Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախընտրական քարոզարշավի մեկ երրորդն արդեն հետեւում է մնացել՝ պայքարի բոլոր մասնակիցների եւ հանրության համար ակնհայտ դարձնելով գործող նախագահի նշանակալի առավելությունը իր բոլոր մրցակիցների հանդեպ», - արձանագրում է «Հայոց Աշխարհ» թերթը՝ համադրելով. - «Նախընտրական նախորդ քարոզարշավների ժամանակ նման երեւույթ չի արձանագրվել, քանզի, սովորաբար, ընտրապայքարի հենց այդ հանգրվանում իշխանությունը կորցնում էր իր քվեների մի մասը, իսկ ընդդիմությունը՝ հակառակը՝ ամրապնդում դիրքերը»: Որպես սրա պատճառ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը նախ եւ առաջ մատնանշում է այն իրողությունը, որ ընդդիմությանը չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ ու հանրությանը ներկայանալ մեկ թեկնածուով: Այս իրավիճակում «նախագահի ու նրա թիմի ամենակարեւոր խնդիրը շոշափելի առավելությունից գլխապտույտ չունենալու, զսպվածություն դրսեւորելու եւ ընտրապայքարը հանգիստ իր ավարտին հասցնելու մեջ է», - ընդգծված է այսօր «Հայոց Աշխարհ»-ում: - «Հիմնական խնդիրը այսօր ընդդիմությանը խախտումների կամ ավելի ճիշտ՝ ընտրություններում տեղ գտած թերությունների մասին փաստեր չտալու մեջ է: Հարկավոր է ցուցաբերել մեծագույն զգոնություն, զսպել բացահայտ առավելությամբ հաղթող կողմին հնարավորինս մեծ ծառայություններ մատուցելու այն անզուսպ ձգտումները, որոնք նկատվում են որոշ պաշտոնյաների ու քաղաքական ուժերի մոտ»:

«Ազգ» թերթի մեկնաբանի դիտարկումներով, ներկայիս քարոզարշավը սադիզմի մեծ չափաբաժին է պարունակում, եւ դրա «ազդեցության վերջնարդյունքը սարսափի ու հուսալքության տրամադրությունների ամրացումն է քաղաքական ընտրախավի ուշադրության կենտրոնում հայտնված մարդկանց հոգում»: «Քարոզարշավը թանձրացնում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը։ Եվ երբ, ի վերջո, ավարտվի այն ու հայտնի դառնա առաջինը եզրագիծ հասած թեկնածուն, նոր վթարներից է'լ ավելի խորդուբորդ դարձած քաղաքական դաշտում ինչպե՞ս է գոյատեւելու կուսակցական ամբոխը», - հարց է դրվում «Ազգ»-ում:

Ընդդիմադիր մամուլը ավելի լցված է ընտրական օրինախախտումների ու ընթացիկ սպառնալիքների մասին պատումներով: Սրանց կողքին «Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է եւ հետեւյալ գնահատականը Ռոբերտ Քոչարյանի կենտրոնական շտաբից. «Ընդհանուր առմամբ քարոզարշավը գնահատում ենք նորմալ... Բնական է, որ եթե թեկնածուն ասելիք չունի, ապա իր խոսքը կառուցում է ոչ թե սեփական արժեքների ու գաղափարների ներկայացմամբ, այլ հակաքարոզչությամբ, կեղծ լուրեր ու բամբասանքներ տարածելով»:

«Գործող նախագահի տեղամասային շտաբերի, հանձնաժողովների ու համայնքապետարանների աշխատակիցները տնից տուն ընկած՝ փորձում են ճշտել, թե ո՞ւմ են ձայն տալիս այդ տարածքի բնակիչները... Ըստ բազմաղբյուր տեղեկությունների, այդ մարդիկ շրջում են ընտրացուցակներով, պահանջում են անձնագիր եւ ստորագրություն՝ առ այն, որ իրենք ընտրելու են Ռոբերտ Քոչարյանին». - այս պատկերագրման ներքո «Օրրան» թերթն այսօր շեշտում է. - «Մի' ստորագրեք, մի' «հաշվառվեք», եթե նույնիսկ դուք չմասնակցեք փետրվարի 19-ի ընտրություններին, իմացե'ք, ձեր փոխարեն ուրիշները նմանակելու են ձեր ստորագրությունները: Ահա թե ինչու են դրանք նրանց պետք մինչեւ ընտրությունները: Եվ ոչ մի վարձատրության դիմաց էլ ուրիշներին պահ մի' տվեք նաեւ ձեր անձնագրերը»:

Ալբերտ Բազեյանը «Օրրան»-ի հարցազրույցում ընդգծել է. - «Յուրաքանչյուր ձայն կարեւոր է, եւ յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրություններին կանխելու է ընտրակեղծիքները: Իսկ գործող նախագահի վերընտրությունը ընտրակեղծիքների մեծ տոկոս է պահանջելու»: Ըստ Բազեյանի, ընդդիմության առաջադրած մի քանի թեկնածուներ շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն նախագահ ընտրվելու, քան Ռոբերտ Քոչարյանը՝ եթե լինեին հավասար, ազատ քաղաքական մրցակցության պայմաններ: «Կարծում եմ՝ քարոզարշավի որոշակի փուլում քննարկելով իրավիճակը՝ միասնական թեկնածուի հարցը կարող ենք լուծել», - ավելացնում է նա: - «Կհամախմբվի ընդդիմադիր դաշտը ոչ ամբողջությամբ, բայց այլընտրանքային ընդդիմության կենտրոն՝ իր հզոր ու հաղթող թեկնածուով, մենք կունենանք»:

«Այո, նախագահական ընտրությունները կարելի է բեմադրություն համարել, թեկնածուներին՝ դերակատար, բայց սա լավ ներկայացում չէ», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է Սոս Սարգսյանը։ - «Լավը չէ, որովհետեւ թույլ դերակատարներ շատ կան։ Նույնիսկ երկրորդական, երրորդական, էպիզոդիկ դերակատարումները շատերը լավ չեն խաղում», առավել եւս՝ «եթե մեկը գլխավոր դերակատար է, ուրեմն, նախ եւ առաջ, պարտավոր է ասելիք ունենալ, մեծ ու կարեւոր ասելիք»։ Այդպիսին տեսնելով Ռոբերտ Քոչարյանին, Սոս Սարգսյանը մյուսներին ուղղորդում է. - «Մենք դեռ չենք հասկացել, որ յուրաքանչյուրս իր ամպլուան գտնելու խնդիր ունի։ Եթե մեկը կոչված չէ հերոսի դեր մարմնավորելու, ապա երկրորդ, երրորդ դեր պիտի խաղա ու հասկանա, որ այդ դերերը եւս շատ կարեւոր են ընդհանուր սցենարում»:

«Առավոտ» թերթը ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հետ հարցազրույցը ներկայացնում է «Ուրիշի վրա հույս դնողը տուն չի կառուցի» վերնագրային ընդգծմամբ: Եվ Այքերն էլ զրույցի ընթացքում կրկին ու կրկին պարզաբանում է. - «Հանրությունն այնքան էլ ճիշտ չի պատկերացնում դիտորդական առաքելության նպատակը: Մենք այստեղ ենք ՀՀ կառավարության հրավերով՝ ընտրություններին հետեւելու եւ դրանց վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Մենք չենք վերահսկում ընտրությունները եւ այն ուժը չունենք, որ ստիպենք որեւէ բան փոխել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG