Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն ուժեղացնելու է ընտրական միջոցառումների անվտանգության հսկողությունը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախաձեռնությամբ հինգշաբթի օրը հանձնաժողովի անդամների, ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմի, դիտորդների եւ լրագրողների մասնակցությամբ անցկացվեց քննարկում այն խնդիրների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են նախընտրական, ընտրական եւ հետընտրական փուլերն առանց արտակարգ իրավիճակների եւ պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Խոսակցությունը, բնականաբար, հիմնականում փետրվարի 4-ին Արտաշատում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ էր, երբ խափանվել էին նախագահի ընդդիմադիր թեկնածուներ Վազգեն Մանուկյանի եւ Արամ Խաչատրյանի հանդիպումները ընտրողների հետ, իսկ վերջինիս կողմնակիցներից ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վիրավորվել էր:

Հարկ է նշել, որ վաղը Արտաշատում ծրագրված է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի հանդիպումը ընտրողների հետ: Մինչդեռ, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, այսօր «Օրրան» թերթում թեեւ հերքել է կոնկրետ Արամ Սարգսյանի մասին ասածը, թե՝ մարզում կան մարդիկ, ովքեր իր հետ խնդիրներ ունեն, այնպես որ, շատ հնարավոր է՝ մարդասպանություն լինի», ասել է, այդուհանդերձ. - «Արտաշես Գեղամյանը, Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը... եթե գան, տուրք տան սադրանքների, նրանց անվտանգությունը պահպանել ես չեմ կարող»:

«Վաղը մենք այնտեղ կունենանք 100 հոգի մարդ, որովհետեւ ամբողջ մարզից պետք է ոստիկաններին հավաքենք, Երեւանից էլ ուժեր հավաքենք, որպեսզի ծառայությունը կազմակերպենք, որովհետեւ, այո', մենք ինֆորմացիա ունենք եւ սպասում ենք», - ԿԸՀ-ում քննարկման ժամանակ ասաց հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հովհաննես Վարյանը:

Արարատի մարզային ոստիկանության ծառայության բաժնի պետ Վանիկ Բադալյանը, ի դեպ, ասաց, որ մարզպետ Ալիկ Սարգսյանն իրենց որեւէ տեղեկություն չի հայտնել այն մասին, թե մարզում կան մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի կամ ընդհանրապես որեւէ այլ թեկնածուի հետ եւ թե նրանց այցը Արտաշատ կարող է անվտանգ չլինել:

ԿԸՀ նախագահն էլ ասաց, թե հանձնաժողովը նման ահազանգ չի ստացել. - «Ես անկեղծ չեմ ցանկանում հավատալ անգամ, որ որեւէ թեկնածուի կյանքին վտանգ կարող է սպառնալ կամ սպառնում է... Մենք չունեինք նման որեւէ ահազանգ»:

Հովհաննես Վարյանը նաեւ տեղեկացրեց, որ միջադեպից հետո իրենք դեպքի վայր են մեկնել նույն օրը եւ տեսաերիզը դիտելուց հետո պատկերն իրենց համար ամբողջությամբ պարզ էր:

«Անկարգությունների մասնակիցները [56 մարդ] բերման էին ենթարկվել ներքին գործերի բաժին եւ դատախազություն», - տեղեկացրեց Վարյանը՝ ավելացնելով, որ ոստիկանության շուրջ մեկուկես տասնյակ աշխատակիցների նկատմամբ նշանակված է ծառայական քննություն:

«Մեղավորները միանշանակ կպատժվեն», - հավաստիացրեց Վարյանը: - «Կարծում եմ, որ բոլորիս համար էլ այս միջադեպը պետք է լինի դաս»:

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Սահմանադրական իրավունք» միոության (ՍԻՄ) նախագահ Հրանտ Խաչատրյանը, որում, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի, ապա նաեւ Արամ Կարապետյանի ընտրարշավի մասնակիցների Արտաշատ կատարած այցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների եւ խուլիգանական արաքների վերաբերյալ արդեն հայտնի մանրամասները ներկայացնելուց զատ, ասվում է. - «Մինչ օրս պաշտոնական ցուցմունքներ չեն վերցրել Հայկ Բաբուխանյանից, Հրայր Խաչատրյանից եւ մյուսներից: Հայկ Բաբուխանյանը դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել»:

Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Գուրգեն Ամբարյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քննչական լուրջ աշխատանք է կատարվում: Առայժմ ցուցմունք վերցրել են ՍԻՄ անդամ, ուղեկցող-վարորդ Վահան Ղազարյանից, դատաբժշկական փորձաքննություն անցկացվել է, բայց պատասխանը դեռ չկա: Չկան նաեւ ձերբակալվածներ:

Ամբարյանի խոսքերով, դատախազությանը հայտնի են մամուլում հրապարակված անունները, որոնք այսօր նորից նշել է Հրանտ Խաչատրյանը իր հայտարարության մեջ: Ըստ ՍԻՄ նախագահի, դավադրությունը կազմակերպել եւ անձամբ ղեկավարել է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, հանցագործների գործողությունները տեղում վերահսկել են նախարարի եւ նրա եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի որդիները, Արտաշատի քաղաքապետի ազգականներից մեկը: Թվարկվում են նաեւ մի շարք այլ անուններ ու մականուններ: Դատախազության մամլո քարտուղարի հավաստմամբ՝ բոլորն էլ հարցաքննվելու են:

ԿԸՀ-ի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը հարց բարձրացրեց՝ միթե ոստիկանությունը չէր կարող ավելի վաղ կանխարգելող միջոցառումներ իրականացնել, երբ նույն մարդիկ հայհոյանքներով ու խուլիգանական արարքներով խափանեցին Վազգեն Մանուկյանի հանդիպումը Արտաշատում: Ըստ Եդիգարյանի հնարավոր է, որ դա էլ հենց դեպքերի հետագա զարգացման պատճառը դարձավ:

«Ես ուրիշ պատճառ եմ տեսնում, դուք գիտեք որն է», - ասաց, ի պատասխան, Վարյանը: - «Կրակոցն է... կրակոցն է առաջին հերթին պատճառ եղել»: Նա ասաց նաեւ, որ առաջիկայում ընտրական միջոցառումների անվտանգության ապահովման գործում ներգրավվելու է ոստիկանության ողջ անձնակազմը՝ շուրջ 10 հազար ոստիկան:

Հովհաննես Վարյանը չբացառեց, որ Հայկ Բաբուխանյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի՝ օրինական զենքից կրակելու համար: Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Գուրգեն Ամբարյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ նախաքննության մարմինը նման հարց չի քննարկում:

Արտաշատի դեպքերի մասին այսօր խոսվեց նաեւ ՀԺԿ գրասենյակում կայացած ԵԱՀԿ դիտորդների եւ 16 ընդդիմադիր կուսակցությունների միացյալ շտաբի անդամների հանդիպման ժամանակ, որի ընթացքում միջազգային դիտորդներին ներկայացվեցին վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրված խախտումները:

Միացյալ շտաբի պետ, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, անդրադառնալով Արարատի մարզպետի հայտարարությանը, թե չի կարող ապահովել մյուս թեկնածուների անվտանգությունը Արտաշատում, ասաց. - «Եթե մարզպետը չի կարող ապահովել, նա պետք է հրաժարական տա»: Նրա կարծիքով, իշխանությունները միտումնավոր կերպով փորձում են «վախի եւ անպատժելիության մթնոլորտ ստեղծել»:


Կարինե Քալանթարյան եւ Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG