Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությանյանը, այսօր Երեւանի Արաբկիր համայքնի թիվ 77 դպրոցում հանդիպելով ուսուցիչների եւ ծնողական կոմիտեների ներկայացուցիչների հետ, «բացատրել» է, թե ում օգտին պիտի քվեարկեն փետրվարի 19-ին:

Մասնակիցներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, փոխանցել է «Ազատություն» ռադիոկայանին, որ Հարությունյանը չի թաքցրել, որ հանդիպումը «նախընտրական միջոցառումների շարքից է», եւ բացատրել է ներկաներին, թե քանի Հայաստանում գործում է ներկա իշխանությունը, չի վերսկսվի պատերազմը Ղարաբաղում: Նախարարը չի նշել գործող նախագահի անունը՝ ասելով, թե «բոլորին հասկանալի է, թե ում օգտին պետք է ուսուցիչները բացատրական աշխատանք կատարեն»:

Նախագահ Քոչարյանն էլ քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել էր Երեւանի դպրոցներից մեկը, ուր հավաքվել էին հիմնականում հանրակրթական դպրոցների տնօրեններ: Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է իր ծրագրերը կապված հանրակրթական դպրոցի, դպրոցաշինության եւ դպրոցների վերանորոգման հետ: Խոստացել է, օրինակ, թե 2-3 տարի անց չեն լինելու չվերանորոգված դպրոցներ:

Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, Քոչարյանը կրկին ասել է, թե «շատ դրական կլիներ, եթե ընդդիմությունը միասնական թեկնածու ունենար»: Նրա խոսքերով, նախագահի թեկնածու լինելը ինչ-որ կարգավիճակ է ենթադրում, «եւ չեմ կարծում, որ այդ կարգավիճակն այնպիսին է, որ քաղաքական կենսագրություն չունեցող կամ ընդհանրապես չճանաչված մարդիկ կարող են այդ կարգավիճակը գնել 5 մլն դրամ գրավի գնով»:

Բազմաթեկնածու ընտրությունների երեւույթը, Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, «նախագահի ինստիտուտն է ինչ-որ տեղ նվաստեցնում, վարկաբեկում»:

Հանդիպումից հետո թիվ 80 դպրոցի տնօրեն Ռիտա Արսենյանը ասաց. - «Շատ բարձր տրամադրությամբ ենք գնում այստեղից եւ կոլեկտիվներին մեկ անգամ եւս համոզելու ենք, որ ավելի արժանավորը չկա»:

Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպում ունեցավ նաեւ Ավանի բնակիչների հետ:


Շաքե Ավոյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG