Մատչելիության հղումներ

Ընդդիմության թեկնածուները բազմահազարոց հանրահավաք անցկացրին Արտաշատում


Մոտ 10 հազար մարդկանց մասնակցությամբ ուրբաթ օրը Արտաշատում տեղի ունեցավ նախագահի թեկնածուներ՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եւ Արամ Կարապետյանի համատեղ հանրահավաքը: Մարդիկ հատուկ եկել էին նաեւ մերձակա գյուղերից, Արարատ քաղաքից:

Երեւանից թեկնածուների հետ Արտաշատ էին եկել տարբեր մարզերից եկած երկրապահները «Տիգրան Մեծ», «Սասունցի Դավիթ» եւ այլ ջոկատներից: Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամները մինչեւ այսօր նախընտրական հանդիպումներին չէին մասնակցել: Երեւանի Շենգավիթի շրջանի ԵԿՄ անդամ Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ «այս անգամ եկել եմ հանահավաքի իմ սպարապետի եղբոր համար»:

«Սպառնացել են», - շարունակեց նա: - «Եկել ենք տեսնենք, թե ովքեր են սպառնացողները: Մեկ-երկու հոգի չեն կարող որոշել ազգի ճակատագիրը»:

Փետրվարի 4-ի դեպքերից հետո, երբ խափանվել էր Վազգեն Մանուկյանի հանրահավաքը, իսկ մինչեւ Արամ Կարապետյանի հանրահավաքը սկսվելը վիրավորվել էր Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի խոսքերը, թե «մարզում կան մարդիկ, ովքեր իր [Արամ Սարգսյանի] հետ խնդիրներ ունեն, այնպես որ, շատ հնարավոր է՝ մարդասպանություն լինի»: Մարզպետը հրապարակումից հետո հերքել էր դա:

Արտաշատի հանրահավաքը, անշուշտ, ընտրողների հետ սովորական հանդիպում չէր. սա պատասխան էր փետրվարի 4-ի դեպքերին՝ ապացուցել, որ այստեղ կարող են հանրահավաք անցկացնել եւ ոչ ոք չի համարձակվի խանգարել: Թեկնածուների շարքից այդ քայլը արեց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ում երկրապահների մի մասը դեռ հավատարիմ է մնացել, ով այս մարզից է:


Հանդիպման եկած թեկնածուներին հավաքվածները շատ բուռն ոգեւորությամբ, «Կեցցե արդարությունը», «Սա վերջի սկիզբն է» բացականչություններով դիմավորեցին:

«Ես չեմ եկել այստեղ, որ ցույց տամ, որ չեմ վախենում», - ասաց Արամ Սարգսյանը: - «Ես եկել եմ այստեղ, որովհետեւ ես այստեղից եմ, որովհետեւ Արտաշատում ես չունեմ թշնամի: Նույնիսկ երկար մտածելուց հետո, փորձեցի գտնել գոնե մեկ թշնամի, պարզվեց, որ Աբրահամյան Հովիկն էլ իմ թշնամին չէ: Ժողովուրդ ջան, գյուղ չկա, որ մուկ [տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մականունը] չլինի»:

Փետրվարի 4-ին այստեղ կատարվածը Արամ Սարգսյանը ներկայացրեց որպես բեկումնային պահ՝ հենց Արտաշատից է սկսվելու Ռոբերտ Քոչարյանի անօրինական իշխանության վերջը. - «Իրենք էլ գիտեն, որ արդար ընտրություններում չեն հաղթելու, հետեւաբար սարքում են նման բաներ: Իսկ մենք թույլ չենք տալու խախտել ընտրությունները: Ուժով լինի՝ ուժով թույլ չենք տալու, խելքով լինի՝ խելքով թույլ չենք տալու»:

Արամ Սարգսյանը, որի ելույթը մեծ ոգեւորությամբ էր ընդունվում, ասաց, թե «այս ընտրությունները ընտրություն չեն լինելու. - «Սա ազգային ազատագրական պայքար է լինելու: Էսպես վարվում են միայն մի երկրում, որը գրավել են»: Այնուհետեւ նախկին վարչապետը վստահեցրեց,որ ընդդիմությունը անպայման միավորվելու է ու հանդես է գալու միասնական թեկնածուով:

«Ես ամեն ինչ առ այսօր արել եմ, որ ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով», - ասաց նա: - «Եվ ընդդիմությունը հանդես է գալու միասնական թեկնածուով»:


Հրաչ Մելքումյան, Արտաշատ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG