Մատչելիության հղումներ

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը իր դեռ աշնանը ծրագրված, սակայն Դուբրովկայի թատերական կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հետաձգված այցը Երեւան չի կապում նախագահական առաջիկա ընտրությունների հետ:

«Քաղաքական ոչ մի ենթատեքստ իմ այցը չունի», - հայտարարեց Յուրի Լուժկովը՝ ավելացնելով, թե Հայաստանի, Երեւանի հետ համագործակցելու ցանկության մեջ ինչ-որ քաղաքական նպատակներ պետք չէ որոնել: Նրա խոսքերով, այցելությունը քաղաքական բաղադրիչ ունի, բայց զերծ է անձնավորված, կոնյունկտուրային նպատակներից:

Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հրավերով երկօրյա այցով չորեքշաբթի օրը Երեւան ժամանած Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի այցը, անկախ ամեն ինչից, դիտվելու, մեկնաբանվելու է որպես Մոսկվայի աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին. Երեւանի եւ Մոսկվայի միջեւ համագործակցության փաստաթութղը, եթե հնարավոր չէր ավելի վաղ ստորագրել, ի վերջո, կարելի էր ստորագրել նախագահական ընտրություններից հետո:

Այսօրվա ընթացքում Յուրի Լուժկովը այցելեց Քանաքեռի ռուսական եկեղեցի ու մասնակցեց եկեղեցու բակում ռուս զինվորի հուշարձանի բացմանը, եղավ ռուսական զորամասում:

Մինչ այդ Կառավարության ընդունելությունների տանը Յուրի Լուժկովը եւ Ռոբերտ Նազարյանն ստորագրեցին երկու մայրաքաղաքների միջեւ 2003 - 2004 թվականների համագործակցության ծրագիրը, որը ընդգրկում է ամենատարբեր բնագավառներ՝ արդյունաբերություն, առեւտուր, գիտություն, մշակույթ եւ այլն:

Վաղը ծրագրված է են Լուժկովի հանդիպումները Հայաստանի նախագահ Քոչարյանի, վարչապետ Մարգարյանի, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Մոսկվայի քաղաքապետը կայցելի Ծիծեռնակաբերդի Ցեղասապության զոհերի հուշահամալիր, կլինի սլավոնական համալսարանում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG