Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի Էրեբունի համայնքում Ռոբերտ Քոչարյանին հարթակից աջակցություն հայտնողների շարքում այս անգամ նաեւ կոմկուսի ներկայացուցիչ կար: Թաղապետարանի արհմիության նախագահ, կոմունիստ Ջուլիետա Ստեփանյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին է ընտրելու, իսկ Աջափնյակի հավաքին դաշնակից կուսակցությունների դրոշներին ավելացել էր նախկին ԽՍՀՄ կարմիր մեկ դրոշ՝ մուրճ ու մանգաղով:

«Այդ ծրագիրը միայն նախագահ Քոչարյանի ծրագիրը չէ», - Էրեբունիում, իր նախընտրական ծրագրի մասին խոսելիս, հայտարարեց գործող նախագահը: - «Նաեւ այն քաղաքական թիմի ծրագիրն է, որն աջակցում է նախագահ Քոչարյանին... Այսօր, ըստ էության, ես 12 թե 13 կուսակցության միասնական թեկնածուն եմ»:

«Ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուի հարցը հայոց հարցն էր դառել», - շարունակեց Քոչարյանը: - «Մեկ տարուց ավելի անընդհատ դրա մասին ենք խոսում եւ ուղղակի անհամբեր սպասում ենք, որ, ի վերջո, այդ միասնական թեկնածուի հարցը լուծվի: Իսկապես ես ցանկանում եմ, որ լուծվի այդ հարցը»:

Մշակույթի գործիչներից ելույթ ունեցավ հրապարակի Արգիշտի արձանի հեղինակ Լեւոն Թոքմաջյանը, որը թեկնածուին ներկայացրեց նաեւ որպես խաղաղության երաշխիք՝ ասելով, թե երբ կերտվում են հերոսների արձանները, ուրեմն խաղաղություն է:

Աջափնյակ համայնքում նախագահի թեկնածուին դիմավորեցին դհոլ֊զուռնայով, «Բերդ» պարով եւ հանրահավաքի ընթացքում բազմիցս հնչած «փետրվարի 19-ին բոլորս միասին ընտրեք Ռոբերտ Քոչարյանին» հայտարարությամբ:

Աջափնյակի հավաքի ժամանակ հարթակից հեռացավ, ապա խիստ վատթարացավ թաղապետի տեղակալներից մեկը, որին քիչ անց, առանց հավաքը ընդհատելու, ինֆարկտի կասկածով հրապարակից տեղափոխեցին շտապ օգնության մեքենայով:

«Ուղղակի մեր քաղաքացիներից մեկը մի քիչ վատացել է, եւ հիմա տեղափոխում են», - այդ կապակցությամբ ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Մենք հուսով ենք, որ ընկերոջ հետ ամեն ինչ նորմալ կլինի, եւ մենք ուղղակի շարունակենք մեր հանդիպումը... Հիմա այդպես ստացվեց, ինչ անենք»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG