Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի եւ Արամ Կարապետյանի՝ երեքշաբթի տարբեր ժամերի ծրագրված հանդիպումները Արտաշատ քաղաքի ընտրողների հետ խափանվել են մի խումբ մարդկանց կողմից: Վիրավորվել ու հիվանդանոց է տեղափոխվել «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Արամ Կարապետյանի թեկնածությունն առաջադրած «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի անդամ, 39-ամյա Հայկ Բաբուխանյանը «կրծքավանդակի ձախ կեսի ծակած չթափանցող վերքով» տեղափոխվել ու վիրահատվել է Երեւանում: Վիրահատությունը հաջող է անցել եւ Բաբուխանյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Արամ Կարապետյանի մարզային շտաբի պետ Հրայր Խաչատրյանը, շուրջ 40-50 «խմած-հարբած» մարդիկ սկսել են խանգարել, երբ Արտաշատի թատրոնի մոտ իրենք փորձել ենք հավաքված մոտ հազար մարդկանց նախապատրաստել Արամ Կարապետյանի հետ հանդիպմանը:

«Խոսելու ժամանակ սկսվեցին հայհոյանքները, գոռալը, սուլոցները... արդեն շրջապատել էին մեզ եւ հարձակվելու ժամանակ Բաբուխանյանը կրակեց օդ», - իրադարձությունների ընթացքը ներկայացրեց Խաչատրյանը: - «Որից հետո սկսվեց ջարդը: Ամեն մեկիս վրա 10-15 հոգի հարձակվեցին եւ ծեծում էին»:

«Ինձ խփել են երկաթի կտորով, հետո՝ դանակով ձեռքիս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բաբուխանյանի թիկնապահ-վարորդ Վահան Ղազարյանը, ում գլուխն ու ձեռքը վիրակապած էին: - «Նրանք հայհոյելով, սուլոցներով խանգարեցին Հայկ Բաբուխանյանի ելույթին»:

Ղազարյանը հարձակվողներին չէր ճանաչում, ասաց, որ ծեծելիս միայն հայհոյում էին: «Դանակը տեսել եմ, բայց դանակահարելու պահը չեմ տեսել», - շարունակեց նա: - «Դանակը խլել եմ իրենց ձեռքից, ու ինձ գցել են ոտքերի տակ: Նույնը պարոն Բաբուխանյանին»:

Ղազարյանի խոսքերով, Բաբուխանյանը, ով, ի դեպ ունի զենք կրելու իրավունք, միայն մեկ անգամ է օդ կրակել՝ զգուշացնելու նպատակով, երբ արդեն հարձակվողները սկսել էին հայհոյել եւ հարվածել:

«Անմիջապես կապվեցի եւ իմացա, թե ովքեր են եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՍԻՄ նախագահ, ծնունդով արտաշատցի Հրանտ Խաչատրյանը: - «Հիմնականում եղել են Հովիկ Աբրահամյանի [տարածքային կառավարման նախարար] մարդիկ, այսպես ասած՝ «զինվորները»: Կազմակերպիչը եղել է «Զոռի» մականունով Աշոտը»:

Արամ Կարապտյանը կատարվածի կապակցությամբ ասաց, թե «նման ձեւով իշխանություն չեն պահում», եւ տեղեկացրեց, որ հանդիպում է խնդրել ԵԱՀԿ դիտորդների հետ: Նրա կենտրոնական շտաբը երեկոյան հայտարարություն է տարածել, որում կատարվածը գնահատելով որպես «պետական ահաբեկչության դրսեւորում», պահանջում է «սեղմ ժամկետներում բացահայտել այդ աննախադեպ ոճրագործությունը եւ խստագույնս պատժել կազմակերպիչներին եւ կատարողներին»:

Նույն Արտաշատում այսօր ավելի վաղ փորձ է արվել խափանել նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հանդիպումը տեղի ընտրողների հետ: Դեռեւս մինչեւ Արտաշատ մեկնելը Մանուկյանի կենտրոնական շտաբում լուր էր ստացվել, թե արգելվել է այսօր Վերին Արտաշատ գյուղում ծրագրված հանրահավաքը:

«Ասում էին՝ մենք չենք թողնելու միտինգ կայանա», - Արտաշատ քաղաքում «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վերին Արտաշատի մի բնակիչ: - «Ընդհանրապես չեն ուզում, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկը գա, այնտեղ միտինգ անի... Ասում են՝ մենք այդպիսի հրաման ենք ստացել»:

Հանրահավաքին ներկա ոստիկանության ներկայացուցիչները սոսկ դիտորդի կարգավիճակում էին եւ որեւէ ձեւով չփորձեցին անգամ կարգի հրավիրել խանգարողներին: Իսկ վերջիններս հենց հանրահավաքի սկզբից գոռգոռում էին, թե «Քոչարյանի մաֆիան ա, ոչ մեկին էլ չենք ընտրելու»:

«Իշխանությունը խուճապի մեջ է, դրա համար այսպիսի ձեւերի է դիմում», - հարթակից ասաց Վագեն Մանուկյանը:

Արտաշատի բնակիչներից շատերը դատապարտում էին խուլիգաններին: «Ես սարսափելի զայրացած եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի կին՝ համոզմունք հայտնելով, որ գործողությունը կազմակերպված էր:

Վազգեն Մանուկյանին այսօր ուղեկցող ԿԸՀ անդամ Պավել Եդիգարյանը վաղը կատարվածի մասին զեկուցելու է հանձնաժողովին: «Ուղղակի խայտառակություն է, ինչ որ այսօր կատարվում է հանրապետությունում... Իշխանությունները ամեն խոչընդոտ գործադրում են, որպեսզի հավասար պայմաններ չապահովվեն նախագահի թեկնածուների համար»:

Եդիգարյանը ասաց, որ անձամբ մոտեցել է Ղազարյան ազգանունով ոստիկանության մի փոխգնդապետի եւ խնդրել, որպեսզի միջամտեն: Եվ պատասխան է ստացել, թե այդ մարդիկ սոսկ իրենց կարծիքն են արտահայտում:

Կատարվածի կապակցությամբ այսօր տարածվել են նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հայտարարությունները: «Խստորեն դատապարտում եմ քարոզարշավը հայհոյակռվի, ձեռնամարտի ու բռնության վերածելու ցանկացած փորձ եւ համարում անընդունելի», - ասված է գործող նախագահի հայտարարության մեջ: - «Իրավապահ մարմիններին հանձնարարված է քննել միջադեպի բոլոր հանգամանքները եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան եւ Գայանե Դանիելյան, Արտաշատ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG