ամենամեծ մասնակցություն է լինելու:


Շաքե Ավոյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG