Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթում ներկայացվող հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրության համաձայն, այս շաբաթ «Եթե նախագահի ընտրություններն անցկացվեն առաջիկա կիրակի օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեք» հարցին պատասխանող երեւանցիների միայն 22 տոկոսն է տվել Ռոբերտ Քոչարյանի անունը: Դեկտեմբերի սկզբի մոտ 2 տոկոսից հիմա 15 տոկոսի է հասել Ստեփան Դեմիրճյանը: Եվ այս հարցումաշարի ողջ ընթացքում առաջին անգամ նրա ու ավելի քան 7 տոկոս ձայն հավաքած Արտաշես Գեղամյանի տոկոսները միասին գերազանցում են Ռոբերտ Քոչարյանի ցուցանիշը: Չնայած սրան, ըստ նույն հարցման, «Ո՞վ կհաղթի ընտրություններում եւ կդառնա Հայաստանի Հանրապետության նախագահ» հարցին պատասխանողների մոտ կեսը շարունակում է տալ Ռոբերտ Քոչարյանի անունը: Իսկ Դեմիրճյանին կամ Գեղամյանին նշում է միայն 2-3 տոկոսը:

«Հայկական ժամանակ» թերթն էլ հրապարակել է «Տանիք» իրավապաշտպան կազմակերպության սոցիոլոգիական ու հոգեբանական հետազոտությունների կենտրոնի հարցումը Երեւանում, ըստ որի «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները կայանային այսօր» հարցին պատասխանողների 23 տոկոսը նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը, նրան ընդամենը 1 տոկոսով է զիջում Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանի ցուցանիշն էլ մոտ 12 տոկոս է: Նույն հարցման համաձայն՝ երկրորդ փուլում Քոչարյանին հաղթելու հնարավորություն ունի առայժմ միայն Դեմիրճյանը:

Թվերի տարբեր մատուցումներով են մամուլում հրամցվում եւ քարոզարշավային հանրահավաքները: «Եկան, տեսան, հաղթեցին. Ռոբերտ Քոչարյանն Արտաշատում ջախջախիչ պարտություն կրեց» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ում այդ հավաքի մասնակիցների թիվը նշվում է 13-15 հազար: Նույնքան թիվ է արձանագրում եւ «Օրրան» թերթը, ընդ որում շեշտելով, որ «երեկ ոչ մեկին ոչ ոք չէր ստիպել, չէր պարտադրել, չէր սպառնացել ու զոռով քարշ չէր տվել այդ հանդիպմանը... ու ոչ մեկն էլ վախեցած չէր»:

«Երեկ Արտաշատում կայացած հանրահավաքի ժամանակ ծափահարում էին առանց բացառության բոլորը: Այսինքն՝ միաժամանակ մեկ տասնյակ հազարից ավելի մարդ ու անգամ մեկ ոստիկան: Եվ բոլորը՝ իրենց կամքով», - հատուկ կարեւորված է «Օրրան»-ում: «Ազգ» թերթի տվյալներով, մինչդեռ, այդ հանրահավաքին մասնակցել է շուրջ 2800 մարդ, որոնց մի մասն էլ տարված է եղել այլ բնակավայրերից:

«Իրավիճակը մարզերում հանգիստ է», - «Հայոց Աշխարհ» թերթում հավաստիացնում են մի քանի մարզպետներ՝ ընդգծելով նաեւ, որ գործող նախագահն իրենց հրահանգել է «ապահովել քարոզարշավի հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար, խստագույնս պահպանել օրինականությունը»: Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն էլ «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Լարվածությունն ավելի շատ հեռուստատեսային եթերում եւ մամուլի էջերում է, քան իրական կյանքում... Իրավիճակը շատ ավելի հանդարտ է, պարզապես շատ է իր մեջ էական ոչինչ չպարունակող աղմուկը»: Աղվան Վարդանյանը համոզված է մնում, որ «եթե նախագահի ընտրաթիմը սխալներ թույլ չտա եւ շարունակի կազմակերպված աշխատել, միանգամայն հնարավոր է, որ ընտրություններն ավարտվեն առաջին փուլով եւ մյուս թեկնածուների համեմատ Ռոբերտ Քոչարյանի ծանրակշիռ առավելությամբ»:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների աշխատանքից մի դրվագ է այսօր մեջբերել «Առավոտ» թերթը: Փոխանցվում է դպրոցներից մեկում Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի հետեւյալ անմիջական խոսքը. - «Մեկ ա ընտրվելու ա, մենք մեր ձեռով գնանք ընտրենք, թող իմանան էրեբունցիք լավ ժողովուրդ են։ Ունեն լավ թաղապետ, լավ ժողովուրդ, ընկերություն, շրջապատ՝ բոլորի հասկացողությունը տեղն ա։ Ընտրում ենք, մեր գործը անում ենք... Մեր նախագահն էլ թող մտածի, որ Էրեբունին իրա կառոլնի թաղերից ա... ու հաստատ ինքը կմտածի, որովհետեւ ինքը էդքանը շատ լավ ա հասկանում։ Վաղը-մյուս օրը պետք ըլնի էթանք-ասենք՝ նախագահ ջան, ցավդ տանենք... Նորմալ էղավ՝ իմ սրտով, հաստատ ահագին շահելու ենք»: Հակառակ դեպքում թաղապետը ապագան տեսնում է այսպես. - «Ոչ կարող եմ «կյանքում գլուխ գովալ, ոչ կարանք գլուխներս բարձր ման գանք, ոչ էլ կարամ քաղաքապետարանում էն դիսպետչերականներին ես իմ ձեւով նստեմ՝ ոտս ոտիս քցած»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG