Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի օրը հայ-ռուսական միջկառավարական հանձնախմբի 5-րդ նիստի շրջանակներում ստորագրված պայմանագրի համաձայն, Մեծամորի ատոմակայանի ֆինանսական հոսքերի տնօրինումը փոխանցվեց Ռուսաստանին:

«Ուզում եմ գոհունակությամբ ասել, որ Հայկական ԱԷԿ-ի անխափան աշխատանքի հարցի հետ կապված երկար ու աշխույժ բանակցությունները հաջողությամբ պսակվեցին», - նիստի ավարտին հրավիրված ասուլիսում ասաց հանձնախմբի համանախագահ, Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը՝ ավելացնելով, թե հարցի լուծման ֆինանսական սխեմաները գտնված են: - «Ռուսական կողմից մասնակցելու են Ատոմային էներգետիկայի նախարարությունը, ՌԱՈ ԵԷՍ-ը, միջուկային վառելիք մատակարարող «Թվել» ընկերությունը։ Այս պահից մենք այլեւս չենք հիշի միջուկային վառելիքով ատոմակայանի բեռնման պրոբլեմները», - վստահեցրեց ռուս նախարարը։

Հունվարի 2-ին ատոմակայանը էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի տակ հարկադրաբար վերագործարկվեց՝ առանց թարմ միջուկային վառելիքով բեռնման։ Ու, կարելի է ասել, ռուսական կողմի ճնշումները հաջողությամբ պսակվեցին. ամենաէժան էներգիա արտադրող կայանը, փաստորեն, վերցվեց իրենց պետական ընկերությունների վերահսկողության տակ։ Դրա դիմաց դուրս են գրվում միջուկային վառելիքի դիմաց ատոմակայանի կուտակած պարտքերը՝ շուրջ 40 միլիոն դոլար։

Ռուս լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ Ռուսաստանը չի սեփականում հայկական ատոմակայանը, Կլեբանովն պատասխանեց, թե համաձայն Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման միջազգային կոնվենցիայի որեւէ երկիր իրավունք չունի այլ երկրի տարածքում ատոմակայան ունենալ: Նույն պայմանագրի համաձայն, Հայաստանն էլ իրավունք չունի մասնավորեցնել այն։

Հայ-ռուսական միջկառավարական հանձնախմբի 5-րդ նիստի արդյունքներն ամփոփող ասուլիսում տեղեկացվեց, որ կողմերը երկու փաստաթուղթ են ստորագրել՝ մեկը վերաբերում է սպորտի բնագավառում համագործակցությանը, երկրորդը՝ անցած նիստի արձանագրությունն է։

Հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի խոսքերով, նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կողմերը 50-ից ավելի համաձայնագրեր են կնքել:

Ռուս նախարարի մատուցմամբ, հանձնախմբի այսօրվա նիստում որոշվել է ստեղծել ներդրումային հանձնախումբ, որը պետք է զբաղվի Հայաստանում կատարվելիք ռուսական ներդրումներով։ «Մինչեւ ապրիլ ամիս Երեւանում կկայանա հայ-ռուսական ներդրումային համաժողով», ասաց նա։

Իսկ այսօր ստորագրված փաստաթղթերից Իլյա Կլեբանովը առանձնացրեց Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազան համատեղ շահագործելու վերաբերյալ համաձայնագիրը։

Պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների վերագործարկման ծրագրերի կապակցությամբ ռուս նախարարը ասաց, թե ինքը չի կասկածում հայ գիտնականների եւ ինժեներների կարողությունների վրա, ու այդ ձեռնարկությունները վերամասնագիտանալու են բարձր տեխնոլոգիաների հիմքի վրա։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG