Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյանը աջակցում է Արտաշես Գեղամյանին


Արագածոտնի մարզ այսօր ընտրողների հետ հանդիպումների մեկնած «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին ուղեկցում ու հանդիպումների ընթացքում նրա օգտին էր քարոզում «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանը:

Խորհրդային տարիներին որպես այլախոհ հալածված Պարույր Հայրիկյանը, ով, ի դեպ, նախագահի թեկնածու է եղել անկախացած Հայաստանի բոլոր նախագահական ընտրություններում, բացատրելով իր աջակցությունը Արտաշես Գեղամյանին, ում աջակցում է նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ ում օգտին իր թեկնածությունեը հանել է Հայկոմկուսի նախագահ Վլադիմիր Դարբինյանը, Արագած գյուղում ասաց. - «Ես եւ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը իրար հետ որպես եղայրներ ենք հարաբերվում, որովհետեւ մենք հասել ենք [ընդհանուր] հայտարարի ամենակարեւոր հարցում»:

Հայրիկյանը նաեւ նշեց, որ դեռ երբեք գաղափարական, արմատական հակառակորդի՝ մատերիալիստ-կոմունիստների հետ ինքը նույն հարթակից չի խոսել, նույն թեկնածուին չի պաշտպանել:

Արտաշես Գեղամյանը այսօր ընտրողներին հանդիպեց Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած, Քուչակ, Հարթավանում ու Շենավան գյուղերում եւ ամենուր արժանացավ ջերմ ընդունելության:

«Ով ուզում է լինի, միայն Քոչարյանի չլինի», - ասաց հանրահավաքի եկածներից մեկը:

Մասնակիցների մեջ կային նաեւ մարդիկ, ովքեր դեռեւս վերջնականորեն չեն կողմնորոշվել: «Կամ Դեմիրճյան լինի, կամ էլ Արտաշես Գեղամյան», - Ապարանում ասաց մի կին:

«Ընդդիմության բոլոր թեկնածուներին մեկը մյուսից առավել ենք ընդունում», - ասաց հանրահավաքի մեկ այլ մասնակից: Շատերը ափսոսանք էին հայտնում, որ ընդդիմությունը չկարողացավ համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ:


Շաքե Ավոյան, Արագածոտնի մարզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG