Մատչելիության հղումներ

Բուշի վարչակազմը առաջարկում է էապես կրճատել Հայաստանին հատկացվելիք օգնությունը


Երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների կոնգրեսին ներկայացված 2004 թվականի բյուջեի նախագիծը առաջարկում է Հայաստանին հատկացնել ընդամենը 49,5 միլիոն դոլար: Անցած տարի Հայաստանին հատկացվել էր 90 միլիոն դոլար եւ այդքան էլ, ըստ երեւույթին, կհատկացվի այս տարի: Ադրբեջանին առաջարկվում է 2004-ին հատկացնել 41,5 միլիոն դոլար, Վրաստանին՝ 75 միլիոն:

Վրաստանին նաեւ շատ ավելի մեծ ռազմական օգնություն է առաջարկվում՝ 10 միլիոն, մինչդեռ Հայաստանին ու Ադրբեջանին` 2,5 միլիոնական դոլար: Ճիշտ է, Հայաստանն ու Ադրբեջանը 900 հազարական դոլար էլ կստանան ռազմական ուսուցման համար, բայց այստեղ եւս Վրաստանը առջեւում է՝ 1 միլիոն 300 հազար դոլար:

2004 թվականին առաջարկվում է կրճատել շատ երկրներին տրվելիք օգնությունը, բայց Հայաստանից ավելի խիստ կրճատում նախկին խորհրդային հանրապետություններից առաջարկվում է միայն Ռուսաստանի նկատմամբ: Հաջորդ տարի Ռուսաստանին տրվելիք օգնությունը առաջարկվում է կրճատել ավելի քան երկու անգամ՝ 54 տոկոսով: Հայաստանի դեպքում նվազումն այս տարվա համեմատ մոտ 45 տոկոս կկազմի:


ԱՊՀ-ում կան նաեւ երկրներ, որոնց տրվելիք օգնությունն առաջարկվում է ավելացնել՝ Ուզբեկստանը, Ղըրղզստանը, Տաջիկստանը եւ անգամ Թուրքմենստանը: Ակնհայտ է, որ «պարգեւատրվել են» այն պետությունները, որոնք աջակցել են Միացյալ Նահանգներին ահաբեկչության դեմ պայքարում:

Դա չի թաքցնում նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Քրիստոֆեր Բըրնհեմը: «Կասկած չկա, որ այս բյուջեն կազմվել է ահաբեկչության դեմ պատերազմը շահելու՝ նախագահի մտադրությանը համահունչ: Եվ թվերն էլ հենց դա են արտացոլում», - ասել է ամերիկացի դիվանագետը:

Սովորաբար հայկական լոբբիին հաջողվում է բարձրացնել Հայաստանին հատկացվող գումարը: Ընթացիկ տարվա համար Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկել էր Հայաստանին հատկացնել 70 միլիոն դոլար: Լոբբիստական ջանքերի շնորհիվ Սենատը համաձայնել է հատկացնել 90 միլիոն, Ներկայացուցիչների պալատը՝ մոտ 84,5 միլիոն: Ընդ որում, 23 կոնգրեսականներ անցած շաբաթ դիմել են ստորին պալատի համապատասխան հանձնաժողովի նախագահին՝ հորդորելով ընդունել սենատի առաջարկած թիվը: Վերջնական որոշումը կկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում եւ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը այս տարի կստանա 90 միլիոն դոլար:

Հայկական կազմակերպություններն արդեն տագնապ են հնչեցնում: Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի ղեկավար Փիթեր Վոսբիկյանը փաստում է, որ իրենց կազմակերպությունը խորապես հիասթափված է Բուշի վարչակազմի կողմից Հայաստանին առաջարկվող գումարի ծավալից:

Ավելի խիստ գնահատական է տվել հայկական հարցերով զբաղվող կոնգրեսականների խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը: «Հայաստանին հատկացվելից օգնության այս աննախադեպ կրճատումը վկայում է, որ Բուշի վարչակազմը քիչ նշանակություն է տալիս Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ զարգացող հարաբերություններին», - ասել է նա:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հույս է հայտնել, որ լոբբիստական աշխատանքի շնորհիվ կհաջողվի էապես ավելացնել 2004 թվականին Հայաստանին հատկացվելիք օգնությունը: Նա հիշեցրել է, որ Բիլ Քլինթոնի վարչակազմն էլ առաջարկում էր Հայաստանին հատկացնել 40-45 միլիոն դոլար, սակայն Կոնգրեսի հաստատած գումարը շատ ավելի մեծ էր:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG