Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների դեսպանը դատապարտում է Արտաշատի միջադեպը


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը այսօր հրավիրած ասուլիսում դատապարտեց երեկ Արտաշատում տեղի ունեցած միջադեպը, երբ բռնարարքներ էին գործադրվել նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի կողմնակիցներից մի քանիսի նկատմամբ, իսկ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տեղափոխվել էր հիվանդանոց ու ենթարկվել վիրահատության:

«Իհարկե, մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած բռնարարք, որ տեղի է ունենում այս նախընտրական շրջանում: Նման դեպքերը ընդհանուր առմամբ ստվեր են գցում նախընտրական գործընթացի վրա»,- ասաց Ջոն Օրդուեյը:

Դեսպանի խոսքերով, սա հենց կոնկրետ այն դեպքն է, երբ իշխանությունների կողմից պահանջվում է արագորեն ուսումնասիրել, թե իրականում ինչ է կատարվել, եւ, եթե անհրաժեշտություն կա, որոշակի միջոցառումներ ձեռնարկել ապագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ. - «Ես կոչ կանեի [իշխանություններին], որ դա արվեր հնարավորինս արագ եւ արդյունավետ»:

Ընդգծելով, որ ընտրության արդյունքը, անշուշտ, կարեւոր է երկրի ապագայի համար, դեսպանը շեշտադրեց, որ եթե ոչ առավել, ապա նույնքան կարեւոր է, թե ինչպես կանցնի այդ ընտրությունը: Օրդուեյը նշեց, որ նախընտրական շրջանում կատարվող խախտումների մասին հայտարարությունները մտահոգություն են պատճառում:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները, որ կոչված են երաշխավորելու օրենքի կիրակումը, արագ եւ լիարժեք կերպով կուսումնասիրեն այդ մեղադրական պնդումները, անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն ուղղիչ միջոցառումներ եւ արդյունավետ քայլեր, որպեսզի ընտրարշավն անցնի Հայաստանի օրենքների շրջանակներում», - ասաց նա:

Վերջին շրջանում ԱՄՆ-ի դեսպանը առանձին-առանձին հանդիպել է համարյա բոլոր թեկնածուներին, ծանոթ է խախտումների մասին արված հայտարարություններին: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ազդեցություն կունենան դրանք առաջիկա ընտրությունների վրա եւ արդյոք կարելի՞ է հուսալ, որ դրանք արդար կանցնեն, Ջոն Օրդուեյը ասաց, թե ենթադրություններ անելը դեռ վաղաժամ է՝ ավելացնելով, այդուհանդերձ, որ ամենակարեւորն այն է, թե ինչպես կանցնի բուն քվեարկությունը:

«Իհարկե, մտահոգիչ է, որ եղել են բազմաթիվ մեղադրական պնդումներ կեղծիքների եւ խախտումների մասին, եւ, բնականաբար, դրանք իսկապես կարող են որոշակի ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, բայց հնարավոր է եւ շատ ցանկալի է, որ ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին», - ասաց նա:

Իսկ եթե միջազգային դիտորդները եզրակացնեն, որ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, ապա, դեսպանի խոսքերով, նման (կեղծիքներով անցկացված) ընտրությունների ամենալուրջ հետեւանքներն ու առաջնային պատասխանատվությունը կընկնի հայ ժողովրդի ու Հայաստանի իշխանությունների վրա: Եթե ընտրությունների արդյունքում օրինական ճանապարհով նախագահ չընտրվի, Հայաստանի համար կլինեն մի շարք կորսված հնարավորություններ թե' ժողովրդավարության զարգացման, թե' տնտեսության զարգացումը խթանելու, թե' տարածաշրջանում անվտանգություն հաստատելու առումով:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների վերաբերմունքին, ապա դեսպանի խոսքերով, Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու համար ԱՄՆ-ն երկարատեւ հանձնառություն ունի: Այդուհանդերձ, հաշվի առնելով, թե օրինական ինչպիսի գործընթացում կընտրվի Հայաստանի նախագահը, դա իհարկե որոշակի ազդեցություն կունենա ԱՄՆ - Հայաստան հետագա համագործակցության որակի վրա:

Դեսպանի հրապարակած հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ը չի սատարել կամ ըննդդիմացել որեւէ թեկնածության եւ չի պատրաստվում դա անել: ԱՄՆ-ի ջանքերը միտված են երաշխավորելու, որ ընտրությունն անցկացվի ժողովրդավարական միջազգային չափանիշներին համապատասխան, որ այն լինի ազատ, արդար եւ թափանցիկ. - «Եթե Հայաստանում ընտրությունը համապատասխանի այդ չափանիշներին, ապա թե' հայ ժողովուրդը, թե' միջազգային հանրությունը հաղթող ճանաչված նախագահին կսատարի այնպիսի կարեւոր նպատակների իրագործման հարցում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նման ընտրությունը նաեւ ազդեցիկ օրինակ կհանդիսանա ընթացիկ եւ հաջորդ տարվա ընթացքում տարածաշրջանում անցկացվելիք այլ ընտրությունների համար»:

Ջոն Օրդուեյի հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին խրախուսում է կարեւոր մի քայլ կատարել եւ յուրաքանյուր ընտրական տեղամասի արդյունքները արագ եւ ամփոփ կերպով տրամադրել հանրությանը: Մի քանի օր առաջ այսպիսի առաջարկ էր արել նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG