Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը գործող նախագահին կոչ է անում հրապարակավ հայտարարել, թե ընտրություններից հետո «ոչ մի ընտրող տույժ չի կրի»


Նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահի Վազգեն Մանուկյանը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել եւ առաջարկել, որ Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես գա ու հայտարարի, որ անկախ ընտրության արդյունքից, ոչ մի ընտրող ոչ մի տույժ չի կրի:

«Կամ ինքը (Ռոբերտ Քոչարյանը) դա պետք է ասի, կամ ինքը պետք է խոստավանի, որ ինքը այդ գործը անում է», - Սեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺՄ նախագահը:

Հայտարարությունը հետեւեց հանդիպման ժամանակ մի գրության ընթերցմանը, որի հեղինակը գրել էր, թե իրեն «պատի ժամացույց են նվիրել, որ Քոչարյանին ընտրեմ, բայց չեմ ընտրելու», մարդկանց վառելափայտ են բերել՝ նորից գործող նախագահին ընտրելու պայմանով: Առհասարակ մարդիկ մտահոգություններ հայտնեցին, թե հիմնարկների պետերը, գյուղապետերը, մյուս ավելի բարձրաստիճան պաշտոնյաները ասում են, որ պետք է Քոչարյանին ընտրել, այլապես գործից կզրկվեն:

«Դա կկուի պատմությունն է», - ասաց Վազգեն Մանուկյանը. - «թե կգամ, ծառդ կկտրեմ, կկու, ձագդ գցի ինձ: Ու մենք ամեն անգամ մեր ձագը գցում ենք»:

Վահան գյուղում, որը Ադրբեջանից բաժանված է մեկ բլրով միայն եւ որի բնակիչներից 16 մարդ է զոհվել սահմանամերձ կռիվներում, Վազգեն Մանուկյանը ծաղիկներ դրեց զոհվածների հուշակոթողին՝ միանգամից շահելով վահանցիների համակրանքը:

Գյուղի բնակիչ Ապրեսյան Ջավադը, ով որդի է կորցրել այդ մարտերում, դժգոհեց, թե երկու օր առաջ Կարկիր եկած նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ չի համարել «պսակ դնել մեր երեխաների վրա»: «Այսօր մենք շատ ուրախ ենք, որ Վազգեն Մանուկյանը մեր երեխաների վրա պսակ է դնում», - ասաց նա:

Ճամբարակ գյուղում հանդիպման եկած գյուղացիների կարծիքները տարբեր էին: «Ազատություն» ռադիոկայանի անցկացրած փոքրիկ հարցմամբ պարզվեց, որ կան ինչպես ընդդիմադիր թեկնածուների Վազգեն Մանուկյանի եւ Ստեփան Դեմիրճյանի, այնպես էլ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ:

Սեւանում չկողմնորոշված մարդիկ ավելի շատ էին: Հանդիպման եկած սեւանցիներից մեկը ասաց, թե ըննդիմադիր թեկնածուները պետք է միավորվեն. - «Իրանք եթե 10 հոգով միասին լինեն, լավ կլինի: Եթե չէ՝ հատ-հատ ջարդելը շատ հեշտ ա»:

Մարդկանց խոսքերով, եթե ընդդիմադիրները միավորվեն, ժողովրդի համար էլ կողմնորոշվելը հեշտ կլինի:

«Կուսակցությունները ձեզանից խելոք չեն», - նման հարցադրումներին պատասխանեց Վազգեն Մանուկյանը: - «Դուք պետք է որոշեք՝ ում կուզենայիք տեսնել միասնական թեկնածու ընդդիմության մեջ»:


Հրաչ Մելքումյան, Գեղարքունիքի մարզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG