Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով


Անկախացումից ի վեր Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ հերթական նստաշրջանը չբացվեց նախատեսված օրը: Սահմանադրության ընդունումից ի վեր առաջին անգամ հերթական նստաշրջանը չսկսվեց երկրի հիմնական օրենքով ամրագրված օրը՝ փետրվարի առաջին երկուշաբթի: Քվորում հավաքելու համար սահմանված առավելագույն երեք ժամը լրանալուց հետո Ազգային Ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանը հայտարարեց, որ նիստը չի կայանա: Գրանցվել էր 46 պատգամավոր՝ հիմնականում ընդդիմադիր կամ անկախ, իսկ անհրաժեշտ էր առնվազն 66 պատգամավորի ներկայություն:

Դատելով Ազգային ժողով եկած պատգամավորների մեկնաբանություններից, մինչեւ նախագահի ընտրություն՝ դժվար էլ գումարվի: Խորհրդարանի կանոնակարգի կետը, ըստ որի նիստն իրավազոր է, երբ ներկա է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, փաստորեն, գերակայեց Սահմանադրության նորմին:

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը՝ դիմելով Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանին, հայտարարեց, թե «Միասնություն» խմբակցությունն է հատուկ ծրագրված կերպով բոյկոտում գարնանային նստաշրջանը՝ մինչեւ նախագահական ընտրություններ:

Սադոյանը մեղադրեց նաեւ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով, Սադոյանի խոսքերով, ներկա էր միայն հաշվառելու համար, թե խմբակցության անդամներից ով չի կատարում իր կարգադրությունը: Գալուստը Սահակյանը անմիջապես հերքեց դա:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Միասնություն» խմբակցության անդամ Վիկտոր Դալլաքյանը խիստ բացասաբար գնահատեց նստաշրջանը չսկսվելու փաստը՝ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցելով նաեւ, թե նիստը բոյկոտելու մասին որոշում խմբակցությունը չի կայացվել եւ ներքին պայմանավորվածություն էլ չի եղել:

Եռօրյաների երեքշաբթին պատգամավորների հայտարարությունների, իսկ չորեքշաբթին՝ կառավարության հետ հարց ու պատասխանի օրն է, եւ կա տեսակետ, որ ընդդիմությանը քարոզարշավի լրացուցիչ ամբիոն չտրամադրելու ցանկությամբ է թելադրված այս իրողությունը:

Ընդդիմադիր պատգամավոր Մանուկ Գասպարյանը պնդմամբ, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը անցած հինգշաբթի հեռուստատեսությամբ կարծիք հայտնելով, թե մինչեւ ընտրությունների ավարտը նիստեր տեղի չեն ունենա՝ քվորումի բացակայության պատճառով, «հասկացրեց, որ երկուշաբթի օրը մի եկեք»:

Եթե նստաշրջանը գումարվեր, օրակարգի հաստատումից հետո առաջնահերթության կարգով քննարկվելու էր նախագահի վետոն. դեկտեմբերին նախագահը չէր ստորագրել եւ առարկություն֊առաջարկությամբ հետ էր վերադարձրել «Կենսաթոշակների մասին» օրենքը: Առաջարկը, փաստորեն, երկու հարյուր անգամ իջեցնող ինդեքսացիա է սահմանում մինչեւ 1993 թվականի դրամափոխությունն արված կենսաթոշակային մուծումների վրա: Չնայած այն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասել էր, որ առանց այդ էլ նման կարգը գործում է, ամեն դեպքում, դեկտեմբերյան արտահերթ նստաշրջանի օրակարգից նախագահը հետ էր կանչել իր այս առաջարկությունը՝ թերեւս զգալով, որ ընտրություններից առաջ դրա քննարկումն իր համար շահեկան չէ:

Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Հայկոմկուսի ղեկավար անդամ Գագիկ Թադեւոսյանն այս առիթով «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հանձնաժողովում միաձայն բացասական եզրակացություն տրվեց եւ առաջարկվեց խնդրել, որպեսզի հանրապետության նախագահը հետ վերցնի»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG