Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը լրագրողներին ներկայացրեց 2003 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը սովորաբար լրատվամիջոցներին չի մատուցվում: Ծրագիրը ընդհանուր առմամբ ենթադրում է իրականացող քաղաքականության ժառանագականությունը, նաեւ օժտված է կառավարման նոր գործիքներ ներգրավելու ճկունությամբ: Ընդ որում, Կենտրոնական բանկի նախագահի կանխատեսմամբ, դրամավարկային ծրագրով նախատեսված 6% տնտեսական աճը կարող է կրկնակի գերազանցվել՝ եթե երկրում կայունությունը շարունակվի:

Սարգսյանը, հերքելու նպատակով, թե ասուլիսը նաեւ գործող նախագահի քարոզարշավի շրջանակներում է, ասաց. - «Օրենքով սահմանված է, որ մենք իրավուքն չունենք զբաղվել քաղաքականությամբ, եւ ես չէի ուզենա, որպեսզի դուք մեզ ներքաշեք քաղաքական դաշտ, նամանավանդ՝ կապել մեր դրամավարկային քաղաքականությունը ծրագիրը այս նախընտրական պայքարի հետ»:

Կենտրոնական բանկի նախագահը այդուհանդերձ նկատեց, որ խոսքն այն ֆինանսական կայունության մասին է, որը մենք ունենք վերջին 5 տարվա ընթացքում:

Նրա խոսքերով, վերջին հինգ տարիների ընթացքում հաջողվել է ապահովել կայունությունը երկրում, եւ որպեսզի սկսված ծրագրերը ավարտին հասցվեն անհրաժեշտ է ապահովել առավել բարենպաստ պայմաններ:

Կենտրոնական բանկի՝ վերջին հինգ տարիների անփոփոխ նախագահը ասաց նաեւ, որ այս տարի էլ նախատեսվում է չգերազանցել սղաճի 3 տոկոսի մակարդակը: Ծրագրում գնահատված են նաեւ սեզոնային կամ պատահական գործոնների հետ կապված հնարավոր ռիսկերը եւ կանխորոշված են դրանց հակազդման մեխանիզմները:

Խոսելով առեւտրային բանկերի մասին, Սարգսյանը ասաց, որ Հայաստանում գործող 25 առեւտրային բանկերից 5-ը գտնվում է հատուկ վերահսկողության տակ: Բանկային համակարգից դուրս է բերվել 10 առեւտրային բանկ, ինչը, Կենտրոնական բանկի նախագահի խոսքերով, բավականին բարդ գործ է. - «Որովհետեւ մենք առնչվում են քաղաքական, տնտեսական լճակներ ունեցող կրիմինոգեն (քրեածին) անձանց հետ, որոնք բնականաբար փորձելու են ճնշումներ գործադրել Կենտրոնական բանկի վրա»:

Սրա արձագանքներից մեկը մամուլում հրապարակված տեղեկատվությունն էր, թե Կենտրոնական բանկում բանկային վերահսկողության վարչության պետ նշանակելու համար Տիգրան Սարգսյանին տրվել է 150 հազար դոլար կաշառք: Այս տեղեկատվության աղբյուրը «Կրեդիտ-սերվիս» բանկի նախկին նախագահն է, որ հայտարարել էր, թե իր բանկից վարկեր են դուրս գրվել հատուկ Տիգրան Սարգսյանին տալու նպատակով: Վերջինիս մեկնաբանություններով, «Կրեդիտ-սերվիս» բանկում միջոցների անօրինական փոշիացման գործը դատախազությունում է, ինքը վստահ է, որ մեղավորները պատասխան կտան:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG