Մատչելիության հղումներ

Ժողովուրդը պահանջում է, որ ընդդիմադիրները միավորվեն


«Արդեն մարդիկ այնքան են զզված, որ տարբերություն էլ չեն դնում: Ասում են՝ ում ուզում եք միացյալ թեկնածու դրեք, բոլորս հետեւից գնանք՝ էս երկրի վիճակը փոխենք», - Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, կանխելով վերջիններիս հարցը, ասաց նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Եթե հանկարծ մնան 3-4 թեկնածու», - այդուհանդերձ, շարունակեց Մանուկյանը, - «Շատ կարեւոր է, որ ժողովուրդը ակտիվորեն մասնակցի: Ում կտա ձայնը՝ թող ամեն մեկը ինքն իր համար որոշի, բայց նրանք, ովքեր չեն ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը անցնի, ում էլ ձայն տան ընդդիմադիրներից, դրանով ձայներն են շատացնում դիմացի ճամբարի՝ պակասեցնելով Ռոբերտ Քոչարյանի մոտ»:

Մոտ 5 հազար բնակչություն ունեցող Թալինում, թալինցիների իսկ ասելով, միջին տարիքի բնակչությունը գործազուրկ է: Երիտասարդության մի մասը աշխատում է մոտ մեկ տարի առաջ բացված «Դայմոթեք» գործարանում: Մի կին դրվատեց գործարանի բացումը՝ ասելով, թե երիտասարդությունը կտրվեց փողոցից: Մեկ այլ կին, սակայն, որը դպրոցում ուսուցչուհի է դժգոհեց. - «Ուսուցիչները խոսում են, թե լավ են ապրում», - ասաց նա՝ պնդելով. - Լավ չեն ապրում»:

Թեեւ ինչպես Կոշ գյուղում, այնպես էլ Թալինում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե մեկնելու է Արտաշատ՝ միանալու նախագահի թեկնածուներ՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եւ Արամ Կարապետյանի համատեղ հանրահավաքին, ի վերջո, նա չմեկնեց Արտաշատ: «Մենք կողմնակից էին, որ մեծ հանրահավաք անենք բոլոր թեկնածուներով՝ չեղավ», - «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց Վազգեն Մանուկյանը: - «Արամ Սարգսյանի հերթական հանրահավաքն էր այդտեղ նշանակված, եւ ինքը հրավիրեց Արամ Կարապետյանին... Իրենց հետ պետք է համաձայնեցնեինք, բայց խոսակցություններից ես զգում եմ, որ իրենք արդեն լավ նախատեսել են, մեզ չեն նախատեսել»:


Գայանե Դանիելյան, Արագածոտնի մարզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG